Արցախում ապրելը հեշտ էր, ջուրն անգամ անվճար էր, այստեղի պես չէր. օկուպացված Հայկավանի բնակչի ընտանիքն օգնության կարիք ունի
Ադրբեջանի կողմից օկուպացված Հադրութի Հայկավան գյուղի բնակիչ Արամ Սարգսյանը, ով ունի 4 անչափահաս երեխա՝ պատերազմից հետո տեղափոխվել է Արագածոտնի մարզի Թալին քաղաք, սակայն չի կարողանում աշխատանք գտնել, ունեն հագուստի և սննդի կարիք:
«Զույգ տղաներս ծնվել են 2021թ. հունվարի 10-ին: Հիմա վարձով բնակվում եմ Թալինում, չունեմ աշխատանք: Վարորդ եմ, կարող եմ վարել և՛ բեռնատար մեքենա, և՛ տրակտոր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արմենը:
Նա տեղեկացրեց, որ ընտանիքը պատերազմից 1-2 օր անց լքել է հարազատ գյուղը՝ ոչինչ չհասցնելով իր հետ վերցնել:
«Տունը ես իմ ուժերով էի սարքել, իմ աշխատանքով: Անասուն էի պահել, վաճառել ու պատերը շարել, տանիքը կապել, սվաղն էլ արել էի: Մնում էր՝ պետությունը մի փոքր օգներ, ու վերջ, սակայն, ցավոք, չհասցրեցինք»,- նշեց մեր զրուցակիցը:
Ասում է՝ Արցախ վերադառնալու մտադրություն ունեն, բայց չգիտի, թե երբ կգա այդ օրը:
«1995 թվից այնտեղ եք ապրում: Արցախում ապրելը հեշտ էր, կարողանում էիր այգի մշակել, բերք ստանալ: Ջուրն անգամ անվճար էր, այստեղի պես չէր, ձրի էր ամեն ինչ, իսկ այստեղ, հակառակը՝ փողով է: Ամեն դեպքում, եթե Արցախում մեր գյուղի նման տեղ լինի՝ հաճույքով կգնամ»,- հավելեց Արամը:
Ընտանիքը սննդի տեսքով օգնություն ստացել է Թալինի քաղաքապետարանից, օգտվել են նաև Կառավարության կողմից հատկացված սոցիալական աջակցության ծրագրից, սակայն հիմա որպես ընտանիքի հայր՝ ունի աշխատանքի խնդիր: Երեխաներին պետք է նաև հագուստ և սնունդ:
Ընտանիքին օգնել հնարավոր է «Ակբա» բանկում բացված քարտային հաշվի միջոցով, որը Արամ Սարգսյանի անունով է՝ 220170449536000: