Կարասինը ԼՂ խնդրի կարգավորման գործում կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դերակատարումը
ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը կարծում է, որ անհրաժեշտ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո վերսկսել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների պարբերական հանդիպումները: Այս մասին նա ասել է «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում:
Կարասինը նախ և առաջ ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում արյունահեղության դադարեցումն ու 2020թ. նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրումը հնարավոր եղավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պատասխանատու դիրքորոշման շնորհիվ:
«Հիմա հարցերի հիմնական մասը կապված է հումանիտար խնդիրների հետ՝ ռազմագերիների փոխանակում, զոհվածների աճյունների վերադարձ, փախստականներ ու նրանց համար բնակության անհրաժեշտ պայմանների ապահովում: Սուր է դրված Լեռնային Ղարաբաղի տարածքի և դրա հարակից շրջանների ականազերծման հարցը»,- ասել է Կարասինը:
Նրա գնահատմամբ՝ շատ բան կախված է լինելու նրանից, թե որքան արագ հնարավոր կլինի վերականգնել վստահությունը կողմերի միջև: «Հստակ քայլերն արդեն արված են: Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ՝ շարունակվում են քաղաքական հարցերի քննարկումները, որոնվում են ուղիներ: Փոխվարչապետերի մակարդակով ակտիվ աշխատում է եռակողմ հանձնաժողովը, որը քննարկում է տնտեսական, տրանսպորտային, լոգիստիկ խնդիրներ»,- ասել է նա:
Կարասինը նշել է, որ այս հարցում դրական դերակատարում կարող են ունենալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: «Այս եռյակն ունի փորձ և արտաքին պատշաճ աջակցություն: Ենթադրվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների միջև պարբերական հանդիպումների պրակտիկան կարող է վերականգնվել, ինչը շոշափելի միջազգային արձագանք կստանար»,- հայտարարել է նա: