Բաժիններ՝

Փաշինյանը Մոսկվայում, փաստորեն, փորձեց ինչ-որ իմաստով խմբագրել 2020 թվականի հունիսին կայացված որոշումը. Վահե Դավթյան

Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպման ընթացքում, հայ-ռուսական օրակարգային հարցերից զատ, Փաշինյանն արծարծեց հեռանկարային համագործակցության հարցեր. օրինակ՝ դիտարկել Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հնարավորությունը:

Որքանո՞վ է այս առաջարկն իրատեսական, և արդյո՞ք այն բացառապես տնտեսական էր. այս հարցադրումների շուրջ 168.am-ը զրուցել է «Էներգետիկ անվտանգության ինստիտուտ» գիտահետազոտական ՀԿ նախագահ, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի հետ:

«Պրիմիտիվ քաղաքական մանևրի փորձ է, որը, վստահ եմ՝ նաև ախտորոշվել և ճիշտ գնահատվել է Մոսկվայում: Այս հայտարարությամբ Փաշինյանը, փաստորեն, փորձեց ինչ-որ իմաստով խմբագրել 2020 թվականի հունիսին կայացված որոշումը, համաձայն որի՝ հայկական կողմը հրաժարվեց ռուսական վարկի մնացորդից, որ ի սկզբանե տրամադրված էր ԱԷԿ-ի շահագործումը երկարացնելու համար»,- մեզ հետ զրույցում նշեց Վահե Դավթյանը՝ նկատելով, որ այդ որոշմամբ էապես ապաանվտանգայնացվեց հայ-ռուսական էներգետիկ երկխոսությունը։

«Այն դուրս բերեց ռազմավարական տիրույթից՝ տեղափոխելով բացառապես տեխնիկական դաշտ, որովհետև «Ռոսատոմ»-ը, այնուամենայնիվ, շարունակեց կատարել իր՝ որպես գլխավոր կապալառուի գործառույթները»,- հավելեց նա:

Փորձագետը շեշտեց՝ 2020 թվականի հունիսի հայտնի որոշումը, երբ  Հայաստանը հրաժարվեց ատոմակայանի վերազինման ռուսական վարկից, քաղաքական լուրջ ազդակներ էր պարունակում՝ նկատելով, որ դրան նախորդել էին ԱՄՆ Պետդեպարտամենտի հետ այս իշխանությունների կոնսուլտացիաները, որոնց շրջանակներում խոսվում էր ՀՀ-ում մոդուլային ատոմակայանի կառուցման մասին:

Նրա գնահատմամբ, սակայն, նման հեռանկարը չի տեղավորվում այս տարածաշրջանի միջուկային էներգետիկայի և խաղաղ ատոմի զարգացման ընդհանուր տրամաբանության մեջ. «Դա կարող է զրկել Հայաստանին այն ռազմավարական կարգավիճակից, որը մենք դեռ ունենք՝ որպես խաղաղ ատոմ զարգացնող պետություն»:

«Կարծում եմ՝ Փաշինյանի առաջարկը հենց դրան էր ուղղված՝ ցույց տալու, որ 2020թ. որոշումն իրականում իր մեջ քաղաքական ազդակներ չէր պարունակում, և սա է պատճառը, որ այն գնահատում եմ՝ բացառապես մանևրելու փորձ:

Կիրառական մակարդակում այս հարցը դիտարկելով՝ նշեմ, որ այս պահի դրությամբ ՀՀ-ում նոր ատոմային բլոկ կառուցելու մասին խոսակցությունները դեռևս բաժակաճառերի մակարդակում են գտնվում՝ չնայած այն հանգամանքին, որ դրա մասին խոսվում է և՛ կառավարության ծրագրում, և՛ 2020-2040 էներգետիկայի զարգացման ծրագրի շրջանակներում:

Ես ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել՝ Հայաստանում այս պահին չկա միջուկային էներգետիկայի զարգացման հստակ սցենար։ Այսինքն՝ մենք չգիտենք, թե ինչ հզորության ատոմակայան ենք մենք ուզում, մենք չգիտենք, թե առհասարակ ինչ ուղղությամբ պետք է զարգանա ՀՀ էներգետիկ համակարգը, չունենք միջնաժամկետ-երկարաժամկետ էներգետիկ բալանսի կանխատեսումներ, և այս պարագայում նոր ԱԷԿ-ի կառուցման մասին այս խոսույթը զարգացնելուն պետք է նախորդեր հստակեցում, թե ինչ սցենարով ենք ուզում զարգացնել միջուկային էներգետիկան»,- ամփոփեց Վահե Դավթյանը՝ Փաշինյանի առաջարկը որակելով «քաղաքական հռետորաբանություն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս