Բաժիններ՝

Հայաստան է ներկրվել «AstraZeneca» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ բնակչության ռիսկի խմբերի շրջանում պատվաստումներ իրականացնելու համար՝ առանց որևէ սահմանափակման. Հակահամաճարակային Ալյանս

Հակահամաճարակային Ալյանս նախաձեռնությունը հայտարարություն է տարածել.

«Վերջին օրերին աշխարհի տարբեր երկրներից հայտնվում են հաղորդագրություններ «AstraZeneca» պատվաստանյութի կիրառման դադարեցման կամ սահմանափակումների մասին՝ պայմանավորված թրոմբոզներով և դրա հետևանքով առաջացած մահերով:

Վրաստանի կառավարությունը մարտի 19-ից սահմանափակել էր «AstraZeneca» պատվաստանյութի օգտագործումը՝ անաֆիլակտիկ շոկի հետևանքով բուժքրոջ մահվանից հետո։ Ապրիլի 8-ին Վրաստանի առողջապահության նախարարությունը որոշում է ընդունել «AstraZeneca»-ն օգտագործել միայն 55-ից բարձր տարիքի մարդկանց համար՝ երբ Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը հանգեց այն եզրակացության, որ թրոմբների ձևավորումը պետք է ներառվի բրիտանա-շվեդական ընկերության պատվաստանյութի հազվագյուտ կողմնակի ազդեցությունների ցուցակում:

Ավստրալիայում վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել է, որ 50 տարեկանից ցածր քաղաքացիները «AstraZeneca»-ով պատվաստում չեն ստանա` պայմանավորված թրոմբների առաջացման ռիսկով, ինչն էլ ստիպում է վերանայել պատվաստման ծրագիրը:

Պորտուգալիան նախատեսում է «AstraZeneca»-ով պատվաստել միայն 60 տարեկանից բարձր քաղաքացիներին: Այս քայլը երկրի առողջապահության նախարարը համարել է պատվաստման ռազմավարության «առանցքը»։

Եվրապական վերահսկիչ օրգանների այն հայտարարություննից հետո, որ գոյություն ունի հնարավոր կապ «AstraZeneca» պատվաստանյութի և թրոմբների առաջացման միջև, Մեծ Բրիտանիայում առաջարկվեց 30-ից ցածր տարիքի մարդկանց ընդունել այլընտրանքային պատվաատանյութ:

Ապրիլի 7-ին Մեծ Բրիտանիայում արդեն իսկ դադարեցվել են երեխաների շրջանում «AstraZeneca» պատվաստանյութի փորձարկումները, քանի դեռ հետազոտում են մեծահասակների մոտ պատվաստման հետ թրոմբների առաջացման կապը։

Մարտի 11-ին Նորվեգիան դադարեցրել է «AstraZeneca» պատվաստանյութի օգտագործումը, իսկ մարտի 17-ին երկրի բժշկական վերահսկիչ մարմինը հայտարարել է, որ վերջնական որոշումը կկայացվի միայն թրոմբոզի հետ պատվաստանյութի կապի մասին հետազոտությունների արդյունքների հիման վրա։

Ֆինլանդիան մարտի 19-ին հայտարարել է «AstraZeneca» պատվաստանյութի օգտագործման դադարեցման մասին՝ մինչ թրոմբոզի երկու դեպքերի հետաքննության ավարտը։ Օգտագործումը վերսկսվել է մարտի 29-ից, սակայն միայն 65 և ավելի բարձր տարիքի մարդկանց շրջանում։

Դանիան չի վերսկսի «AstraZeneca» պատվաստանյութի օգտագործումը, քանի որ մարտի 20-ի դրությամբ երկրում ստացվել է լուրջ հիվանդությունների առաջացման մասին երկու հաղորդում, այդ թվում՝ մեկ մահի վերաբերյալ։

Մինչդեռ, մարտի 28-ին Հայաստան է ներկրվել Քովիդ-19-ի դեմ բրիտանա-շվեդական արտադրության «AstraZeneca» պատվաստանյութի առաջին 24 հազար դեղաչափ խմբաքանակը՝ բնակչության ռիսկի խմբերի շրջանում պատվաստումներ իրականացնելու համար՝ առանց որևէ սահմանափակման»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս