Լավրովը՝ Ռուսաստանի և Պակիստանի համատեղ վարժանքների հեռանկարների մասին

Ռուսաստանը կշարունակի Պակիստանի հետ համատեղ վարժանքները հանրապետության հակաահաբեկչական ներուժի ամրապնդման համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Կշարունակենք աջակցություն ցուցաբերել Պակիստանի Իսլամական Հանրապետության (ՊԻՀ) ուժային գերատեսչությունների հակաահաբեկչական պոտենցիալի ամրապնդման գործում համատեղ վարժանքների անցկացման միջոցով, ներառյալ «Բարեկամությունը» եւ «Արաբական մուսոն»-ը,- հայտարարել է Լավրովը՝ News International պակիստանյան թերթին տված հարցազրույցում: Ինչպես նշել է Լավրովը, «Մոսկվայի եւ Իսլամաբադի միջեւ ստեղծվել են բարեկամական, կառուցողական հարաբերություններ»:

Ռուսաստանցի նախարարի խոսքով՝ անցած տարին ռեկորդային դարձավ երկկողմ ապրանքաշրջանառության համար. «այն աճել է 46 տոկոսով եւ կազմել 790 մլն դոլար»:

«Անհրաժեշտ ջանքեր կներդնենք «Հյուսիս-Հարավ» գազատարի շինարարությունն սկսելու համար, որն առաջատար նախագիծ է էներգետիկայի բնագավառում: Հույս ունենք, որ ամենամոտ ժամանակներս կհամաձայնեցվեն մնացած բոլոր տեխնիկական հարցերը:

Ռուսաստանյան ընկերությունները պատրաստ են մասնակցել ՊԻՀ-ի էներգետիկական հատվածի եւ երկաթուղային համակարգի արդիականացման գործին»,- ասել է նախարարը:

Լավրովը նախօրյակին այցով ժամանել էր Պակիստան:

Ապրիլի 7-ին Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը բանակցություններ կվարի պակիստանցի գործընկերների եւ բարձրագույն քաղաքական ու զինվորական ղեկավարության հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս