«Իսկանդերների» հարցով Ադրբեջանը փորձում է թուլացնել Ռուսաստանին. Եվսեև

Շուշիի ուղղությամբ կիրառված ռուսական «Իսկանդեր» հրթիռների թեման է՛լ ավելի է խճճվում: Օրերս Բաքվում «Ազերլանդշաֆտ» ԲԲԸ-ի տարածքում Ադրբեջանի ականազերծման գործակալության ներկայացուցիչները ցուցադրեցին «Իսկանդեր» հրթիռների բեկորները, որոնք Արցախյան պատերազմում օգտագործվել են Ադրբեջանի դեմ:

Գործակալության գլխավոր շտաբի պետ Իդրիս Իսմայիլովը նշել էր, որ բեկորների հետազոտությունը ցույց է տվել, որ դա «Իսկանդեր Մ» հրթիռ է: Իհարկե, ադրբեջանական աղբյուրներից և պաշտոնյաներից տարածված տեղեկությունները Հայաստանում և հատկապես մեզ համար հիմք չեն, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանը նախագահի մակարդակով հերքում էր պատերազմում «Իսկանդերի» կիրառման փաստը, ինչը հայկական կողմն ըստ էության հաստատել էր Նիկոլ Փաշինյանի և Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, Արցախի պաշտպանության նախկին նախարար, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի կողմից:

Թեմային օրերս անդրադարձել էր ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ չտալով որոշակի որևէ պատասխան: Սակայն ադրբեջանական ԶԼՄ-ներն ակտիվորեն շրջանառում են տեղեկություն, թե ՌԴ Անվտանգության ֆեդերալ ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտն այս թեմայով հետաքննություն է սկսել Հայաստանի կողմից «Իսկանդեր-Մ»-ի ձեռքբերման և ԼՂ-ում կիրառման հարցով: Ռուսական որևէ աղբյուրից չի հաջողվում պարզել այս լուրի իսկությունը, և չի բացառվում, որ սա ադրբեջանական պրոպագանդայի շրջանակում է, որը վերջին օրերին ակտիվացրել է Ադրբեջանը:

Օրերս ռուսական «Վզգլյադ»-ի հետ զրույցում ռուս ռազմական փորձագետ, ՌԴ ԶՈՒ գնդապետ Ալեքսեյ Լեոնկովը, խոսելով այս թեմայից, ասել էր, որ Թուրքիան և Ադրբեջանը Շուշիում բեմադրել են «Իսկանդեր»-ի բեկորների ցուցադրությունը: Նա նշել էր, որ սա յուրօրինակ սադրանք է Ռուսաստանի դեմ ոչ միայն՝ Թուրքիայի, Ադրբեջանի, այլև՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից, որոնք աշխատում են Անդրկովկասից Ռուսաստանին դուրս մղելու ուղղությամբ: Ըստ նրա՝ սադրանքի նպատակը կարող է լինել յուրօրինակ աջակցությունն արևմտյան կուրատորներից Փաշինյանին, որը շուտով ստիպված կլինի անցնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջով:

168.am-ի հետ զրույցում ՌԴ ԱՊՀ ինստիտուտի Եվրասիայի բաժնի ղեկավար, ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն անդրադառնալով «Իսկանդեր» համակարգերի շուրջ զարգացող աղմուկին՝ ասաց, որ միայն կարող է ենթադրել, որ Ղարաբաղում երկրորդ պատերազմի ընթացքում օգտագործվել է 3 հրթիռ՝ հաշվի առնելով այն տեղեկությունները, որոնք հայտնվել են հիմնականում ադրբեջանական աղբյուրներում, քանի որ հայկական կողմը որևէ մանրամասն տեղեկություն չի հաղորդում:

Ամեն դեպքում, նրա խոսքով, «Իսկանդեր» հրթիռների մասսայական արձակում տեղի չի ունեցել, որի հետևանքով կարելի է դատել այս հրթիռների արդյունավետության մասին:

Վլադիմիր Եվսեևն ասաց, որ «Իսկանդերի» մարտագլխիկները բավականին մեծ են, մարտական մասը ծանր է, դա ենթադրում է, որ հրթիռի հարվածի փոսը պետք է խորը և մեծ լինի, որը բացակայում էր այն լուսանկարներից, որոնք տարածվել էին: «Դրանից կարելի է ենթադրել, որ տեղի է ունեցել օդային պայթյուն՝ առանց պայթյունի հատվածում փոս թողնելու: Հասկանալի է, որ արձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Շուշին վերցված էր, և երկու հրթիռի արձակումը չէր կարող իրավիճակ փոխել, քանի որ «Իսկանդերը»  նախատեսված է այլ նպատակների համար, օրինակ, հրամանատարական կետեր թիրախավորելու համար, կարևոր օբյեկտներ: Մյուս կողմից՝ Շուշիում մեծ ավերվածությունները երկու կողմի շահից էլ չէին բխում, դա անմտություն կլիներ»,- ասաց Եվսեևը:

Եվսեևը փորձեց բացատրել, թե ինչու է ադրբեջանական կողմը վերջին օրերին անընդհատ շրջանառում այս թեման՝ տեղեկատվական դիվերսիա իրականացնելով Ռուսաստանի հանդեպ:

Նա նշեց, որ նախ՝ ադրբեջանական կողմը պետք է հիմնավորի իսրայելական արտադրության «LORA» հրթիռների կիրառումը Ստեփանակերտում:

«Երկրորդ և գլխավորը՝ փորձում են թուլացնել հայ-ռուսական ռազմական համագործակցությունը և նման ձևով փորձում են միջամտել ՀՀ ներքաղաքական կյանքին, որը գտնվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու փուլում: Դա արվում է՝ թուլացնելու համար ՌԴ ազդեցությունը, քանի որ նրանք հասկանում են՝ ՀՀ անվտանգության հիմքում հայ-ռուսական ռազմական սերտ փոխգործակցությունն է: Ուստի ցանկացած նման համագործակցություն այդ ոլորտում հայտնվում է Ադրբեջանի թիրախում: Ցավոք սրտի, այսպես են աշխատում նաև որոշ հայ փորձագետներ, որոնք խոսում են այս մասին՝ չունենալով անհրաժեշտ որակավորում: Ուստի պետք է շատ զգույշ լինել այս հարցում, երբ ինչ որ մեկը, ով քաղաքական ղեկավար է, սկսում է խոսել «Իսկանդեր» համակարգի արդյունավետության մասին»,- ասաց Եվսեևը:

Նա նշեց, որ տեղեկատվություն և գաղափար չունի հստակ, թե կոնկրետ ինչ տեսակի «Իսկանդեր» հրթիռներ են տրամադրվել Հայաստանին, ինչ մարտագլխիկներով:

«Ամենայն հավանականությամբ, բալիստիկ հրթիռներով: Է-ն արտահանվող տարբերակն է, իսկ Մ-ն՝ մոդեռնիզացված, ավելի կատարյալ, ուստի այս թեմային դժվար է անդրադառնալ՝ չունենալով տեղեկատվություն»,- ասաց նա:

Ռուս ռազմական վերլուծաբանն այն կարծիքին է, որ պետք չէ փնտրել ռուսական սպառազինության հարցում խնդիր: «Պետք է մտածել՝ ինչպես ամրապնդել հայ-ռուսական ռազմական համագործակցությունը, այլ ոչ թե փորձել փնտրել խնդիրներ, բոլոր զենքերն են ունենում խնդիրներ: Օրինակ, բայրաքթարները ևս ունեն իրենց խնդիրները, ցանկացած զենք ունի իր առավելություններն ու խնդիրները, պետք է օբյեկտիվ վերաբերվել այս հարցին: Իսկ «Իսկանդերի» կիրառման արդյունավետությունը կախված է նաև հետախուզական ճշգրիտ տվյալներից, արդյո՞ք դրանք ճշգրիտ են եղել, այլ համակարգերը և՞ս հստակ են գործել: Այս համակարգը լավն է, երբ այլ համակարգերի հետ է աշխատում, երբ բոլորն աշխատում են, այս համակարգը ևս արդյունավետ է ու ճիշտ է աշխատում»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս