«Եթե նման բան անեի՝ ինձ հիմա հում-հում կերել էին․․․ Նման հայտարարություն վռազ-վռազ արել են այն մարդիկ, ովքեր պատերազմի ժամանակ պադվալներից դուրս չեն եկել». Շուշիի քաղաքապետ

Ապրիլի սկզբին Արցախի Գլխավոր դատախազությունը պաշտոնական հայտարարություն էր տարածել` նշելով, որ պաշտոնեական լիազորությունների չարաշահման հատկանիշներով քրեական գործ է հարուցել Շուշիի համայնքի ղեկավար Արծվիկ Սարգսյանի նկատմամբ՝ պետական աջակցության շահառուների ցուցակներում ակնհայտ կեղծ տեղեկություններով թվով 7 քաղաքացիների տվյալներ ներառելու դեպքի կապակցությամբ:

Սակայն մինչ օրս Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի ղեկավար Արծվիկ Սարգսյանին իրավապահ մարմիններն իր դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում չեն կանչել, որևէ հարց չեն տվել։

168.amի հետ զրույցում Արծվիկ Սարգսյանն ասաց, որ ինքն է իրավապահներից հետաքրքրվում, թե այդ գործն ի՞նչ եղավ, ինչո՞ւ իրեն չեն կանչում, ինչո՞ւ քննություն չեն իրականացնում։

«Կարծես թե նրանք ոչինչ չեն պարզել, դրա համար ձեն-ձուն չկա։ Գործն ուղարկել են քննչական վարչություն, բայց որևէ նորություն չկա։ Այդ 7 հոգու մասին որ խոսում են, պարզել եմ՝ իրականում ինչ է եղել։ Ուրեմն՝ 3 հոգի երկրորդ կարգի հաշմանդամ էին, նրանց իրենց հարազատները տեղափոխել են Ստեփանակերտ։ Հանձնաժողովը որոշել է, որ այդ բնակիչներին պետք է համարի ծրագրի շահառու, որովհետև հնարավոր չէ, որ նրանք հաշմանդամության այդ կարգով մենակ ապրեին։  Հոդվածներ են հրապարակել, թե իբր ես իմ պաշտոնեական լիազորությունները չարաշահել եմ, գումար եմ շորթել և այլն, այդ ամենն իրականությանը չի համապատասխանում»,- նշեց Արծվիկ Սարգսյանը։

Նա սպասում է, որպեսզի իրավապահներն իրենց անելիքներն ավարտեն, որից հետո ինքն էլ իր անելիքը կանի, քանի որ արատավորել են իր բարի համբավը։

«Սա մի հասարակ, փոքր մարդու անվան հետ չեն խաղացել, կորած մարդ չեմ, որ ինձ որևէ մեկը չճանաչի, այս ամենը կատարվում է Շուշիի քաղաքապետի հետ, ով շատ բաներ է արել։ Մարդիկ ինձ ճանաչում են, և նման հայտարարությամբ իմ համբավն են արատավորում, դրա համար պետք է հերքում տարածեն, որպեսզի կարողանան իրենց արածի տակից դուրս գան։ Ինքս գումար չեմ շորթել, ոչ էլ լիազորություններս եմ չարաշահել, եթե նման բան անեի՝ ինձ հիմա հում-հում կերել էին։ 44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիում մեկ խաղաղ բնակիչ չի զոհվել, օրեր շարունակ ես իմ անելիքն արել եմ։ Նման հայտարարություն վռազ-վռազ արել են այն մարդիկ, ովքեր պատերազմի ժամանակ պադվալներից դուրս չեն եկել։ Եթե նրանք դուրս գային, տեսնեին իմ արածները, ռիսկ չէին անի նման հայտարարություն տարածել»,- եզրափակեց Արծվիկ Սարգսյանը։

Տեսանյութեր

Լրահոս