Բաժիններ՝

Եվրոպայի առաջնությունում ամեն ինչ անկանխատեսելի է. Հակոբ Սերոբյան

Հայաստանի մարմնամարզոթյան հավաքականը Եվրոպայի առաջիկա առաջնությունում մեծ հավանականություն ունի մի քանի մեդալ նվաճելու:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը: «Իհարկե, Եվրոպայի առաջնությանը գնում ենք պայքարելու համար, 4-5 հոգի մեդալ նվաճելու հնարավորություն ունի, բայց Եվրոպայի առաջնությունում ամեն ինչ անկանխատեսելի է: Մենք հիմա գնում ենք մեդալ նվաճելու, այսօր բարձրակարգ մազրիկներ ունենք հավաքականում: Սակայն չգիտեմ, թե ինչ մարզավիճակում են մյուս մարզիկները` մեր մրցակիցները»,-նշեց Սերոբյանը:

Հավաքականի մարզումները վերսկսելու հետ մեկտեղ առաջ են եկել նաև խնդիրներ: Մարզչի խոսքով հավաքականի մարզավիճակը գերազանց չէ, բայց համեմատաբար լավ է, կան նաև վնասվածքներ ունեցող մարզիկներ:

«Մինչև Օլիմպիական խաղերը թիմը նախատեսում է 1-2 ուսումնամարզական հավաք անցկացնել: Թբիլիսիի հավաքը շատ օգտակար էր, պայմանները շատ լավ էին»-շեշտեց Սերոբյանը:

Մարզիչը խոսեց նաև Արթուր Դավթյանի Օլիմպիական խաղերի մասնակցության մասին, առանձնացնելով, որ եթե Դավթյանը նույնությամբ կատարի հենացատկի իր վարժությունը, ինչպես Եվրոպական խաղերին էր, ապա կպայքարի մեդալների համար: Իսկ նժույգ թափերի վարժությունում առաջիկայում հնարավոր է Արթուր Դավթյանի անվան տարր ավելանա: Ֆեդերացիան արդեն հայտով դիմել է միջազգային ֆեդերացիային:

Հայաստանի մարմնամարզության տղամարդկանց թիմը Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 5 մարզիկով: Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Արմեն Պետրոսյանը և Գագիկ Խաչիկյանը: Հավաքական թիմը մրցավայր կմեկնի ապրիլի 18-ին և կվերադառնա 26-ին: Եվրոպայի այս առաջնությունը կկայանա Շվեյցարիայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս