Նախարարի մայրը պատվաստվել է «Սպուտնիկ V»-ով, իսկ քաղաքացիներին առաջարկում են «Աստրազենեկա», որը եվրոպական երկրներում մահվան տասնյակ դեպքերի պատճառ է դարձել․ «Իրավունք»
««Իրավունք» թերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մայրը՝ Դեղագիտական ասոցիացիայի նախագահ և «Արմֆարմացիա» դեղագործական ընկերության տնօրեն Մարգարիտա Վարդանյանը, օրերս պատվաստվել է կորոնավիրուսային հիվանդության դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով:
Այս ամենն ուշագրավ է այն առումով, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութն 90 % պաշտպանություն ունի և համարվում է լրիվ անվտանգ, համենայնդեպս մինչ օրս ոչ մի դեպք չի գրանցվել վատ արդյունքով: Մինչդեռ, ի տարբերություն առողջապահության նախարարի մայրիկի` ՀՀ քաղաքացիների վրա այսօր, այսպես ասած, «սաղացնում են» բրիտանական ծագմամբ «Աստրազենեկա» պատվաստանյութը, որն ընդամենը 75% տոկոս պաշտպանություն ունի, էլ չասենք վտանգների մասին, եվրոպական երկրներում տասնյակ մահեր են գրանցվել, ինչպես նաև եղել են դեպքեր, որ թրոմբ է առաջացրել և այլ խնդիրներ: Օրինակ՝ Նորվեգիայում մահացել է «Աստրազենեկա» պատվաստանյութով պատվաստված բժիշկը: Ի դեպ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ընդհանրապես արգելել է իր երկրում այդ պատվաստանյութով ներարկել 60-ից բարձր տարիք ունեցող մարդկանց, քանի որ այն վտանգավոր է, հատկապես այդ տարիքի համար:
Ըստ էության, ստացվում է, որ մեր հայրենի Առողջապահության նախարարությունը բոլորովին մտահոգ չէ իր քաղաքացու կյանքի և անվտանգության համար, մինչդեռ իրենց հարազատների վրա նման «փորձարկումներ» չեն կատարում: Հիշեցնենք, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութ Հայաստան չի մտել, միայն կիրառվում է «Աստրազենեկան»: Բայց, արի ու տես, որ վերին օղակներում, փաստորեն, իրենց հարազատների համար գաղտագողի կիրառում են «Սպուտնիկ \/»-ն:
Դեռևս նախորդ տարի նոյեմբերին ՌԴ-ի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի կողմից Հայաստանին, որպես նվիրատվություն, տրվել էին կորոնավիրուսային հիվանդության դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի օրինակներ: Եվ այդ ժամանակ առաջինը պատվաստվել էր Առողջապահության նախարարության ղեկավար անձնակազմը` արդեն նախկին նախարար Արսեն Թորոսյանի գլխավորությամբ: Եվ ուրեմն` ստացվում է` բոլոր պաշտոնյաները պատվաստվում են «Սպուտնիկ \/»-ով, իսկ շարքային քաղաքացուն դեմ են տալիս «Աստրազենեկան», որովհետև հավանաբար այն ավելի էժան է, կամ, պարզապես, վերևներում ատում են սեփական ժողովրդին»: