Վարուժան Ավետիքյանը վայր է դրել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրենի լիազորությունները
Վարուժան Ավետիքյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում տեղեկացնում է, որ վայր է դրել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրենի լիազորությունները։ Գրառումը՝ ստորև․
«Հարգելի հայրենակիցներ,
Ժամանակն է եկել, որ վայր դնեմ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրենի լիազորություններս: Այս որոշումս, որը մանրամասն քննարկել եմ Հիմնադրամի նորանշանակ խորհրդի հետ, պայմանավորված է նրանով, որ Հիմնադրամի առջև ծառացել են բոլորովին նոր մարտահրավերներ, և այն պետք է ղեկավարվի ոչ թե հասարակական հիմունքներով աշխատող տնօրենի կողմից, այլ ունենա լրիվ դրույքով աշխատող տնօրեն:
Հիմնադրամը ձևավորվեց 2017 թվականին` Կենտրոնական բանկի կողմից ու հովանու ներքո: Մինչև վերջերս հիմնականում Կենտրոնական բանկի կամավորական աշխատակազմն էր անձնվեր կերպով ծառայում Հիմնադրամին, իսկ կառույցը հոգ էր տանում, որպեսզի գործառույթներն իրականացվեն պատշաճորեն` ժամանակների հրամայականին համահունչ:
Վերջին պատերազմն ու դրա արդյունքները ցավալիորեն փոխեցին շատ բան:
Ժամանակն է, որ Հիմնադրամն անցնի տրանսֆորմացիայի փուլ: Այժմ դրա ճանապարհին ենք: Մասնավորապես, վերջին ամիսներին Կենտրոնական բանկի ֆինանսավորմամբ մենք ձևավորել ենք նվիրված ու պրոֆեսիոնալ աշխատակազմ, որը գործում է այն գիտակցությամբ, որ իր աշխատանքը կենսական է հայր, որդի կամ ամուսին կորցրած ընտանիքների կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների համար: Անցնող ամիսներին ևս Կենտրոնական բանկի ֆինանսական աջակցությամբ մենք ներդրումներ ենք արել և շարունակում ենք կատարել Հիմնադրամի ենթակառուցվածքների, ինչպես նաև ծրագրային ու ՏՏ համակարգերի մեջ` վստահ լինելու համար, որ որևէ պայմանում դրանք պատշաճորեն ու անխափան կսպասարկեն մեր շահառուներին:
Հայտնում եմ նաև, որ թշնամու կողմից սանձազերծված վերջին պատերազմից հետո Հիմնադրամն այս պահին հատուցումներ է կատարում.
– 1939 զոհված զինծառայողների ընտանիքների
– 265 ծանր վիրավորում ստացած զինծառայողների
– 1055 անհետ կորած զինծառայողների ընտանիքների
Վերջին պատերազմից ի վեր հիմնադրամը կարողացել է 8 միլիարդ դրամից ավելի նվիրաբերություններ հավաքագրել ավելի քան 40 երկրների մեր հայրենակիցներից ու կազմակերպություններից:
Ամփոփելով անցյալը և չորս տարի շարունակ ղեկավարելով Հիմնադրամն ու առերեսվելով ծառացած մարտահրավերների հետ՝ գիտակցում եմ, որ ամեն օր նոր բան եմ սովորել և ձգտել եմ հմտություններս փոխանցել Հիմնադրամի կամավորներին, աշխատակիցներին, ընկերներին, գործընկերներին ու շահակիցներին: Վստահ եմ, որ կուտակված փորձառությունն ու գիտելիքներն ի սպաս են դրվելու Հիմնադրամի մարտահրավերների վրա օրնիբուն աշխատելու համար:
Առաջիկա օրերին մենք կհրապարակենք Հիմնադրամի նոր գործադիր տնօրենի պաշտոնի մրցույթի վերաբերյալ հայտարարություն և կհրավիրենք մեր փորձառու հայրենակիցներին՝ մասնակցելու այդ մրցույթին: Հիմնադրամի խորհուրդը մանրամասն կուսումնասիրի ստացված դիմումները, և վստահ եմ, որ կկատարի արժանի ու ճիշտ ընտրություն: Մինչև նոր տնօրենի ընտրությունը ես կշարունակեմ կատարել պարտականություններս, այնուհետև կծառայեմ Հիմնադրամին այլ կարգավիճակով:
Մինչ այդ շնորհակալություն եմ հայտնում անցնող չորս տարիների ընթացքում մեր բոլոր կամավորներին, աշխատակիցներին, ընկերներին, գործընկերներին, հովանավորներին ու աջակիցներին, որոնք անվարան աջակցեցին Հիմնադրամին ու ինձ` ծառայելու հայրենիքին ու հայոց զինված ուժերին»