«Փաշինյանը երևի փոքրուց մեծ վիրավորանք է տարել և այդ ամենը գցում է ժողովրդի վրա». հարցումներ Երևանում

44-օրյա պատերազմի ավարտից ավելի քան 5 ամիս անց, երբ դեռ անհայտ է զոհերի թիվը, կան անհետ կորածներ ու գերիներ, Նիկոլ Փաշինյանը և իր թիմն ակտիվորեն խոսում են հունիսի 20-ին հնարավոր արտահերթ ընտրությունների մասին, իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, թե առաջիկա օրերին նա կներկայացնի հրաժարական, ու կգնան ընտրությունների:  Առանց ընտրարշավի մեկնարկի հայտարարության՝ Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները մի մարզից մյուսն են գնում, քարոզչություն են անում, բնակիչներին տալիս նախընտրական զանազան խոստումներ՝ սկսած նոր ասֆալտ ունենալու հույսից, մինչև հունիսի 20-ին քաղաքացիների կողմից ինչ-որ մարդկանց դատելու մասին:

168.amի հետ զրույցում Երևանի բնակիչները երկրում առկա վիճակը որակում էին «շատ վատ», «ծանր», քաղաքացիների մի մասը ասում էր, թե պետք չեն այժմ ընտրություններ, ոմանք նշում էին, թե եթե երրորդ ուժ չլինի, ապա ստիպված ընտրելու են գործող իշխանություններին, մյուսներն էլ ասում էին, որ Հայաստանն ապագա կունենա առանց Նիկոլ Փաշինյանի:

«Շատ վատ… Լուծումը պետք է կառավարությունը տար, անդամները, բայց իրենք չեն տալիս, ուստի մենք ինքներս պետք է լուծում գտնենք: Ի՞նչն է մնում, դուրս գալ Հայաստանից»,- երկրի վիճակի մասին նման կերպ ասաց քաղաքացիներից մեկը:

«Ծանր եմ տանում այս իրավիճակը: Մեկ-մեկ էլ ասում եմ՝ ամաչում եմ, որ հայ եմ: Էս ի՞նչ ա կատարվում, անհարմար ա, չէ՞: Ի՞նչ ենք ուզում իրարից, պատմությունից խրատ չեղա՞վ: Հիմա ի՞նչ աթոռակռիվ ա: Թող մարդավարի վարվեն, իրար օգնեն, իրար թիկունք կանգնեն, որ հայը, հայությունը վերականգնվի: Խայտառակ եղանք աշխարհով մեկ: Ինչո՞ւ, ո՞ր մեղքներիս համար: Մենք՝ սովորական մահկանացուներս, ինչո՞վ ենք մեղավոր, որ էսպիսի բաներ են անում: Ամոթ ա, ամոթ ա մեզ, ամոթ ա հայ ազգին: Էսքան հանրահայտ մարդիկ ունենք և էսքան էժան մարդիկ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց մեկ այլ աղաքացի:

Հարցին, թե ինչպես է վերաբերվում գործող իշխանության գործելաոճին, քաղաքացին արձագանքեց.

«Շատ անհանգիստ եմ մեր ապագայի համար, մեր վաղվա օրվա համար»: Քաղաքացին հավելեց, թե իրեն բոլորովին դուր չի գալիս իշխանության գործելաոճը:

«Պիտի փոխվի էս իշխանությունը: Միայն էդ դեպքում մենք կարող ենք վաղվա հետ կապված ինչ-որ հույսեր ունենալ՝ լավ օրվա»,- ասաց նա:

«Ճիշտ ա, ես դժգոհ չեմ Փաշինյանից, բայց համենայնդեպս թույլ ղեկավար ա, չի ձեռնարկում էն, ինչ որ պետք ա անել»,- ասաց մեկ այլ քաղաքացի:

Հնարավոր արտահերթ ընտրությունների մասին խոսելով՝ քաղաքացիներից մեկն ասաց, թե նոր ուժ է ուզում տեսնել իշխանության ղեկին.

«Ես նոր ուժ եմ ուզում, նոր ուժ, որ ռեալ կարող է: Հնի մասին խոսք լինել չի կարող, նորերն էլ չեն կարողանում: Կարող ա թեորեապես զարգացած են, ուսյալ են, գիտեն օրենքներ ստեղծել, բայց այն, որ իրենք պրակտիկորեն թույլ են, դա ապացուցեց էս վերջին երեք տարին: Չկարողացան»:

Մեր մեկ այլ զրուցակից էլ, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հանրությունը պատրաստ է ընտրությունների գնալ, ասաց.

«Կարծում եմ՝ ոչ: Յուրաքանչյուրը, երբ իր գործը չի անում և ժամանակին ու ճիշտ չի անում, և պրոֆեսիոնալիզմ չկա, երկրի վիճակը հանգում է այս վիճակին: Ունենք այն, ինչ ունենք… Ո՞ւմ ընտրեցինք երկրի ղեկավար: Ցույց տվեք մի քաղաքակիրթ երկիր, որ այս տեսակ ընտրություն են անում: Մենք չենք սիրել և չենք սիրում բարեկիրթ և կրթված մարդկանց: Սա իմ տեսակետն է: Դժբախտաբար: Նախանձում ենք, չարանում ենք, ուզում ենք այնպիսի մարդկանց հետ համեմատվել, որ մենք կայացած մեզ զգանք: Բայց այդպես չի լինում, չէ՞: Այս պարզ ճշմարտությունն է այդ հանգեցնում մնացած բաներին»:

«Չեմ գնալու, որովհետև չեմ հավատում: Որովհետև ամենամեծ խախտում անողը ինքն է՝ Նիկոլ Փաշինյանը: Հետադարձ հայացք որ գցենք, կտեսնենք, թե նա ինչեր էր անում: Պարզապես մարդիկ մոռացել են: Եվ մնացել են Հայաստանում շատ հարուստներ, միջին խավը, որ հասկանում է՝  դա շատ քիչ է, և շատ աղքատներ են մնացել, որ ոչինչ չեն հասկանում, իրենց ինչ ասում են՝ ընդունում են: Շատ դժգոհ եմ: Մի տարի ու կես ա, եկել եմ Հայաստան, շատ փոշմանել եմ: Երեխաներս դրսում են, երեխաներս Ռուսաստանի քաղաքացի են, ուստի, երևի ամենաճիշտ որոշումը դա է, դուրս գալը… Լավ կլիներ, որ ինքը հոժարակամ հրաժարական տար: Մեղք է ժողովուրդը: Ինչքա՞ն է  մնացել, 1 միլիոն էլ չի մնացել, ի՞նչ է ուզում ժողովրդից: Ինքը փորքուց, երևի, որպես նախկին մանկավարժ եմ ասում, շատ մեծ վիրավորանք է տարել, և դա, այդ ամեն ինչը գցում է  ժողովրդի վրա: Չի կարելի, կա՛նգ առ, Նիկոլ Փաշինյան,  մեղք է ժողովուրդը, ի՞նչ ես ուզում: Ումից վիրավորվել ես՝ նրանց արա, քո տան անդամներին… Բայց մեղք է ժողովուրդը, այս երիտասարդությունը…»,- նշեց Երևանի փողոցներում մեզ հանդիպած քաղաքացիներից մեկը:

«Ես կարծում էի և համոզված էի, որ ընտրություն չպիտի լիներ, նախ՝ այս իշխանությունը պիտի գնա, նոր հետո ժողովուրդը մի քիչ ուշքի կգար, նոր արդեն՝ ընտրություններ, և այլն, և այլն: Բայց եթե որոշվել է արդեն, չգիտեմ, ուրիշ, այլ ճանապարհ չկա, այո, ես ունեմ իմ թեկնածուն, ում վստահում եմ և նրա հետ կապում եմ վաղվա օրը: Եթե չփոխվի, շատ վատ կլինի: Մեր պետությունը կործանվում է: Իսկ եթե փոխվեց, հույսեր ունեմ»,- ասաց մեկ այլ քաղաքացի:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս