Գերիների ծնողները հանդիպելու են ԱԱԾ տնօրենի հետ․ պահանջում են նաև հանդիպում Փաշինյանի հետ. Սոֆյա Հովսեփյան

Երեկ առավոտյան 11-ից անհետ կորած զինծառայողների հարազատները շարունակում են Պաշտպանության նախարարության շրջափակումը։ 

Ծնողները պահանջում են, որ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ու ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը հանդիպեն ՊՆ շենքի մոտ հավաքված բոլոր ծնողներին ու լսեն նրանց պահանջները:

Երեկ երեկոյան ՊՆ մուտքերն ու ելքերը շղթայած անհետ կորածների հարազատներին միացել էին նաև գերիների հարազատները, որոնց երեկ ստել էին, թե գերիների նոր խումբ է ժամանելու Երևան: Գերիների հարազատների մի մասն էլ վաղ առավոտից փակել էր Շիրակի մարզ տանող բոլոր ճանապարհները:

Այսօր Արցախում ռուսական խաղաղապահ բրիգադի հրամանատար Ռուստամ Մուրադովը հարցին, թե ինչու էին Հայաստանի պաշտոնատար անձինք երեկ հայտարարում, որ գերիներ են վերադարձնելու, բայց այդպես էլ չվերադարձան, արձագանքել էր.

«Կեղծ պրովոկացիա էր: Նրանք մոլորության մեջ են գցում բնակչությանը»:

Պաշտպանության նախարարության մոտ ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, թե դեռ երեկ էր հեռախոսազրույց ունեցել ռուսական կողմի հետ, ովքեր զարմացել էին՝ այդ տեղեկությունը լսելով:

«Երեկ արդեն ես տեղյակ էի և խոսել էի հենց իրենց հետ, և իրենք զարմացել էին, որ նման ինֆորմացիա է տարածվում, որ գերիներ պետք է բերեն: Մասնավորապես, որ գերիներ պետք է տեղափոխեր Մուրադովը, ով տեղյակ չէր այդ մասին, այլ նաև միևնույն ժամանակ զարմացած էր, թե ինչու է կառավարության աշխատակազմից դուրս եկել այդ ինֆորմացիան և արդեն գերիների ծնողներին փոխանցվել պատգամավորի միջոցով: Իրենք, այնուամենայնիվ, տեղյակ չէին: Թե ինչ միտում կար, չեմ կարող ասել»,- ասել էր Սոֆյա Հովսեփյանը:

Սոֆյա Հովսեփյանի խոսքով` Շիրակի մարզը շարունակում է պարալիզացված մնալ: Հովսեփյանի փոխանցմամբ` գերիների հարազատները նախապես ունեցել են պայմանավորվածություն՝ այսօր ժամը 16:00-ին հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, բայց չեն եկել և պահանջում են, որ Փաշինյանը գնա նրանց հետ հանդիպման: Պատգամավորի փոխանցմամբ` այժմ նախատեսվում է հանդիպում ԱԱԾ տնօրենի հետ:

Տեսանյութեր

Լրահոս