Բաժիններ՝

«Մանանեխի գույնով դրել, ասում է՝ կմգանա: Խայտառակություն է․․․»․ մասնագետները՝ Մայր Աթոռին հարակից շենքի ճակատային մասը փայտով ձևավորելու մասին

Զարգացման և ներդրումային ծրագրերի ֆեյսբուքյան էջում ապրիլի 2-ին տեղեկություն հայտնվեց այն մասին, որ Վաղարշապատը փոխում է դիմագիծը: Ըստ այդմ՝ Վաղարշապատի կենտրոնի բնակելի շենքերը նոր տեսք կստանան։ Մեկնարկը տրվել է Արարատյան փողոցի Մայր տաճարին հարակից բազմահարկ շենքով, որի ճակատային մասը փայտե ձևավորում է ստացել:

Ակնկալվում է, որ արտաքին նոր հարդարանքը կվերափոխի հոգևոր մայրաքաղաքի դիմագիծը: Ճարտարապետների մեծ մասը սոցիալական ցանցերում կատարվածը բնութագրում է մեկ բառով՝ «աբսուրդ»:

«Փարիզ էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանի կարծիքով՝ խնդիրը գիտակ և ճաշակով մարդկանց բացակայության մեջ է:

«Խնդիրն այն է, որ ավագանիների խորհրդում մասնագետներ չկան, ու չգիտեմ՝ մյուսները ճաշակ ունե՞ն, թե՞ ոչ: Մարդ կարող է ինժեներ լինել, բայց ճաշակով: Քաղաքային ճարտարապետության տարրերից է առաջին հարկի առանձնացումը, որովհետև այնտեղ խանութներ պետք է լինեն: Ինչպես նկարում տեսնում եք՝ առաջին հարկի պատուհանները բոլորը կամարակապ են, և որպեսզի դա չընդհատվի, նաև երկրորդ հարկում տեղ-տեղ կամարակապ պատուհաններ կան: Հիմա իրենք երկրորդ հարկի պատուհանները, որ կամարակապ են, ի՞նչ են անելու՝ փակելո՞ւ են ու իրենց ստանդարտ, փայտե բալկոննե՞րն են սարքելու: Կիսափակ բալկոններ են սարքում, ու ոնց որ 19-րդ դարի երևանյան շենքերից լինի: ԽՍՀՄ տարիներին Երևանում քարային ճարտարապետությունը զարգացավ, պատշգամբներ քիչ էին սարքում: Ի դեպ, եթե եղել են, ապա բակի կողմից և քարե: Հիմա, փաստորեն, դիմագիծը լրիվ փոխվում է ու դառնում է փայտե էլեմենտներով ճարտարապետություն, ու այդ քարն էլ չի երևա: Չեմ հասկանում նաև փայտե ծածկերի իմաստը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մարինա Խաչատրյանը:

Անդրադառնալով՝ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի այն դիտարկմանը, թե բնակելի շենքի ֆասադին որևէ վնաս չի հասցվել, պարզապես փայտե պատշգամբներով փակվել են անմխիթար վիճակում գտնվող երկաթե ճաղավանդակներն ու բետոնե հատվածները, իսկ փայտերը մշակված են հատուկ նյութով, որը մի քանի ամսից մգանալու ու բնության էֆեկտ է ստանալու՝ դառնալով շենքին առավել համահունչ, Մարիամ Խաչատրյանը նկատեց.

«Եթե ճաղավանդակները հին են, դրանք թարմացրու, չեմ հասկանում՝ նյութն ինչո՞ւ են փոխում: Հի՞ն են, փոխի՛ր: Եթե անգամ գրքերը չբացեն, հարց ու փորձ չանեն, թող շրջեն ու տեսնեն՝ այդ ժամանակաշրջանում ի՞նչ ճաղավանդակներ են ընդունված եղել, ու այդպես էլ անեն: Ինչո՞ւ փայտ: Կարող է մի 4 տարի հետո էլ այդ փայտը չորանա, հետո ի՞նչ է լինելու:

Պետք է տարրերը, բնորոշ գծերը պահպանել ու շենքը չաղավաղել: Ասում է՝ մյուս շենքերն էլ են այդպես անելու, հետևաբար՝ ամբողջ փողոցի դիմագիծը կփոխվի, իսկ եթե տարբեր է անելու, շատ ճաշակով մարդ պետք է լինի, որ կարողանա նոր դիզայնին համապատասխան դարձնել: Ընտրված գույնն էլ գեղեցիկ չէ: Մեր Հայաստանն արևոտ է, փայտն ամեն տեղ դնել ու ասել՝ գիտեք, գույնը հետո կփոխվի, սխալ է: Մանանեխի գույնով դրել, ասում է՝ կմգանա: Խայտառակություն է: Նույն գույնով պետք է պատուհանները ներկրված լինեն ու պատուհանների ապակիները: Դա առաջին էլեմենտն է, եթե ուզում ես, որ շենքը տեսքի գա: Սա անթույլատրելի է, գեղեցիկ չէ, կորել են շենքին բնորոշ էլեմենտները»:

ՀՀ ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանն էլ ընդգծեց՝ գոյություն ունի քաղաքաշինական խորհուրդ, գեղարվեստի խորհուրդ և այլն, որոնք պետք է քննարկեն, որոշում կայացնեն:

«Դժվար Էջմիածնում նման խորհուրդներ լինեն, բայց ամեն դեպքում նման մի բան կա: Սակայն մեր ցավն այն է, որ չեն խորհրդակցում: Էջմիածին քաղաքի կարևորությունը իմանալով՝ գիտեք, որ զբոսաշրջիկները հենց գալիս են Հայաստան, առաջին հերթին Մայր Աթոռ են գնում: Դա այն լուծումը չէր, որ պետք է անեին այդտեղ, դրա համար պետք է խորհրդակցեին գործող ճարտարապետների, հեղինակավոր նկարիչների, դիզայներների հետ, որպեսզի կարողանային ճիշտ ընտրություն կատարել:

Չեմ ուզում վիրավորել, բայց քննարկման խնդիր էր. քաղաքը չպետք է կորցնի իր դեմքը, դառնա գավառական ինչ-որ բան: Խնդիրն այդտեղ է: Դա խորհրդային շրջանի ճարտարապետություն է, ու նույնիսկ պատահական մարդը տեսնում է, որ պատշգամբը բոլորովին ուրիշ «օպերայից» է: Պետք է մի քիչ լուրջ մոտենալ այդ խնդիրներին: Քաղաքը բազմաթիվ խնդիրներ ունի, այդ թվում և՝ ճանապարհների հարցը: Աշխատանքը պետք է դադարեցվի և հետո դեմոնտաժ արվի»,- նշեց ՀՀ ճարտարապետների պալատի նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս