Ռոբերտ Նազարյանի վերաբերյալ գործով ՀՔԾ հաղորդագրությանը պաշտպանները կոչ են անում հումորով վերաբերվել

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին վերագրվող գործով Նազարյանի պաշտպանները հորդորում են ՀՔԾ-ին՝ գործը չհասցնել դատարան, այլապես ունենալու են հերթական արդարացումը։

Այդ մասին Նազարյանի փաստաբաններ Գագիկ Խաչիկյանը և Սասուն Ռաֆաելյանը գրառում են կատարել գրասենյակի ֆեյսբուքյան էջում:

Գրառման մեջ մասնավորապես նշվում է. «ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը սույն թվականի ապրիլի 10-ին հաղորդագրություն է տարածել՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե իբր Երևան քաղաքի նախկին քաղաքապետ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը ինչ-որ առնչություն ունի երևակայական չարաշահումների կատարմանը: Վերջին շրջանի դառը իրականությունը հաշվի առնելով՝ կոչ ենք անում հանրությանը սույն տեղեկատվությանը վերաբերվել հումորով, իսկ ՀՔԾ-ին հորդորում ենք օգտագործել դեռևս առկա հնարավորությունը և առարկայազուրկ գործը չհասցնել դատարան, այլապես ունենալու ենք հերթական արդարացումը»,- ասվում է գրառման մեջ։ ⠀

Հիշեցնենք, որ հիշյալ գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին անդամներ Շիրազ Կիրակոսյանը և Մուշեղ Կոշեցյանը, հանձնաժողովի նախագահի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը:

Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ ՀՀ տարածքում էլեկտրական էներգիայի արտադրության թույլտվություններ են ստացել մինչ 10 Մվտ հզորության մի քանի տասնյակ փոքր ՀԷԿ-եր, սակայն 10-30 Մվտ հզորության նոր հիդրոէլեկտրակայաններ չեն կառուցվել, միաժամանակ, փաստացի խոշոր ՀԷԿ հանդիսացող միակ՝ 26,4 Մվտ տեղակայված հզորության «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության հիդրոէլեկտրակայանը, առանց հիմնավորման, ընդգրկվել է փոքր հիդրոէլեկտրակայանների ցանկում՝ օգտվելով հիշյալ տեսակի կայանների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված առավել բարձր և կայուն սակագներով էլեկտրաէներգիա վաճառելու հնարավորությունից:

Մասնավորապես` «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության հիդրոէլեկտրակայանից արտադրված և առաքված էլեկտրական էներգիայի վաճառքի համար 2012-2019թթ. ընթացքում սահմանվելիք սակագների փոխարեն նույն ժամանակահատվածների համար սահմանվել են կրկնակին գերազանցող սակագներ, որի հետևանքով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության կողմից ՀՀ-ում էլեկտրաէներգիա սպառող ֆիզիկական և իրավաբանական անձանցից հավելյալ ստացվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7,052,065,099 ՀՀ դրամ գումար:

Ապրիլի 10-ի ՀՔԾ հաղորդագրության մեջ նշվում էր նաև, որ մեղադրյալներին վերագրվող առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ձեռք է բերվել ապացույցների համակցություն, որը բավարար է նրանց մասով մեղադրական եզրակացություն կազմելու համար, միաժամանակ հաշվի առնելով, որ «Ձորա ՀԷԿ» ՓԲ ընկերության գույքի օտարման, այդ թվում՝ ձեռքբերման գործընթացին այլ պաշտոնատար անձանց առնչության, ինչպես նաև առանց մեղադրյալների մասնակցության կատարված՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացման) առերևույթ հանցագործության նոր դեպքի հանգամանքները պարզելու նպատակով անհրաժեշտ է շարունակել քրեական գործի նախաքննությունը, ուստի քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ քրեական գործից անջատվել է վերը նշված մեղադրյալների վերաբերյալ գործը, որով նախաքննությունը 09.04.2021թ. ավարտվել և այդ մասին հայտարարվել է կողմերին: Մնացած մասով քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Տեսանյութեր

Լրահոս