Լսողական սարքերով ընդհանրապես չի լսում. սահմանամերձ Բերդավանի փոքրիկ բնակչին վիրահատելու համար գումար է անհրաժեշտ
Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի փոքրիկ բնակիչներից Արեգն ունի օգնության կարիք։ Նրա մոտ չորրորդ աստիճանի երկկողմանի սենսոներվյալ ծանրալսություն է:
Մոր՝ Նարեի փոխանցմամբ՝ Արեգը կրում է լսողական սարքեր, սակայն արդյունք չկա, երեխան չի լսում, չի արձագանքում, և միակ լուծումը կոխլեար իմպլանտանցիան է, որն արժի 18.000 դոլար:
Նախքան վիրահատությունն անհրաժեշտ է, որ երեխան մնա Երևանում, ստանա սուրդոմանկավարժի օգնություն, որի համար նույնպես գումար չունեն:
«Տղաս 3.5 տարեկան է: Մինչև երկու տարեկանը հաստատ լսել է: Երբ 1 տարեկան 10 ամսականում երեխան սկսեց քայլել, նկատեցինք, որ երբ երեխային կանչում ենք՝ չի արձագանքում, կամ ուշ է արձագանքում: Հետո հիվանդանոց ենք տարել՝ սկրինինգի, որի արդյունքում ասացին՝ խնդիր կա, ու պարզվեց իր մոտ 100 դեցիբելից բարձր խլություն է: Սա ժառանգական չէ, ունեմ 5 տարեկան տղա երեխա, իր մոտ ամեն ինչ նորմալ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Նարեն:
Նա նշեց, որ պատճառը անգամ բժիշկները դեռ չեն կարողանում ասել:
«Մտածում եմ՝ եթե հղիության ժամանակ եմ նման խնդիր ունեցել, ապա երեխան ի ծնե այդպես կլիներ: Ինքը 3-4 անգամ թոքաբորբ է ընկել, գուցե դրա հետ կապված լինի»,- ասաց նա:
Մոր փոխանցմամբ՝ հիմա խնդիր կա նաև լսողական սարքերի հետ կապված:
«Մեզ մոտ լսողական սարքերի հետ կապված էլ խնդիր կա: Երեխան դրանց միջոցով լսել չի կարողանում: Սուրդոմանկավարժն ասում է՝ եթե 100 դեցիբելից բարձր է, դա խլություն է կոչվում, հնարավոր է՝ երեխան չլսի: Բայց երբ լսողական սարքերը հանված են, թխկոց կլինի, թե ինչ, ինքը զգում է կամ լսում, դա հստակ չեմ կարողանում հասկանալ: Սակայն, երբ լսողական սարքեր են դրված՝ ընդհանրապես չի շարժվում»,- մանրամասնեց Նարեն:
Վիրահատությունը տարվա մեջ մեկ անգամ է լինում՝ ամռանը, հունիսին կամ հուլիսին, իսկ մինչ այդ պետք է սուրդոմանկավարժները երեխայի հետ աշխատեն: Վիրահատության համար պահանջվող գումարը 2 մլն 700.000 դրամ է, իսկ, եթե արվի կոխլեար իմպլանտանցիա, ապա այն արժե 18.000 դոլար:
«Ասում են, թե ինչ-որ նյարդ կա, եթե այն վնասված եղավ՝ ինչքան ուզում ես՝ վիրահատի, չի կարող կոխլեար իմպլանտանցիան օգնել: Ու եթե հանկարծ երեխային չվիրահատեն, ես հավաքված գումարով կօգնեմ մեկ այլ երեխայի: Չեն հասկանում շատերը, որ ես երեխայի առողջության համար եմ հավաքում»,- ասաց Նարեն:
Օգնել հնարավոր է քարտային հաշվեհամարների միջոցով.
ՎՏԲ-Հայաստան բանկ
16030004119314 դրամ
16030004119315 դոլար
16030004119316 եվրո
16030004119317 ռուբլի
Ստացող՝ Նարե Խաչիկյան
Իդրամ 549330459
Telcell 54263993