Գագիկ Ծառուկյանի բացահայտված երազանքը
«Այս պահին հաշվի առնելով մեր քաղաքական ուժի հետագիծը, որ մենք, 15 տարի է՝ խորհրդարանում ենք և եղել ենք երկրորդ ուժը, հիմա մեր հերթն է, մենք ենք գալու իշխանության, Գագիկ Ծառուկյանը պետք է լինի երկրի ղեկավար»,- նման հայտարարություն է արել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցության պատգամավոր, խորհրդարանական հանձնաժողովներից մեկի նախագահ Միքայել Մելքումյանը։
Բացի պատգամավոր լինելուց, Մ․ Մելքումյանը նաև դասախոս է, գուցե դոկտոր, հնարավոր է՝ պրոֆեսոր, երևի՝ ամբիոնի վարիչ, ու այդպես շարունակ, ու գոնե նա լավ պետք է իմանա, որ ամենայն հարգանքով հանդերձ, Գագիկ Ծառուկյանը չի կարող լինել երկրի ղեկավար։ Այսինքն՝ տեսականորեն կարող է, պարզապես այդ դեպքում երկիր կարող է այլևս չլինել։ Ահա Մելքումյանն այդ մասին լավ գիտի, բայց հայտարարում է հակառակը, որովհետև, երևի այդպես ավելի շաահավետ է, մարդ է, մտածում է, որ Ծառուկյանը երկրի ղեկավար դարձավ, իրեն նախարարից-բանից բաժին կհասնի։ Բացառված չէ նաև, որ Միքայել Մելքումյանն այդպես է մտածում՝ ելնելով այն իրողությունից, որ Նիկոլ Փաշինյանն այնքան է իջեցրել երկրի ղեկավարի նշաձողը, որ ցանկացած մեկը, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանը ևս, կարող է հավակնել այդ պաշտոնին։
Այսինքն՝ ԲՀԿ-ն առաջնորդվում է ոչ թե Փաշինյանի կողմից երկիրն անդունդային վիճակին հասցրած իրողությունը շտկելու առաքելությամբ, այլ նրա կողմից իջեցված նշաձողից օգտվելու մանր շահամոլությամբ։ Հասկանալի է, սակայն, որ այս ամենի մասին եթե անգամ Միքայել Մելքումյանն անձամբ է մտածել, ապա բարձրաձայնել է ոչ թե սեփական, այլ ղեկավարի, իմա՝ Ծառուկյանի կամոք։ Կամ հանձնարարությամբ, որն ավելի հավանական է։
Գագիկ Ծառուկյանը երևի հերթական հրավառության ժամանակ հասկացել է, որ եկել է իր աստեղային ժամը, և ինքը կարող է արդեն բարձրաձայն մտածել երկրի ղեկավար դառնալու մասին։ Ու հանձնարարել է այդ մասին հայտարարել հրապարակավ։
Հայաստանում ոչ միայն երկրի ղեկավարի, այլ ընդհանրապես քաղաքականության նշաձողն իջեցվել է այնպես ու այնքան, որ փող ունեցող ցանկացած մեկն իրեն կարող է պատկերացնել թագավորի դերում։ Քաղաքականության մեջ այդ մարդիկ առաջնորդվել են ամեն ինչ գնելու սկզբունքով, շուրջ մեկուկես տասնամյակ գնել են հնարավոր ամեն ինչ ու ամենքին ու հիմա մտածում են, որ կարող են գնել նաև երկրի ղեկավարի պաշտոնը։ Բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով։
Հայաստանում, ի թիվս բազմաթիվ կարևոր կառուցակարգերի, փլուզվել ու ոչնչացվել է նաև ամոթի ինստիտուտը։ Մարդիկ խոսում են երևույթների մասին, որոնց մասին բարձրաձայնելը նորմալ հասարակություններում առնվազն կզսպվեր ամոթի զգացումով։ Հայաստանում, սակայն, ամոթը վաղուց չունի այդ նշանակությունը, որովհետև գոյություն չունի ընդհանրապես։ Գագիկ Ծառուկյանը բազմիցս ապացուցել է, որ հրաշալի գիտի այդ մասին։ Փաստորեն, արդեն տեղեկացված է նաև Միքայել Մելքումյանը։
Արշավիր Իշխանյան