«Սա ցույց է տալիս նրանց բուն նպատակը, թե ինչ են ուզում իրականացնել Արցախում․ նույնը սպասվում է նաև մարդկանց և ամբողջ երկրին». Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանի խոսքով՝ Ադրբեջանն Արցախի գրավված տարածքներում իր վայրագություններն իրականացնում է պետական մակարդակով՝ ոչնչացնում են հայկական ամեն ինչ։

«Պետական մակարդակով ոչնչացնում են ամեն հայկականը, որը հազարամյակներ շարունակ այստեղ եղել է։ Սա նաև ցույց է տալիս նրանց բուն նպատակը, թե ինչ են ուզում իրենք իրականացնել Արցախում, եթե կարողանան ամբողջովին տիրանալ մեր երկրին։ Այսինքն՝ նույնը սպասվում է մարդկանց և ամբողջ երկրին՝ ոչնչացնելու են հայկական հետքը, հայկական մշակույթը և ամեն ինչ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Մեխակավանի հայկական Սուրբ Աստվածածին, Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցիների հիմնահատակ ոչնչացմանը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի այս բարբարոսությունների հետ կապված միջազգային կառույցների արձագանքներին, Դավիթ Բաբայանն ասաց, որ միջազգային կառույցների կողմից որևէ էական քայլ չեն տեսնում, դժբախտաբար, պետք է սպասեն, տեսնելու համար՝ կարձագանքե՞ն այդ կառույցները։

«Մենք տեսնում ենք, որ, օրինակ, Դադիվանքը փրկվեց, Ղազանչեցոց եկեղեցին, և ՌԴ նախագահի անմիջապես ջանքերի շնորհիվ է, նա հայտարարել է, որ այդ կոթողները պետք է պահպանվեն, նաև ռուս խաղաղապահներ են տեղակայված Դադիվանքում։ Բայց տվյալ դեպքում էլ Ադրբեջանը, չհամարձակվելով ավերել Դադիվանքը, փաստորեն, այն փորձում է դարձնել աղվանական․ սա մշակութային ցեղասպանության մի դրվագ է, բայց մեկ տարբերությամբ, որ չեն ոչնչացնում։

Այստեղ մենք տեսնում ենք, որ միջազգային կառույցների մի մասն այստեղ ի վիճակի չէ, մի մասը՝ անտարբեր է, այդուհանդերձ, մենք մեր աշխատանքները պետք է շարունակենք ամեն տեղ, ներկայացնենք տեղի ունեցածը, որպեսզի լինի հանրային ճնշում, պահանջ, որպեսզի միջազգային հանրությունը միջամտի, և մեր կոթողները կարողանանք պահպանել։

Նույնը կատարվում է նաև Թուրքիայում․ ո՞վ է հաշվարկել, թե այնտեղ քանի վանք ու եկեղեցի է մնացել, նույնիսկ կիսավեր վիճակով՝ շատ քիչ։ Անիի տաճարը, որը համաշխարհային ժառանգություն է, Ախթամարի Սուրբ խաչը, Պոլսո մեր պատրիարքարանի շենքերը և այլն, մնացած վայրերում հայկական հուշարձաններն ավերված են, Մշո Սուրբ Կարապետը և այլն։ Այս ամենը մեկ շղթա է, և նման ձևով նրանք պղծում են իրենց սուրբ Ղուրանը, իսլամում չկա մեկ տառ, որ անհրաժեշտ է քանդել ու ավերել քրիստոնեական հուշարձանները։ Մարիամ Աստվածածինը, Հիսուսն իսլամում սրբերի շարքին են դասված»,- հավելեց Դավիթ Բաբայանը։

Նրա դիտարկմամբ՝ ադրբեջանցիների գործողությունները հայկական եկեղեցիների նկատմամբ ունեն ոչ միայն բարբարոսական, այլև՝ սատանեական մոտեցում։

Անդրադառնալով Արցախում ռուսերենը հայերենի հետ պաշտոնական լեզու դարձնելուն և դրա նկատմամբ հանրության մի հատվածի բացասական  վերաբերմունքին, Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը նկատեց՝ հանրության 99,9 տոկոսն այդ ամենին կողմ են, աղմուկ են բարձրացնում այն մարդիկ, որոնք կա՛մ չեն հասկանում, չեն պատկերացնում իրավիճակը, կա՛մ պարզապես այլ նպատակներ ունեն՝ խարխլելու ներքին կայունությունը, հայ-ռուսական եղբայրական հարաբերությունները։

«Արցախում պետական լեզուն միակն է՝ հայերենը։ Աղմուկ բարձրացնողները՝ հասկանալով, կամ չհասկանալով, փորձում են պետական լեզուն պաշտոնականի փոխարեն ներկայացնել։ Բազմիցս ենք ասել, որ այս պահին ոչ միայն Արցախի արտաքին քաղաքականության, այլև պետականաշինության հրամայականը մեր սուբյեկտայնության պահպանումն է, այսինքն՝ Արցախի լինելիություն և նրա ի վիճակի լինելն աշխարհաքաղաքականության մեջ ինքնուրույն դերակատարի դերում հանդես գալ։

Իսկ այս ամենը պայմանավորված է և աշխարհաքաղաքական դիրքով, և լինելիությամբ, ինչպես նաև՝ սփյուռքով ու Հայաստանով։ Հիմա կարևոր է, չէ՞, որ Արցախը սփյուռքի հետ կապեր ունենա, ամենամեծ սփյուռքը գտնվում է Ռուսաստանում՝ 3 միլիոնից ավելի մարդ, և ամենաստվար հատվածը արմատներով արցախցի մեր հայրենակիցներն են, որոնց թվաքանակը հասնում է 1 միլիոնի։ Սա արցախահայության ամենամեծ կենտրոնն է, նույնիսկ ամենաշատն է, քան ՀՀ-ում են ապրում արցախցիներ։ Մենք նրանց հետ կապ չպահե՞նք, չհաստատե՞նք կապեր»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։

Տեսանյութեր

Լրահոս