«Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը կարող է գերիներին վերադարձնել». Ալեքսեյ Սանդիկով
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում չցանկացավ մեկնաբանել Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար Մուրադովի հայտարարությունը, թե գերիների վերաբերյալ ՀՀ իշխանություններն են հասարակությանը գցում թյուրիմացության մեջ։
«Մուրադովի հայտարարությունը չմեկնաբանեմ, որովհետև տեղյակ չեմ բուն պրոցեսից, որտեղ էր գնացել ինքնաթիռը, ինչ օրակարգ ուներ, ով էր գալիս։ Որևէ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ Ռուսաստանը, թերևս, ամենամեծ միջնորդական դերն է ստանձնել հիմնախնդրի կարգավորման փուլում, գերիների հարցը երկու երկրների ղեկավարների հանդիպման օրակարգում էր։ Իհարկե, նաև հասկանում ենք, որ բարդություններ կան, և հակառակ կողմը արհեստական խոչընդոտներ է ստեղծում վերադարձի հետ կապված»,- նշեց Ալեքսեյ Սանդիկովը։
Պատգամավորը շեշտեց, որ Հայաստանն իր բոլոր ջանքերը ներդնում է, Ռուսաստանը նույնպես իր միջնորդական ջանքերը ներդնում է, որպեսզի օր առաջ լուծվի գերիների հարցը։
Նա դժվարացավ ասել, թե որտեղից էր տարածվել առաջին լուրը, թե Բաքվից հայ ռազմագերիներ են վերադառնում հայրենիք՝ տեղեկությանը չի տիրապետում։
«Իհարկե, բոլորիս համար տհաճ իրավիճակ էր, այդ հուսախաբ մթնոլորտը, ինչը, բնականաբար, չի նվազեցնում բոլորիս հույսը, որ րոպե առաջ կունենանք գերիների վերադարձ։ Սա զգայուն թեմա է բոլորիս համար, և այն որոշակի քաղաքական շահարկումների թեմա դարձնելը բոլորիս համար ցավոտ է։ Մենք գերիների հարցով արհեստական օրակարգ ենք ստեղծում՝ չմտածելով, որ մեր համաքաղաքացիների հույզերի հետ ենք խաղում»,- հավելեց պատգամավորը։
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ի վիճակի՞ է հայ գերիներին հայրենիք վերադարձնել, պատգամավորը պատասխանեց. «Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը կարող է գերիներին վերադարձնել, այստեղ խոսքը ոչ թե մեկ անձի, այլ ամբողջ պետության մասին է»։