«Հնարավոր է, որ մասնակցենք». Արա Զոհրաբյանը՝ հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին

«2018 թ. «հեղափոխությանը» հաջորդել է պետության կարևոր ինստիտուտների թիրախավորումը՝ ընտանիք, Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցի, բանակ՝ իր ազգային հերոսներով». այսօր «Զարթոնք» ազգային-քրիստոնեական նախաձեռնության ասուլիս-քննարկման ժամանակ ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Հարցին, թե ի՞նչ կարծիք ունի իշխանության ամենաբարձր մակարդակով հնչող այն պնդումների մասին, թե Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ մեր դիրքորոշումը պետք է փոխվի, Զոհրաբյանը պատասխանեց, որ ստեղծված իրավիճակում ինքը դեմ է դրան:

«Թշնամասիրությունը, երբ  վարվում է այն ժամանակ, երբ դու ուժեղ ես, ես դա խոցելի չեմ համարում, որովհետև ի վերջո քրիստոնեական արժեքների մեջ էլ է մտնում հակառակորդիդ սիրելը, բայց երբ  դու թույլ ես, պարտված, և քո հասարակության մեջ կան մարդկանց խմբեր, որոնք իրականությունն այլ կերպ են պատկերացնում, այս պայմաններում թշնամասիրությունը, իմ կարծիքով, մեզ ուղիղ տանում է կործանման, ինքս դեմ եմ նման մոտեցումներին»:

Փաստաբանների պալատի նախագահի կարծիքով՝ բարոյական չէ այս փուլում խոսել թշնամի երկրների հետ, օրինակ՝ առևտուր անելու և դրանից օգուտներ ստանալու  մասին, քանի որ մեր զոհերի շիրիմներին դեռ ծաղիկները չեն թառամել, իսկ շատերին էլ դեռ չենք հանձնել հողին: Զոհրաբյանի պնդմամբ՝ պարտությունից և նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո պետք է փոխվեր մեր երկրի ղեկավարը, միջազգային ատյաններում մեզ ներկայացնողը:

«Փաստաթուղթ ստորագրվեց, որում կային մի քանի կարևոր կետեր, օրինակ, որ յուրաքանչյուր ոք մնում է իր զբաղեցրած դիրքում, և ռազմագերիների հարցը շեշտադրվեց, որ պետք է վերադարձվեն, իհարկե, ժամկետ չնշվեց: Այն ժամանակ էլ պնդում էինք, որ պետք է փոխվի բանակցողը: Վարչապետը՝ անկախ պատերազմի հետ կապված իր մեղավորության կամ անմեղության հարցերից, բոլոր դեպքերում պարտված իշխանության ղեկավար է, պարզ է, որ բանակցային գործընթացում ինքը չի կարող, պարզ կենցաղային մակարդակով եթե ասենք, ինքը  չի կարող իրեն ծեծողի հետ հավասար խոսել, առնվազն հոգեբանորեն ընկճված է լինելու, պատրաստ է լինելու ավելի շատ զիջել, քան պահանջել»,- ասաց Զոհրաբյանը և ավելացրեց, որ Նիկոլ Փաշինյանին հանրությունը մինչև հիմա չի հեռացրել, քանի որ վախ ունի, որ, եթե նա հեռանա, կարող է պատերազմը վերսկսվել, մինչդեռ հակառակն է, պատերազմն ուղղակի հետաձգվում է և լինելու է ավելի վատ պայմաններով:

Զոհրաբյանի կարծիքով՝  նոր բանակցողը կարող էր բարձրացնել անվտանգային մի շարք հարցեր:

«Ինչո՞ւ ենք մենք զիջում այն հատվածները, որն ուղիղ կապ ունի մեր անվտանգության հետ, օրինակ՝ Սյունիքի ճանապարհը, Իրան-Հայաստան կապող  ճանապարհը, Մեղրին մյուս մարզերին կապող ճանապարհը, ինչո՞ւ ենք մենք թուրքի, ադրբեջանցու ազդեցության տակ դնում այդ ճանապարհը: Առնվազն՝ ինչո՞ւ ենք մենք զիջում որոշակի տարածքներ՝ Կուբաթլուի ու Զանգելանի տարածքները, երբ այդ փաստաթղթում հստակ  գրված էր, որ ամեն մեկը մնում է իր զբաղեցրած դիրքում: Դրանք լավ գործիքներ էին, եթե անգամ պետք էր զիջել, պայմանական եմ ասում, դա պետք է արվեր ամենավերջում: Պատահական չեմ համարում Մոնթեի ծննդյան օրը Քելբաջարի հանձնումը: Այս տիպի երևույթները, երբ հակառակորդն ինքն է թելադրում, ասում է՝ «այ հենց իր ծնունդի օրը պետք է Քելբաջարը ես ստանամ», սրա պատճառն իշխանության թույլ լինելու մեջ է»,- ասաց Զոհրաբյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է Նիկոլ Փաշինյանին փոխելով՝ գերիների հարցը լուծել, Փաստաբանների պալատի նախագահը պատասխանեց, որ՝ այո, սակայն Փաշինյանի պաշտոնի մնալու ամեն օրը մեզ համար ավելի դժվար է դարձնում այդ հարցի լուծումը: Արա Զոհրաբյանը հիշեցրեց, որ բազմաթիվ փաստաբաններով հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել՝ դավաճանության հանցակազմով:

«Եթե կա դավաճանությունը, դավաճանները պետք է պատասխանատվություն կրեն: Եթե չկա դավաճանություն, ապա վստահ եմ, որ կան այլ հանցակազմեր: ՀՔԾ-ն դա փորձեց կցել մեկ այլ քրեական գործի, դատարանը մեր բողոքի հիման վրա հաստատեց նրանց ապօրինի անգործությունը և պարտադրեց վերացնել մեր իրավունքի խախտումը, այդ որոշումն էլ հիմա բողոքարկվել է Վերաքննիչ դատարան»:

Անդրադառնալով սպասվող ընտրություններին մասնակցելու մասին հարցին՝ Արա Զոհրաբյանը նախ հստակեցրեց, որ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի ընտրությունների օր որոշել, նա կարող է որոշել միայն իր հրաժարականի հարցը և օրը, որից հետո կան գործընթացներ, որոնք իրավաբանորեն իր տիրույթում չեն: Հետո Փաստաբանների պալատի նախագահը մանրամասնեց, որ Փաշինյանի հրաժարականից հետո ԱԺ-ում, հնարավոր է՝ առաջադրեն վարչապետի նոր թեկնածու, որը պետք է երկու անգամ չընտրվի, ինչից հետո միայն ՀՀ նախագահը կարող է նշանակել արտահերթ ընտրությունների օր:

«Եթե այդպիսի ընտրություն հայտարարվի, մենք ընտրություններին մասնակցելը համարում ենք միջոց, և այո, նախնական ծրագրերում եթե կարողանանք համախմբում իրականացնել, ապա հնարավոր է, որ մասնակցենք»,- ասաց նա:

Արա Զոհրաբյանը հավելեց, որ պատրաստ են համագործակցել իրենց արժեքները կրող ուժերի հետ, պատրաստ չեն համագործակցել ներկա իշխանության, մասնավորապես, նրանց հետ, որոնք որոշումների կայացման մեջ մեծ դերակատարում ունեն: Փաստաբանների պալատի նախագահը նաև նշեց, որ դեռ չի քննարկվել, սակայն հնարավոր է՝ չհամագործակցեն այն սուբյեկտների հետ, որոնք մասնակցություն են ունեցել ներկա քաղաքական իշխանության ձևավորման գործում:

Տեսանյութեր

Լրահոս