Բաժիններ՝

Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը վնասվածք է ստացել Քարվաճառում՝ խաչքարերը դուրս բերելիս

Երբ մարզիկները պատրաստվում էին հերթական առաջնությանը, Սիմոնը կամավորական աշխատանքներ էր կատարում Արցախում։

Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը Մոսկվայում ընթացող Եվրոպայի առաջնությունում ապրիլի 10-ին հրում վարժությունում զրո ստացավ ու դուրս մնաց երկամարտի պայքարից։ Նրան հաջողվեց փոքր ոսկե մեդալ նվաճել պոկում վարժությունում։

Երեկվանից համացանցում ակտիվորեն քննարկվում է, թե ինչպես 109 կգ քաշային կարգում հաղթողի հիմնական հավակնորդը երեք անգամ չկարողացավ բարձրացնել 227 կգ կշռող ծանրաձողը։ Դա այն դեպքում, երբ համաշխարհային բոլոր ռեկորդները այս քաշային կարգում պատկանում են աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր հայ ծանրորդին։

Ծանրաձողը չբարձրացնելուց հետո Սիմոն Մարտիրոսյանն ասաց․ «Ոտքերս չէին պահում»։

Պարզվում է՝ Սիմոնի անհաջողության պատճառը վնասվածքն էր, որը նա ստացել էր դեռ ամիսներ առաջ՝ Քարվաճառում, երբ օգնում էր փրկել հայկական խաչքարերը։ Ծանրորդի հետ տեղի ունեցած մասին Facebook-ի իր էջում պատմել է արշավական Միքայել Թոփուզյանը։

«Երբ բոլոր մարզիկները մարզվում ու պատրաստվում էին հերթական առաջնությանը, Սիմոնը կամավորական աշխատանքներ էր կատարում, երբ մի օր էր մնացել մերոնց Քարվաճառից դուրս գալու, չգիտես ինչի ձգձգվում էր էդ տարածքներից արժեքավոր խաչքարերի դուրս բերումը, արագ խումբ կազմվեց ու առաջիններից հենց ինքն էր՝ Սիմոնը, ու եթե ինքը չլիներ… Էնտեղ գտնվողները գիտեն՝ ինչ կլիներ, ու հենց էստեղ էլ եղավ վնասվածք…»,- գրում է Թոփուզյանը։

Թոփուզյանը նշում է՝ Սիմոն Մարտիրոսյանն այն մարզիկն է, «ում հետ մրցելուց վախենում են ու գիտեն, որ ընդամենը իրենից հետո կարող են արդյունքի հասնել…»։ Նա վստահ է՝ Սիմոնն այն ծանրորդն է, որը շուտով Օլիմպիական ոսկի է մեզ բերելու։

Թոփուզյանն իր էջում նաև մի քանի լուսանկարներ է հրապարակել, որոնցում Սիմոնը զինվորական համազգեստով է՝ հայրենիքի պաշտպանության դիրքերում։

May be an image of 1 person and outdoors

May be an image of one or more people, people standing, military uniform and outdoors

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս