Լելե-Թեփեն գրավել ենք, չենք պահել. մի առանձին գումարտակ ոչնչացավ, 400-ից 500 զոհ տվեցինք. Վովա Վարտանով. 24TV
Սեպտեմբերի 30-ին հակառակորդը բոլոր ուղղությունների՝ Մատաղիսի, Ջրականի, Մարտունիի, Ակնայի վրա կանգնեցված էր, վերցրած դիրքերը՝ հետ բերված, չնայած մեծ ուժերով հարվածներ էր հասցնում, այնպիսի ուժերով, որոնց մեկ-երկու օրվա մեջ դիմադրելը խոսում է տղաների մոտիվացման, պատրաստվածության մասին։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է «Ողջ մնալու արվեստ» ՌՀՀԿ ղեկավար Վովա Վարտանովը։
«Եթե այդ օրերին երեք-չորս ուղղությամբ հայկական կողմը գրոհ կազմակերպեր, կկանգնեցվեր պատերազմը՝ ներգրավելով դեպի Գանձակ ուղղությունը։ Այնտեղ այնպիսի ուժեր չկային, որ մեզ կարողանային դիմադրել։ Կարճ ասած, եթե հարձակողական գործողություն իրականացվեր, որը կապակայունացներ քաղաքական իրավիճակը, Ադրբեջանի ղեկավարը հնարավոր է գնար խաղաղ պայմանագիր կնքելուն»,-ընդգծել է նա։
Նախկին հետախույզն անդրադարձել է Լելե-Թեփեի գրավման գործողությանը։
Նրա խոսքով՝ նոնսենս է, երբ ասվում է, թե այդ բլուրը գրավելու համար օպերացիա է կազմակերպվել։
«Դա եղել է մարտ։ Դրա ընթացքում ունեցել ենք հա՛մ նվաճումներ, հա՛մ կորուստներ։ Ընդհանուր առմամբ, այն ձախողված է համարվում, քանի որ Լելե-Թեփեն վերջում մնաց հակառակորդի ձեռքում։ Չհաջողվեց, որովհետև մշակված օպերացիա չի կատարվել։ Դրա մի հատված բլուր վերցնել հաջողվել է, բայց շարունակությունը չի եղել»- պարզաբանել է Վարտանովը։
Ճշտող հարցին՝ թե ինչու՞, նա ասել է. «Կարող էր Պաշտպանության բանակի հրամանատարությունը կանգնեցնել կամ Երևանից հրաման գալ։ Կարող էր նաև ռեսուրսները չհերիքեին՝ օպերացիան շարունակելու համար»,- ասել է նա։
Վարտանովը հայտնել է, որ բլուրը գրոհելուց զոհերի թիվը եղել է շատ քիչ, բայց երբ հակառակորդի հրետանու տակ զորքերը սկսել են հետ քաշվել, եղել է 400-500 զոհ, ոչնչացվել է մի ամբողջ գումարտակ։