Զավեշտ և թյուրիմացություն
Ցույց տալու համար, որ տնտեսության մեջ իրավիճակն այնքան էլ վատ չէ, ինչքան ներկայացվում է, փետրվարի 18-ին կայացած կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը շտապեց հայտարարել, թե ճգնաժամից հետո Հայաստանի տնտեսությունը վերականգնման նշաններ է ցույց տալիս։ Որպես հիմնավորում՝ բերվեցին ՀԴՄ-ների և փաստաթղթաշրջանառությունների վերաբերյալ որոշ կարճաժամկետ ցուցանիշներ, որոնք իբր վկայում են տնտեսության վերականգնման մասին։
«Հայաստանի տնտեսությունը hետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում։ Փետրվար ամսվա առաջին 15 օրերի տվյալներով՝ հանրապետությունում հսկիչ-դրամարկղային կտրոններով և հաշվարկային փաստաթղթերով արձանագրվել է 604 հազար գործարքով ավելի, քան նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերին, իսկ դրամաշրջանառությունը նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերի համեմատ աճել է 12 տոկոսով կամ շուրջ 31,4 մլրդ դրամով։
Ընդ որում, ուզում եմ հիշեցնել, որ նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրը դեռևս COVID-ի ազդեցությունները չկային, քանի որ դեռ Հայաստանում կորոնավիրուսի դեպք չէինք արձանագրել: Իսկ 2020թ. փետրվարը շատ լուրջ աճ արձանագրեց 2019թ. նկատմամբ:
Հարկ է արձանագրել, որ էականորեն աճել են նաև արտահանման և ներմուծման ծավալները փետրվարի առաջին 15 օրվա ընթացքում: Իհարկե, էլի ասում եմ, որ այստեղից հետևությունն այն է, որ տնտեսությունը կարծես թե մտնում է վերականգնման փուլ և, իհարկե, սա շատ կարևոր նորություն է»,- հայտարարեց կառավարության ղեկավարը։
Դեռ այն ժամանակ պարզ էր, որ սա Նիկոլ Փաշինյանի հեթական չհիմնավորված հայտարարությունն է։ Նման հայտարարություն անելու համար բացարձակ հիմքեր չկային։ Շատ ժամանակ պետք չէր դրանում համոզվելու համար։
Պաշտոնական վիճակագրությունը հրապարակել է Հայաստանի տնտեսության զարգացումների՝ փետրվար ամսվա օպերատիվ տվյալները։ Դրանք վկայում են, որ տնտեսության վերականգնման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն իրականության հետ ոչ մի առնչություն չունի։
Հայաստանի տնտեսության անկումը շարունակվում է, և վերականգնման մասին խոսք լինել չի կարող։ Փետրվարին, նախորդ տարվա փետրվարի համեմատ, արձանագրվել է տնտեսական ակտիվության 5,3 տոկոս անկում։
Անկում է արձանագրվել տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում, այդ թվում՝ այն ոլորտներում, որոնցում Նիկոլ Փաշինյանն աճեր էր ներկայացնում։ Խոսքը, մասնավորապես, արտաքին ու ներքին առևտրաշրջանառությունների մասին է։
Ներքին առևտուրը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 7,2 տոկոսով։ Արտաքին առևտրի անկումը մոտենում է նույնիսկ 10 տոկոսի։
Չնայած Նիկոլ Փաշինյանի հուսադրող հայտարարությանը, որ փետրվարի առաջին 15 օրերին էականորեն աճել են արտահանման և ներմուծման ծավալները, պաշտոնական վիճակագրությունն արձանագրել է, որ փետրվարին կրճատվել է՝ ինչպես արտահանումը, այնպես էլ՝ ներմուծումը։
Թե ո՞ւր մնացին գործարքների ու դրամաշրջանառությունների այն երկնիշ աճերը, որոնց մասին խոսում էր Նիկոլ Փաշինյանը, մնում է միայն գուշակել։
Երեք տարի վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդն այդպես էլ չհասկացավ, որ տնտեսության ու տնտեսական զարգացումների մասին չի կարելի դատել այդքան մակերեսային պատկերացումներով։ Տնտեսությունը շատ ավելի խորքային վերլուծություններ է պահանջում, քան ՀԴՄ կտրոնների քանակն է ու դրանցով արձանագրվող շրջանառությունները։
Շարունակենք թվարկել կառավարության «ձեռքբերումները» տնտեսության մյուս ճյուղերում։
Փետրվարին անկումը պահպանվել է ոչ միայն առևտրի, այլև ծառայությունների ոլորտում։ Ծառայությունների շրջանառությունը կրճատվել է ավելի քան 12 տոկոսով։
Անկում է արձանագրվել նաև տնտեսության իրական հատվածում։ Արդյունաբերության արտադրանքի ծավալը փետրվարին կրճատվել է 5,1 տոկոսով։
Տնտեսության միակ ոլորտը, որտեղ փետրվարին աճ է եղել՝ շինարարությունն է՝ 1 տոկոսից մի քիչ բարձր։
Աճ ունենք նաև միջին աշխատավարձի մասով։ Այս դեպքում այն 1 տոկոսից մի քիչ ցածր է. 0,9 տոկոս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Նույն ժամանակահատվածում սպառողական գների ինդեքսը Հայաստանում ավելացել է և կազմել 5,3 տոկոս։
Այսինքն՝ ունեցել ենք 5,3 տոկոսանոց գնաճ և միջին աշխատավարձի ընդամենը 0,9 տոկոսանոց աճ։
Գնաճի աճի տեմպը գրեթե 6 անգամ ավելին է, քան միջին աշխատավարձինը։ Թե դա ինչ է նշանակում, հետևությունները թողնում ենք սպառողներին։
Փաստն այն է, որ տնտեսական ու սոցիալական իրավիճակը Հայաստանում շարունակում է լարված մնալ։ Տարեսկզբի 2 ամիսներին, տնտեսության մեջ ակտիվության անկումը կազմել է 6,7 տոկոս։ Հունվար-փետրվարին արդյունաբերության արտադրանքը կրճատվել է գրեթե 8 տոկոսով։ Երկնիշ է՝ ինչպես ներքին առևտրի, այնպես էլ՝ ծառայությունների անկումը. առևտուրը կրճատվել է՝ 11,3, ծառայությունները՝ 12,5 տոկոսով։
Արտաքին առևտրի ոլորտում ևս հունվար-փետրվարին ունենք երկնիշ անկում՝ 12,2 տոկոս։ Նվազումն ավելի մեծ է ներմուծման պարագայում՝ գրեթե 16 տոկոս։ Արտահանման կրճատումը հասնում է 5,5 տոկոսի։
Արտաքին առևտրի ոլորտում արձանագրվող այս միտումները վկայում են Հայաստանի տնտեսության մեջ ու սոցիալական հատվածում առկա մտահոգիչ դրսևորումների մասին։ Չնայած մտահոգությունները միայն դրանով չեն սահմանափակվում։ Անկումային տրամադրությունները տնտեսության մեջ պահպանվում են, ու այս պահին անիմաստ է խոսել հետճգնաժամային վերականգնումների մասին։
Զավեշտ է, երբ արձանագրված 5,3 տոկոս անկումն էկոնոմիկայի նախարարը տնտեսության «համարյա» վերականգնում է համարում։ Ու որպես հիմնավորում՝ բերում է այն, որ անցած տարվա փետրվարը 1 օրով ավելի էր։ Հաշվի չառնելով, որ այդ ավել 1 օրը եղել է ոչ աշխատանքային։
Այսպիսի մակարդակով էլ ուզում են տնտեսություն զարգացնել ու երկնիշ աճեր են խոստանում։ Ինչքա՞ն կարելի է փրփուրներից կառչել ու թյուրիմացություններ դուրս տալ։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ