Եթե Քոչարյանը լիներ թուրքական գործակալ, ապա նրա օրոք խորհրդարանում կգնդակահարեին Վազգեն Սարգսյանին ու Կարեն Դեմիրճյանին. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը այսօր Ազգային ժողովում կառավարության 2020 թվականի ծրագրի կատարման ու ընթացքի վերաբերյալ հաշվետվության ներկայացման ընթացքում, ինչպես իր գրեթե բոլոր ելույթներում, հարցազրույցներում, չէր կարող չհիշել նախկիններին: Հաշվետվության ներկայացման ժամանակ մոտ 20 րոպե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ու նրա հայտարարությունները հիշելուց ու մեջբերելուց հետո Փաշինյանն անցավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
Փաշինյանն անդրադարձավ 2020 թվականի դեկտեմբերի 4-ին «5-րդ ալիք»-ին տված հարցազրույցում հնչեցրած դիտարկմանը` «Կարելի է մի շարք օրինակներ բերել: Այս ամենը միասին ստեղծել է մի վիճակ, երբ դու Ադրբեջանին շանս չես թողել հույս պահելու, որ դիվանագիտական ճանապարհով ինքը կարող է որևէ բանի հասնել, իսկ եթե այսպիսի շանս չես թողնում, մնում է պատերազմ»:
«Սա ուղղակի հանճարեղ նախադասություն է, որը արտահայտում է հայկական կողմի 20-ամյա դիվանագիտության և բանակցության տրամաբանություն: Այսինքն՝ հայկական կողմը բանակցությունների շուրջ ունեցել է մի խնդիր` անընդհատ հույս ներշնչել Ադրբեջանին, որ նա բանակցությունների ընթացքում կհասնի այն բանին, ինչ ինքն ուզում է: Իսկ ինքը ուզում է, որ Ղարաբաղը լինի իր կազմում մշակութային կամ որևէ ինքնավարության կարգավիճակում, իսկ եթե հնարավոր է` նույնիսկ առանց դրա: Բայց եթե դու 20 տարի անընդհատ հույս ես տալիս, գալիս է այն պահը, որ այդ հույսը պիտի արդարացնես: Չի կարող լինել այնպես, որ դու 20 տարի հույս տաս… եթե հույս ես տալիս, պիտի արդարացնես այդ հույսը: Եվ սա ամենամեծ ձախողումն է, երբ որ ամբողջ հայ ժողովրդին ներշնչվել է, որ՝ «գիտե՞ք ինչ, մենք պետք է հրաժարվենք մեր բոլոր իրավունքներից, մենք պետք է հրաժարվենք Արցախյան շարժման բոլոր արդյունքներից», շրջանառության մեջ է դրվել ամենաանհեթեթ թեզը, որ կարելի էր դնել` «ամենավատ բանակցությունները ավելի լավ են, քան ամենալավ պատերազմը»: Ավելի մեծ անհեթեթություն դժվար էր հորինել, որովհետև ամենավատ բանակցությունները բերում են ամենավատ պատերազմի:
Էլ չեմ ասում, որ հենց Ռորերտ Քոչարյանի ժամանակներում` 97-98 թվականներին, ոչ միայն հույս են տվել Ադրբեջանին, որ Ադրբեջանը կհասնի իր նպատակներին, այլև երաշխիք են տվել և այդ երաշխիքը Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողելն է: Հիմա Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը հիմա չգիտեմ` վիճո՞ւմ են, թե՞ չեն վիճում, բայց մի երկու տարի առաջ վիճում էին` ով է իրենցից դուրս թողել: Բայց առանց Ղարաբաղի բանակցությունների գնալը երաշխիք է եղել Ադրբեջանին, հույս և երաշխիք, որ նրանք պիտի հասնեն իրենց նպատակին:
Ի՞նչ պիտի անեին: Այո, ինչ մենք փորձեցինք անել 2019 թվականին` ասելով, որ մենք առանց Ղարաբաղի չենք պատկերացնում բանակցություն և հարցի լուծում, իրենք պետք է անեին 97-98թվականներին, որովհետև այն ժամանակ Ադրբեջանը պատրաստ չէր և չէր կարող ռազմական լուծում տալ խնդրին: Եվ մենք ոչ միայն մեզ չէինք խաբի, թե մենք բանակցություններով խնդիր ենք լուծում, այլև Ադրբեջանին զուգահեռ՝ կպատրաստվեինք պատերազմի, ոչ թե զինվորի հացը գողանալով՝ բադեն-բադեններում, եվրոպաներում, փարիզներում դղյակ կառնեինք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ապա Փաշինյանն անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի մեկ այլ հայտարարության, թե՝ «եթե վարչապետը լիներ թուրքական գործակալ, կաներ այն ամենը, ինչ արվել է»:
«Եթե Ռոբերտ Քոչարյանը լիներ թուրքական գործակալ, և 97-98 թվականներին եթե Հայաստանը ղեկավարեին թուրքական գործակալներ, ամենամեծ ծառայությունը, որ նրանք կարող էին մատուցել Ադրբեջանին` Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողնելն էր` երաշխիք տալով, որ նրանք ներքուստ Ղարաբաղը համարում են Ադրբեջանի մաս:
Եթե Ռոբերտ Քոչարյանը լիներ թուրքական գործակալ, այո, նրա օրոք Հայաստանում Խորհրդարանում կգնդակահարեին Վազգեն Սարգսյանին և Կարեն Դեմիրճյանին, որովհետև ո՞ւմ, եթե ոչ թուրքական գործակալի օրոք կարող էր… գործակալների օրոք…. Եթե Ազգային անվտանգության ծառայությունը 1999 թվականին ղեկավարվեր թուրքական գործակալի կողմից, այո, կգնդակահարեին Խորհրդարանում Հայաստանի, Արցախյան հաղթանակի հեղինակին և Հայաստանը արդյունաբերական երկիր դարձրած առաջնորդին: Այո, դա կարող էր տեղի ունենալ մի պայմաններում, եթե նրանց անվտանգությունը ապահովված լիներ թուրքական գործակալների կողմից:
Էլ չեմ ասում, որ 1998թվականին, իշխանության հասնելով, Քոչարյան-Սարգսյան զույգը դավաճանություն էր համարում Ղարաբաղի հարցը փուլային եղանակով լուծելու հնարավորությունը, նույնիսկ դա քննարկելը: Մինչդեռ 2018թվականի դրությամբ սեղանին է եղել բանակցային մի փաթեթ, որը վերնագրված է այսպես` «Декларация о первом этапе и о дальнейших шагах в нагорно-карабахском урегулировании»: 98 թվականին նրանք համարում էին, որ ղարաբաղի հարցը չի կարող փուլային տարբերակով լուծվել և նրանց գործունեության արդյունքում մենք հասանք մի կետի, որտեղ սեղանին դրված է «Декларация о первом этапе и о дальнейших шагах в нагорно-карабахском урегулировании»: Եվ որտեղ է հետևությունը, և որտեղ է եզրակացությունը, որտեղ է վճիռը, որ, այո, Քոչարյան-Սարգսյան զույգը, 1998թվականին Ղարաբաղի հարցը օգտագործելով իշխանության հասնելու համար, 20 տարվա ընթացքում տանուլ է տվել Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը, Առաջին Արցախյան պատերազմում տարած հաղթանակը, հայ ժողովրդի բոլոր զրկանքները տանուլ են տվել, խուրդել են, մանրել են` բադեն-բադեններում, հունական կղզիներում առանձնատներ կառուցելով, փարիցներում ու հռոմներում հյուրանոցներ ու առանձնատներ կառուցելով ու ձեռք բերելով: Տանուլ են տվել դիվանագիտության դաշտում, տանուլ են տվել բանակաշինության դաշտում` ոտի վրա բանակի կենացը խմելով, զինվորի հացը գողանալով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները` 168.am-ի տեսանյութում