Իշխանական պատգամավորը՝ գերիների վերադարձի կեղծ տեղեկատվության մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, ով առաջիններից էր, որ հայտնեց, թե Բաքվից հայ ռազմագերիներ են վերադառնալու, սակայն նրանք այդպես էլ չեկան, ասում է՝ խնդրի վերաբերյալ Կառավարության հնչեցրած կարծիքներին ավելացնելու որևէ բան չունի։

«Դիտեք իմ հարցազրույցը, պատասխաններն ուկնդրեք, դրանից ավելի որևէ բան չունեմ ասելու, այսքանը»,- նշեց Նազելի Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 8-ի երեկոյան որոշ իշխանամերձ լրատվամիջոցներ լուրեր տարածեցին, որ մեկ ժամից Բաքվից Երևան կժամանի հայ ռազմագերիների մի խումբ տեղափոխող ինքնաթիռը։ Այս տեղեկությունը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում անմիջապես հաստատել էր նաև Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը։

Մինչ ծնողները սրտատրոփ շտապել էին «Էրեբունի» օդանավակայան՝ դիմավորելու ամիսներ շարունակ ադրբեջանական գերության մեջ գտնվող իրենց զավակներին, տեղեկություն տարածվեց, որ Բաքվից ինքնաթիռը դատարկ է վերադարձել, որևէ հայ ռազմագերի չի բերել։

Այնուհետև Նիկոլ Փաշինյանի խոսնակը լրատվամիջոցներից պահանջել էր հեռացնել իր իսկ տված տեղեկատվությունը։

Նազելի Բաղդասարյանն իր հարցազրույցներից մեկում, նույնպես ասել էր, որ սպասում են հայ ռազմագերիների խմբի վերադարձի։

Տեսանյութեր

Լրահոս