«Վարչապետի ամեն քայլն ինձ համար վտանգավոր է». քաղաքացին՝ ծառայությունը 5 տարին մեկ 3 ամսով դարձնելու գաղափարի մասին

Մինչ Իլհամ Ալիևը պնդում է, որ Հայաստանին բանակ պետք չէ, Ռուսաստանը չպետք է օգնի Հայաստանին մոդեռնիզացնել հայկական բանակ, Նիկոլ Փաշինյանն առաջարկում է կրճատել ժամկետային ծառայության ժամկետը: Նա Վայոց Ձորի Գետափ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե կա գաղափար, որ լինի 5 տարին մեկ 3-ամսյա ծառայություն, որպեսզի երիտասարդները մարտական նվազագույն հմտություններին տիրապետեն: 168.am-ը մեր համաքաղաքացիներից հետաքրքրվեց՝ մեզ պե՞տք է կանոնավոր բանակ, Նիկոլ Փաշինյանի առաջարկն ինչպե՞ս կանդրադառնա մեր բանակի վրա,  անվտանգային ի՞նչ  խնդիրներ կարող է առաջացնել ադրբեջանցիներին Մեղրիով դեպի Նախիջևան ճանապարհ տալը:

«Մեզ կանոնավոր բանակ միանշանակ պետք է: Ինչի՞ ենք լսում Ադրբեջանին, կամ չգիտեմ ում, մենք մեր երկիրը պետք է հզորացնենք, մեր բանակը հզորացնենք: Ծառայությունը 5 տարին մեկ 3 ամսով դարձնելը, կարծում եմ, կխարխլի կանոնավոր բանակի հիմքերը»,- ասաց քաղաքացիներից մեկը:

«Այո, անպայման հարկավոր է: Օր առաջ է պետք բանակի մասին մտածել, արդեն ուշ է, թուրքերն արդեն ինչեր են անում, ինչեր ենք լսում: Վտանգը կախված է օդի մեջ, արդեն շուտով երևի Հայաստանի վրա են իրենք հարձակվելու: Նիկոլ Փաշինյանը շատ շուտվանից պետք է հեռանար, մարդասպան, ազգասպան, մեր հողերը հանձնեց, հիմա էլ ուրիշ ծրագրեր ունի: Նա վտանգ է մեր հայ ազգի վերանալու համար: Թուրքը չեք տեսնո՞ւմ՝ ինչ է անում, ի՞նչ բարեկամություն, ի՞նչ գիծ, ինչի՞ մասին է խոսքը, ես հասարակ մարդ եմ, միջնակարգ կրթությամբ, ես ամեն ինչ հասկանում եմ, ու այսօրվա օրն արդեն շատ վաղուց կանխատեսել էի, որ այսպիսի վիճակ է լինելու: Հայ ինտելիգենցիան ի՞նչ է մտածում, խելացի մարդիկ չունե՞նք, շատ կան, բայց ինչի՞ են քնած, ինչի՞ չեն ժողովրդին մասսայաբար ամեն ինչ բացատրում, որ էս վիճակը տանում է անկման, Հայաստանը վերանալու է»,- ասաց մի կին:

«Իհարկե, մեզ բանակ հարկավոր է, մենք վտանգավոր գոտում ենք ապրում: Ճիշտն ասած, մեր վարչապետի ամեն քայլն ինձ համար վտանգավոր է»,- ասաց անցորդներից մեկը:

«Ես պոլիտիկայով չեմ զբաղվում ընդհանրապես»,- ասաց մի քաղաքացի:

«Անպայման պետք է: Գլուխը պատին է տալիս Ադրբեջանի նախագահը, որ ասում է՝ պետք է չօգնեն: Երկրի իրավիճակից ելնելով՝ կարծում եմ, որ ծառայությունը 5 տարին մեկ 3 ամսով դարձնելը միգուցե խարխլի կանոնավոր բանակի հիմքերը: Մեղրիով միջանցք երբեք չեն տա, ես ինքս մեղրեցի եմ, մեղրեցիք չեն տա, 100 % չի լինելու»,- ասաց մի տղամարդ:

«Առանց բանակ ո՞նց կլինի: Ադրբեջանի նախագահին լուրջ ընդունել հնարավոր չէ, նա այնպիսի քայլեր է անում, որ…: Ինչ վերաբերում է Փաշինյանի գաղափարին, քաղաքական դեմքերից խոսեք, էլի, Փաշինյանն ինձ համար քաղաքական դեմք չէ»,- ասաց անցորդներից մեկը:

«Կանոնավոր բանա՞կ, նայած՝ ի՞նչ նպատակների համար: Այն ուժով, որը  պետք է պետությունը պահպանելու համար, գտնում եմ, որ միայնակ չենք կարող, կողմնակի ուժ է պետք, պարզ չի, թե ինչ ուժ, բայց պետք է: Շատ երկրներ կան, որտեղ ժամկետային ծառայությունը տարբեր ժամկետներում է կատարվում և նպատակին ծառայում է, դա դեռ չի նշանակում, որ պաշտպանությունը դրանից թուլանում է»,- ասաց քաղաքացիներից մեկը:

«Բանակ անհրաժեշտ է: Ծառայությունը 5 տարին մեկ 3 ամսով դարձնելու մասին ոչինչ չեմ կարող ասել, մասնագետ չեմ, բայց սրտանց ուզում եմ, որ բանակը լավը լինի: Մեղրիով ադրբեջանցիներին միջանցք տալը, իմ կարծիքով՝ անվտանգային խնդիրներ չի ստեղծի, կարծում եմ, որ ապագայում օգուտ կտա մեզ, ինձ տենց ա թվում»,- ասաց մի կին:

«Իհարկե, պետք է բանակ»:

«Միանշանակ պետք է: Ղալաթ է անում Ադրբեջանի նախագահը, որ ասում է՝ պետք է չօգնեն: Ծառայությունը 5 տարին մեկ 3 ամսով դարձնելը, կարծում եմ, դրական չի կարող լինել, պետք է մշտական գործող բանակ լինի, կլինեն պայմանագրային թե ժամկետային, միևնույն է, բայց պետք է գործող բանակ լինի: Գիտակցում ենք, որ ճանապարհներ պետք են, բայց ոչ այս պահին, միգուցե ուշ թե շուտ բացվի, բայց ոչ հիմա, էս պահին վտանգավոր է: Թող առաջինը նրանք բացեն, մի քայլ անեն, գերիներ բաց թողնեն: Ալիևն ինքն ահաբեկիչ է, բայց մեր երեխեքին բռնել, պատանդ ա պահում, ասում է՝ ահաբեկիչներ են, չի կարելի»,- ասաց անցորդներից մեկը:

«Անպայման կանոնավոր բանակ հարկավոր է: Ադրբեջանի նախագահն ի՞նչ գործ ունի մեր բանակի հետ, նա ինչ ուզում է՝ թող ասի, թող մերոնք խելոք լինեն, ստեղծեն նորմալ, լավ բանակ: Եթե ժամկետային ծառայողները 5 տարին մեկ գնան բանակ, դա նշանակություն չունի, միայն թե լավ բանակ ստեղծեն, կարևորը՝ լավ սպայական կազմ լինի, եթե լավ սպայական կազմ լինի, 18 տարեկան տղաները բոլորն էլ պատրաստ կլինեն նորմալ, լավ ծառայելու: Պետք չի ընդհանրապես ադրբեջանցիներին ճանապարհ տալ, ճանապարհ կտանք էն ժամանակ, երբ որ իրենք նորմալ պետություն ունենան, ինչպիսին Բելգիան է կամ Նիդեռլանդները, երբ որ այդպիսի պետություն կունենան, այդ ժամանակ նոր կարող ենք իրենց ճանապարհ տալ, իսկ այսօրվա դրությամբ ընդհանրապես ոչ մի ճանապարհ չի կարելի տալ, չի կարելի»,- ասաց մի տղամարդ:

«Իհարկե հարկավոր է: Ծառայությունը 5 տարին մեկ 3 ամսով դարձնելը բացասական ազդեցություն կունենա բանակի վրա, 3 ամսում ի՞նչ կարող են սովորեցնել, կամ վերապատրաստել: Ադրբեջանցիներին Մեղրիով ճանապարհ տալը վտանգավոր է»,- ասաց անցորդներից մեկը:

«Կարծում եմ՝ այո, հարկավոր է: Էդ առաջարկը դեռ պետք է ձևակերպվի, դա տենց օդի մեջ չի ասվում»,- ասաց քաղաքացիներից մեկը:

Տեսանյութեր

Լրահոս