Հայաստանում պետք է ձևավորվի նոր իշխանություն, որն ի վիճակի կլինի կայունացնել իրավիճակը. Արմեն Գևորգյան

Հայաստանի համար նոր աշխարհքաղաքական մարտահրավերներն ու հնարավորությունները ժամանակի ընթացքում միայն ավելանալու են, իրենց բնույթով ևմասշտաբով դառնալու են ավելի բարդ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, տելեգրամյան իր էջում գրել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Այս իրավիճակում մեզ անհրաժեշտ է, որ մեր հաշվարկներում ու ձգտումներում գերակայեն բանականությունն և պրագմատիզմը։ Դրանք անհրաժեշտ են, որովհետև այսօր կայացվող բոլոր որոշումները՝ կապված Հարավային Կովկասում համագործակցության հարցերի հետ, կարող են կանխորոշել մեր ժողովրդի ճակատագիրը երկար տարիների կտրվածքով։ Ճիշտ այնպես, ինչպես 100 տարի առաջ, երբ ստորագրվում էին հայտնի պայմանագրերը։

Ցավոք, տարածաշրջանային համագործակցության հարցերի վերաբերյալ դիսկուրսն այսօր կապված է բացառապես 44-օրյա պատերազմի արդյունքների հետ ևպտտվում է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման կարևոր, բայց՝ սահմանափակ թեմայի շուրջ։ Հարցի նկատմամբ նման մոտեցումն ի սկզբանե վնասակար է։ Մենք պետք է առաջարկենք և խրախուսենք տարածաշրջանային համագործակցության՝ մեզ համար ավելի խորը ևնպաստավոր օրակարգ․ օրինակ՝ խնդիր դնենք՝ Հայաստանը դարձնել տարանցիկ երկիր։

Հայաստանի համար նոր աշխարհքաղաքական մարտահրավերներն ու հնարավորությունները ժամանակի ընթացքում միայն ավելանալու են, իրենց բնույթով և մասշտաբով դառնալու են ավելի բարդ։ Հետևաբար, Հայաստանի համար սպասվող լուրջ տարածաշրջանային մարտահրավերների ու սպառնալիքների համատեքստում առաջին հերթին հարկավոր է լուծել իշխանության հարցը։ Հայաստանում պետք է ձևավորվի նոր իշխանություն, որն ի վիճակի կլինի կայունացնել իրավիճակը, չեզոքացնել ագրեսիվության ևանհանդուրժողականության աստիճանը, շատերին վերադարձնել ամենօրյա աշխատանքի ուղեծիր, սկսել ամրապնդել երկիրը և ապահովել ամուր խաղաղություն։ Իշխանություն, որը, հասկանալով իրավիճակի բոլոր բարդությունները, այնուամենայնիվ կփորձի գտնել արտաքին գործընկերների և հարևանների հետ երկխոսության արժանապատիվ ճանապարհ»։

Տեսանյութեր

Լրահոս