Բաժիններ՝

Որքանո՞վ ենք պատրաստ դպրոցի տնօրենի ընտրության նոր կարգին․ Անահիտ Բախշյան

Ապրիլի 1-ից ուժի մեջ է մտել դպրոցների տնօրենների ընտրության նոր կարգը, որտեղ մեծացվել է ծնողական և մանկավարժական համայնքի մասնակցությունը տնօրենի ընտրության գործընթացում` սահմանելով, որ տնօրենի պաշտոնի հավակնորդը պարտադիր պետք է հանդիպի սովորողների և մանկավարժների հետ` զարգացման ծրագրի ներկայացման նպատակով:

Հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագիրը դպրոցի պաշտոնական կայքում հրապարակվելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, կազմակերպվում է քննարկում` հավակնորդի, մանկավարժական խորհրդի (անդամների ընդհանուր թվի կեսից ավելիի ներկայությամբ) և ծնողական ընդհանուր ժողովի անդամների մասնակցությամբ: Եթե տնօրենի հավակնորդը չներկայանա քննարկմանը, ապա չի կարող մասնակցել հայտարարված մրցույթին:

Տավուշի Բագրատաշենի թ․1 միջնակարգ դպրոցում այս նոր կարգով հանրապետությունում առաջին անգամ ընտրությունը կայանալու է ապրիլի 21-ին։ Կարգի 13-րդ կետում գրված է․ «Խորհրդի՝ մրցույթ հայտարարած հաստատության մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից առաջադրված անդամները, հավակնորդի (հավակնորդների) ներկայացրած զարգացման ծրագիրը (ծրագրերը) տվյալ դպրոցի պաշտոնական կայքում հրապարակվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում քննարկում են հավակնորդի, մանկավարժական խորհրդի (անդամների ընդհանուր թվի կեսից ավելիի ներկայությամբ) և ծնողական ընդհանուր ժողովի անդամների մասնակցությամբ` առանձին հանդիպումների ընթացքում»։

Բագրատաշենի թ․1 միջնակարգ դպրոցի կառավարման խորհուրդը, շրջանցելով ԿԱՐԳը, որոշել է այդ քննարկմանը թույլատրել միայն դասարանական ծնողական խորհրդի նախագահներին, որն իրավացիորեն վրդովեցրել է ծնողներին, ովքեր այս մասին այսօր տեղեկացրեցին ինձ։

Չնայած նոր կարգում գրված է, որ հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագրի քննարկմանը մասնակցելու են ծնողական ընդհանուր ժողովի անդամները, ովքեր պետք է արդեն ծանոթ լինեն կայքում տեղադրված հավակնորդի զարգացման ծրագրերին, այս դպրոցի կայքում այն հասանելի է դարձել այսօր՝ ապրիլի 12-ին, երբ այն դրվել է ապրիլի 8-ին, ինչպես տեղեկացրեց կայքի պատասխանատուն։

Դպրոցների օրինակելի կանոնադրության 101-րդ կետի՝ Համադպրոցական հարցերի քննարկման համար ծնողական խորհուրդը հրավիրում է ընդհանուր ժողովներ: Կարծում եմ դպրոցի տնօրենի ընտրությունը հենց համադպրոցական հարցերից առաջինն է։ Հետևաբար, տնօրենի հավակնորդի զարգացման ծրագրի քննարկումը պետք է կայանա ծնողների ընդհանուր ժողովում, ինչպես գրված է 2021թ․ փետրվարի 9-ին ՀՀ կառավարության կողմից ընդունված Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության(նշանակման) կարգում։

Դպրոցներում տնօրենի Հավակնորդների ներկայացրած զարգացման ծրագրին պետք է ծանոթանան հնարավորինս շատ ծնողներ և մանկավարժներ նույն տրամաբանությամբ, ինչը դրված է Խորհրդարանի պատգամավորի ընտրության հիմքում։

Ի վերջո տնօրենին ընտրում է դպրոցի կառավարման խորհուրդը՝ բաց քվեարկությամբ, իսկ մանկավարժների և ծնողական ընդհանուր ժողովում՝ փակ քվեարկությամբ, որը տնօրենի ընտրության ժամանակ պարտադիր պայման է դպրոցի կառավարման խորհրդի անդամների համար։ Այսինքն, եթե կառավարման խորհրդի անդամը նաև մանկավարժական կամ ծնողական խորհրդի ներկայացուցիչ է, ապա բաց քվեարկության ժամանակ չի կարող քվեարկել այլ կերպ, քան արձանագրված է այդ խորհուրդների փակ քվեարկության ժամանակ։

Խնդրահարույց է այդ քննարկումներին տրամադրվող ժամանակի հարցը, որն, ըստ կարգի, բոլոր հավակնորդների հետ պետք է կայանա նույն օրը, սա անիրականանալի է հատկապես, եթե հավակնորդների թիվը 2-ից ավելին է։ Անհասկանալի է նաև նույն օրը հավակնորդների հանդիպումներն իրականացնել աշակերտների, ծնողների և մանկավարժների հետ։ Կարծում եմ ԿԱՐԳ-ում այս հարցը վերանայման կարիք ունի։

Կարգում հստակեցված չեն մանկավարժական խորհրդում և ծնողական ընդհանուր ժողովում փակ քվեարկության ժամանակ ընտրության գործընթացի վերահսկողությունը, որը շատ կարևոր է։ Այդ վերահսկողությունը կարող են իրականացնել ինչպես լիազորված մարմնի ներկայացուցիչները, ծնողները, այդպես էլ նաև լրագրողները, որոնց մասնակցությունն անհրաժեշտ է ընտրության գործընթացի թափանցիկությունն ապահովելու նպատակով։

Կարծում եմ, ԿԳՍՄ նախարարությունն ամեն կերպ պետք է ապահովեր Բագրատաշենի թ․1 միջնակարգ դպրոցի տնօրենի ընտրության ընթացքի օրինականությունը՝ որպես առաջին։
Բագրատաշենի համայնքի վստահությունը շատ կարևոր է այս ԿԱՐԳԻ հեղինակությունն ապահովելու համար։

Անահիտ Բախշյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս