«Ըստ էության, հիմա Սյունիքում պայքարում են Փաշինյան-Ալիև փոխգործակցության և դրա արդյունքում ստեղծված իրողությունների դեմ». Քաղաքագետ

Նիկոլ Փաշինյանը երեկ գաղտնիության պայմաններում այցելել է Սյունիքի մարզ, սա նրա երկրորդ այցն է մարզ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրելուց և մարզի բոլոր շահեկան դիրքերն Ադրբեջանին հանձնելուց հետո։

Հիշեցնենք, որ նախորդ տարի դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանին չհաջողվեց Սիսիանից այն կողմ անցնել, այս անգամ նա անվտանգության բազմաթիվ աշխատակիցների, այդ թվում՝ դիմակավորված ծառայողների ուղեկցությամբ հասավ Ագարակ, Շուռնուխ, որտեղ ժողովուրդը նրան դիմավորեց «դավաճան», «հողատու» վանկարկումներով, հայհոյանքներով։

Հիշեցնենք նաև, որ ապրիլի 20-ին Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ Զանգեզուրի միջանցքի ստեղծումը լիովին համապատասխանում է Ադրբեջանի ազգային, պատմական և ապագայի շահերին. «Մենք կիրագործենք Զանգեզուրի միջանցքի ստեղծման առաջադրանքը, ցանկանա՞ դա Հայաստանը, թե՞ ոչ: Եթե Հայաստանը ցանկանա, դա հեշտ կարելի է լուծել, եթե չցանկանա, մենք դա ուժով կլուծենք»,- ասել էր Ալիևը։

Նրա այս հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանն այցելեց Սյունիքի մարզ։

168.am-ի հետ զրույցում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն անդրադառնալով Ալիևի հայտարարությանը և դրանից հետո Նիկոլ Փաշինյանի Սյունիք կատարած այցին, նկատեց՝ հարցն այն է, որ Ալիևը ոչ թե սպառնում է ուժի միջոցով ապահովել այդ «միջանցքը», այլ արդեն իսկ արձանագրում է այն իրողությունները, որոնք ստեղծվել են Սյունիքում և առհասարակ հայ-ադրբեջանական հարաբերություններում։

«Դավաճանների այս իշխանությունը վաղուց արդեն Սյունիքում հանձնել է բոլոր բարենպաստ դիրքերը, ընդ որում՝ Կապան տանող ճանապարհի մի հատվածն է  հանձնել, նաև Կապանի շուրջ եղած բարձունքները։ Ալիևն արդեն գիտի, որ իրենք այդ դիրքերից կարող են պարտադրել ՀՀ իշխանություններին  անել այն, ինչ իրենք են ցանկանում։ Այսինքն՝ սա սպառնալիք չէ, այլ արդեն իսկ գոյություն ունեցող փաստերի արձանագրում»,- նշեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Քաղաքագետի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիք մեկ նպատակ ունի՝ փորձել խաբել այնտեղ ժողովրդին, այլ լույսի ներքո ներկայացնել գոյություն ունեցող իրողությունները։

«Ըստ էության, Սյունիքում նա արժանացավ այն պատասխանին, այն արձագանքին, որը բոլորս տեսանք․ Սյունիքում Փաշինյանին չեն հավատում, չեն ընդունում և գիտակցում են իրենց պատուհասած աղետի չափերը, ըստ այդմ էլ՝ Սյունիքում պայքարում են այդ ամենի դեմ։ Ըստ էության հիմա Սյունիքում պայքարում են Փաշինյան-Ալիև փոխգործակցության դեմ՝այդ փոխգործակցության արդյունքում ստեղծված իրողությունների դեմ»,- հավելեց քաղաքագետը։

Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը հույս ուներ, որ գաղտագողի ճանապարհներով պատահական ինչ-որ հանդիպումներ կանցկացնի, հետո կփախչի և այդ փոքր հանդիպումները կներկայացնի՝ որպես հաղթանակ։

«Առաջին իսկ հանդիպման ժամանակ արժանացավ հակազդեցության, սա գիշերով Շուռնուխում ինչ-որ մեկի տուն մտնել չէր։

Ես ավելի քան հավատացած եմ, որ Հայաստանի մյուս հատվածներում էլ է հնարավոր ունենալ այս տրամադրությունները, այլ հարցը է, որ այդ վճռականությունն առաջ տանող ուժ ժողովուրդը չի տեսնում, որի թիկունքին կկանգնի։ Ավելի քան համոզված եմ, որ Ադրբեջանում խիստ անհանգստանալու են այս վիճակից, թքած նրանց անհանգստությունների վրա, որովհետև Հայաստանն ու հայ ժողովուրդն այլևս կորցնելու ոչինչ չունի։  Ցավոք, ինչ ունեինք կորցնելու, ամբողջը կորցրել ենք, հիմա վերականգնելու փուլն է սկսվել»,- եզրափակեց նա։

Տեսանյութեր

Լրահոս