Նարեկ Սամսոնյանն «իկրայի գործով» նոր անակնկալներ է խոստանում
Այսօր Երևան քաղաքի Շենգավիթ նստավայրի ընդհանուր իրավասության դատարանի՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի՝ սուտ մատնություն կատարելու մասին գործով դատական հերթական նիստը: Գործն ավելի հայտնի է «իկրայի գործ» անվամբ: Նարեկ Սամսոնյանն ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ինքն ու իր փաստաբան Ռուբեն Մելիքյանը հետաքրքիր անակնկալներ ունեն ներկայացնելու, ավելին, անակնկալներն իրենց ֆուտուրիզմով բացառիկ են լինելու: Անակնկալներից մեկը «իկրայի գործով» նիստին մասնակցելու համար դատարանի Շենգավիթ նստավայր գալու ձևին էր վերաբերում: Մինչև դատարանի շենք մտնելը Նարեկ Սամսոնյանը պատմեց.
«Նախ առաջինը ֆուտուրիզմը սկսվեց մեր գալու ընթացքից, մենք՝ պարոն Մելիքյանի հետ, եկել ենք այստեղ Ձկան խանութի դիմացից և հեծանիվներով, պարոն Մելիքյանն իր հետ վերցրել է նաև մի պատգամավոր՝ ուսապարկ, որի մեջ տեղադրված էին մեր փաստաթղթերը, ֆուտուրիզմը շարունակական բնույթ է կրում, և մենք ունենք նաև մի միջնորդություն, որն իմ կարծիքով՝ ինչ-որ մի առումով ֆուտուրիզմ է, պարոն Մելիքյանն էդպես չի կարծում, քանի որ նա իրավաբան է: Մենք պատրաստվում ենք դատական եզրափակիչ հատվածում, երբ գործը կմտնի այդ փուլ, շատ ավելի հետաքրքիր անակնկալներ անել, այս անգամ նաև թե՛ Դատախազությանը՝ այս անհիմն, խղճուկ մեղադրանքի համար, թե՛ այն քննիչին, որը ողորմելիագույն ձևով, ստով, կեղծիքով, առանց իմ ստորագրության՝ այդ ցուցմունք կոչվածը, որն իմը չէր, ինչի մասին ես հայտնել եմ, բերել են և այստեղ ծաղրուծանակի առարկա են դառնում իրենք: Այնպես որ, սա է ֆուտուրիզմը, և շարունակական բնույթ է կրելու, չի բացառվում, որ վերջում սև իկրա նվիրենք նաև այս գործում շատ մեծ տանջանքներ և խայտառակվելու պատրաստակամություն ցուցաբերած քննիչին, դատախազին և այլն»:
Սամսոնյանը նաև հայտնեց, որ իրենց միջնորդությունը՝ Նիկոլ Փաշինյանին այս գործով ներգրավել՝ որպես տուժող, առկախվել է, սակայն հուսով է, որ դատավորն ինչ-որ փուլում դա էլ կանի: Հիշեցնենք, Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանը իր երեխաներից մեկի համար երևանյան ռեստորաններից մեկից հաճախակի 1կգ-ը 3.000 դոլարով իկրա է գնում, հերթական գնման ժամանակ միջադեպ է տեղի ունենում:
«Ախռանայի տղերքը գնում են էդ ռեստորան ու նորից նույն չափ սև իկռա են ուզում, բայց ասում են՝ «էս անգամ փոխանցումով առնենք, էլի», ռեստորանի ադմինիստրացիան ասում ա, որ փոխանցումով առնելու դեպքում 3 հազարի փոխարեն՝ 5 հազար դոլար կլինի կիլոգրամը: Ու էս մեր «սրբության սրբոց» վարչապետն իմանում ու ջղայնանում ա և որոշում ա տվյալ ռեստորանին հարկայինով պատժել հենց տեղում»,- գրված է Սամսոնյանի հրապարակման մեջ:
Դրանից հետո Սամսոնյանը հրավիրվեց ՀՔԾ, և նրան մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով՝ ենթադրյալ հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու հատկանիշներով: Սամսոնյանի խոսքով՝ իր դեմ քրեական գործ հարուցելու պատճառը եղել է իր հրապարակած նյութի աղբյուրը չբացահայտելը: