«Ուզում եմ բոլորդ անկեղծանաք ու խոստովանեք, թե 1992 թվականին ինչպե՞ս եք ազատագրել Շուշին, նույն ձևով էլ հակառակորդը հետ է վերցրել». Սամվել Բաբայան

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի խոսքով՝ երկու բառով հնարավոր չէ ասել, թե ինչու Արցախի 44-օրյա պատերազմում հայկական կողմը պարտվեց։

«Որքան հնարավոր է եղել, ես կարճ ներկայացրել եմ պատճառները, թե ինչ է եղել, ավելի մանրամասն մոտ ժամանակներս եթե ձեզ, հասարակությանը հետաքրքրում է․․․ բայց որքան նայում եմ, ճշմարտությունը չի հետաքրքրում, ձեզ սենսացիան է հետաքրքրում։ Ճշմարտությունն այն է, որ ՄՈԲ են հավաքում, տանում են առաջնագիծ, պետք է հստակեցինեին, թե որ հրամանատարի մոտ է լինելու, ոնց է լինելու և այլն։ Այդ զինվորից, մինչև քրեական գործ հարուցելը, պետք է հարցնեին, թե իր ծառայության ժամանակ քանի անգամ է եղել կրակայինում։ Այս ամենը պարզելուց հետո, մենք կհասկանանք, թե ինչ խնդիրներ ենք ունեցել։ Ես դրան դեմ եմ եղել, դեռ 15 օր առաջ, մինչև այդ պատերազմը, ներկայացրել եմ, որ ՄՈԲ-ը պետք է առանձին միավոր լինի, ոչ թե համալրի»,- Երևանում դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել  Բաբայանը։

Նրա խոսքով՝ «համոզվեցին», որ ՄՈԲ-ը համալրելը սխալ էր, որովհետև համալրման ժամանակ տվյալ սպաները պատրաստ չեն այդքան կոնտինգենտ ընդունելու և կառավարելու։

«Ես դեռ 2013 թվականին անօդաչու թռչող սարքերի մասին խոսում էի, ասում էի՝ սա է լինելու մեր վիճակը, ասում էիք՝ չէ, մենք դուխով ենք, օդում հրթիռ ենք բռնում, դե ասացի՝ լավ՝ բռնեք, կտեսնենք։ Բոլոր գեներալները հարցազրույցներ են տալիս, բացատրություն են տալիս, ձեզ մոտ հարց չի՞ առաջանում, թե բանակն ո՞վ պետք է ղեկավարեր, իրենք են, չէ՞, վերջին 15-20 տարին ղեկավարում բանակը։ Նրանց հետախուզության պետերը զեկույցներ են ներկայացրել, թե հակառակորդն ինչով է  զինվում, ինչ զորամասեր ունի, երբ նրանց ենթականերն այդ զեկույցները ներկայացրել են, իրենք որոշումներ կայացրե՞լ են՝ բերեք տեսնենք։

Կամ, երբ Գլխավոր շտաբի պետն ասում է, որ երեք օր հետո հասկացել է, որ հայկական կողմը պատերազմին պատրաստ չէ, առաջարկում եմ գրավոր ներկայացնի, թե ինչն է նրան բերել դրան, որ երրորդ օրը հասկացել է, որ բանակը պատրաստ չէ։ Այս փաստաթղթերը, երբ իրար կողք ես հավաքում, պարզ է դառնում մեղավորների ցանկը, դա մեկն ու երկուսը չեն, դա լուրջ ցանկ է։ Դրա համար իրենք այսօր բարձրաձայն գոռում են, թե՝ բռնեք գողին, ավազակին, որպեսզի իրենք փրկվեն»,- հավելեց Սամվել Բաբայանը։

Ըստ նրա, մարդիկ հայտարարում են, թե ինքն ինչ-որ օպերացիա է իրականացրել և ձախողել է, հետևաբար՝ այդ հայտարարությունը կքննեն ու նման հայտարարություն անողներին էլ կհրավիրեն պատասխան տալու։

«Ես հայց եմ ներկայացրել, այլևս չեմ թողնելու որևէ մեկը արտահայտվի և չներկայացնի իր պատասխանը։ Ես վերջին օպերացիան նախաձեռնել եմ Շուշիի Չանախչի-Սղնախ գյուղում, որպեսզի չկարողանա անցնել Շուշի, սակայն այդ երեկո տվյալ զորամասերը ինչ-ինչ պատճառներով հրաժարվել են մասնակցել օպերացիային։ Դա էլ եմ ներկայացրել, վիդեոն էլ եմ ներկայացրել։ Բոլորդ հարց եք տալիս՝ Շուշին ոնց հանձնեցինք, դրա համար ուզում եմ, որ բոլորդ անկեղծանաք ու խոստովանեք, թե 1992 թվականին ինչպե՞ս եք ազատագրել Շուշին, նույն ձևով էլ հակառակորդը հետ է վերցրել։ Քանի որ ճիշտը չեք ասում, ասում եք՝ այ, տեսեք, Շուշիի հերոսներին դատում են մարդիկ, որոնք կապ էլ չունեն Շուշիի հետ։ Նույն Չանախչի-Սղնախ գյուղում մենք դրել էինք բազա, այնտեղից բարձրացել ենք Քիրս սարը, որը կախվում է դեպի Լիսագոր ու ճանապարհը փակում է։ Իրենք նույն գյուղերը վերցրել, բազա են դրել և մտել են Զառսլու։ Ուրիշ բան պետք չէր, այդ ուղիով պետք է գնային»,- ընդգծեց Սամվել Բաբայանը։

Տեսանյութեր

Լրահոս