ԱՀԿ-ն հրապարակել է ՉԺՀ-ում փորձագիտական առաքելության կազմած զեկույցը «Քովիդ-19»-ի ծագման վերաբերյալ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները, որոնք հունվարին այցելել էին Չինաստանի Ուհան քաղաք՝ ուսումնասիրելու կորոնավիրուսի տարածման աղբյուրները, չեն կարողացել միանշանակ եզրակացության գալ «Քովիդ-19»-ի ծագման վերաբերյալ: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այդ մասին ասված է ԱՀԿ առաքելության ամփոփիչ զեկույցում, որը հրապարակվել է այսօր: Մասնագետները կարծում են, որ հիվանդության տարածման առավել հավանական տարբերակն այն է, որ վիրուսը նախ փոխանցվել է կենդանուց մեկ այլ կենդանու, այնուհետև մարդուն, իսկ ամենից քիչ հավանական տարբերակը, ըստ փորձագետների, SARS-CoV-2-ի լաբորատոր ծագումն է:
Զեկույցում նշվում է, որ միջազգային խումբը 4 սցենար է ուսումնասիրել: Միջանկյալ կրողի միջոցով վարակման եղանակը գնահատվում է հավանականից մինչև շատ հավանականի սահմանում: Կենդանուց անմիջապես մարդուն փոխանցման տարբերակը գիտնականները գնահատում են հնարավորից հավանականի սահմանում:
«Հավանական» նրանք համարում են կորոնավիրուսի՝ Ուհանում սառեցված ծովամթերքի մատակարարման ճանապարհով տարածվելը: Միևնույն ժամանակ «քիչ հավանական» է համարվում «լաբորատորիայում տեղի ունեցած միջադեպի» հետևանքով մարդկանց վարակումը:
Մասնագետները կոչ են արել համագործակցությամբ շարունակել գիտական աշխատանքը կորոնավիրուսի ծագման աղբյուրները պարզելու շուրջ:
Փորձագետներն ուշադրություն են դարձրել նաև այն հանգամանքին, որ մի քանի այլ երկրներում կորոնավիրուսով վարակման դեպքեր ավելի շուտ են հայտնաբերվել, քան Ուհանում:
«Մնում է պարզել, թե որտեղից է բխում SARS-CoV-2-ի ծագումը: Թեև վիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է Ուհանում՝ որպես սուր թոքաբորբի օջախի պատճառ, մինչ այս պահը որոշակիություն չկա, թե որտեղ են ի հայտ եկել առաջին դեպքերը»,- ասվում է զեկույցում:
ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը, անդրադառնալով զեկույցի հրապարակմանը, ևս կոչ է արել շարունակել հետագա ուսումնասիրությունները:
ԱՀԿ փորձագետները Չինաստանում ուսումնասիրություններ են իրականացրել հունվարի 28-ից մինչև փետրվարի 9-ն ընկած ժամանակահատվածում, որից հետո կայացած ասուլիսում հայտարարել էին, որ հիվանդության ծագման հարցի պարզաբանման շուրջ որևէ լուրջ առաջխաղացման հասնել չեն կարողացել: