Մոտ 600 մարդ հերթագրվել է COVID-19-ի դեմ պատվաստվելու համար. Գայանե Սահակյան

«Ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերություններում ևս ունենք հերթագրվածներ, ունենք նաև թեժ գծով կամ օպերատիվ զանգերի միջոցով ստացված հերթագրվածներ: Այս պահի դրությամբ` ուրբաթ օրվա տվյալներով, մոտ 600-ն է ցանկություն հայտնել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով COVID-19-ի դեմ պատվաստվել ցանկացողների մասին, ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյան:

Նրա փոխանցմամբ` հերթագրումների համար դիմող քաղաքացիներին իրենք տեղեկացնում են, որ այժմ կոնկրետ պատվաստանյութի համար չեն հերթագրում, իսկ հերթագրված քաղաքացիների հիմնական մասը տարեցներն են և ռիսկի խմբի քաղաքացիները:

«Բոլորին ասում ենք, որ կոնկրետ որևէ պատվաստանյութի համար չենք հերթագրում: Հետագայում, երբ նախարարությունը հստակ քաղաքականություն կունենա, այդ մարդկանց հետ կկապնվենք և կտեղեկացնենք»,- ասաց Գայանե Սահակյանը:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցչի խոսքով` այն դեպքերում, երբ մարդիկ զանգում և ասում են, որ ուզում են, օրինակ, հերթագրվել կոնկրետ «Sputnik V» պատվաստանյութով պատվաստվելու համար, վերջիններիս կենտրոնում չեն հերթագրում:

Նշենք նաև, որ այսօր առողջապահության նախարարը հրապարակեց նախարարության որդեգրած քաղաքականության մասին տեղեկությունը` համաձայն որի՝ «AstraZeneca» պատվաստանյութով կպատվաստվեն ռիսկային խմբերի 55-ից բարձր քաղաքացիները, իսկ «Sputnik V»-ով` ռիսկային խմբի 18-54 տարեկան քաղաքացիները:

Հիշեցնենք նաև, որ Հայաստանը ձեռք է բերել «AstraZeneca» և  «Sputnik V» պատվաստանյութերը` համապատասխանաբար 24000 և 15000 խմբաքանակներով, որոնցով առաջնահերթ պատվաստվելու են ռիսկային խմբերում ընդգրկված անձինք:

 Մանրամասները` 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս