50.000 դրամ տուգանքից մինչև 6 տարի ազատազրկում. ֆեյքերի դեմ Ալեն Սիմոնյանի նոր նախագիծը

Ազգային ժողովի փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը վիրավորանքի և զրպարտության համար տուգանքի չափերը բարձրացնելու նախագծից, այն Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության կողմից մամուլի ու արտահայտվելու ազատությունը ճնշելուն սպառնացող բնորոշվելուց հետո, այժմ էլ առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել կեղծանուն աղբյուրով, կամ հանրությանն առավել հայտնի՝ ֆեյք էջով, կեղծ տեղեկություններ հրապարակելու, կեղծանուն աղբյուրով անձին զրպարտելու կամ վիրավորելու համար:

Իմքայլական պատգամավորն առաջարկում է փոփոխություններ ու լրացումներ կատարել Քրեական օրենսգրքում, Քրեական դատավարության օրենսգրքում, ինչպես նաև՝ Զանգվածային լրատվության մասին ՀՀ օրենքում:

Մարտի 23-ին շրջանառության մեջ դրված նախագծի հիմնավորումներում Ալեն Սիմոնյանը նախագծի անհրաժեշտությունը պայմանավորել է հասարակական անվտանգության և անձի արժանապատվությանն ուղղված հանցագործությունների ոլորտում պետության քրեական քաղաքականության խստացմամբ:

«Ըստ էության, վերջին տարիներին ի հայտ եկած դրսևորումներն ունեն բարձր հանրային վտանգավորություն, և առաջացել է դրանք քրեական օրենքով արգելելու կարիքը»,- նշված է նախագծի հիմնավորումներում:

Ըստ նախագծի հեղինակի՝ ժամանակակից տեխնիկական առաջընթացի պայմաններում հրապարակայնորեն, այդ թվում՝ զանգվածային հաղորդակցության միջոցների գործադրմամբ (մասնավորապես՝ սոցիալական կայքերում գրանցված կեղծ օգտատերերի միջոցով) անձանց վիրավորելը, վարկաբեկելը, զրպարտելը, բարի համբավը ոտնահարելը, ատելություն տարածելն իրենցից բարձր հանրային վտանգավորություն են ներկայացնում:

Նախագծում հիշատակված են վերջին տարիներին թե՛ աշխարհում, թե՛ Հայաստանում «էապես ավելացած» ապատեղեկատվությունները, որոնց էական մասը, ըստ հեղինակի, վտանգ է ներառում՝ պետական անվտանգության, հասարակական կարգի, բարոյականության, և խախտում է անձանց՝ պատվի ու բարի համբավի իրավունքը:

«2020 թվականին այդ ցանկին միացավ նաև հանրության առողջությունը խոցող ապատեղեկությունները, որոնց արդյունքում էական թվով մարդիկ մահացան, քանի որ հանրության որոշ հատված ապատեղեկատվության թիրախ դարձավ և հավատալով դրան՝ պակաս հետևեց սանիտարական կանոններին՝ դրանից բխող ողբերգական հետևանքներով:

2020 թվականին նաև պարզ դարձավ, որ նույնականացման ոչ ենթակա ապատեղեկություններ տարածող աղբյուրների էական մասի հետևում կանգնած է Ադրբեջանի Հանրապետությունը և նպատակ է հետապնդում վնասել Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը»,- նշված է նախագծում:

Ըստ հեղինակի՝ նախքան 2010 թ․ պետությունը քրեական քաղաքականության շրջանակներում պաշտպանում էր յուրաքանչյուրի մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի և բարի համբավի անձեռնմխելիության իրավունքը: Իսկ 2010-ին վիրավորանքն ու զրպարտությունը ապաքրեականացնելուց հետո անձանց պատվի, արժանապատվության ու գործարար համբավի իրավունքը ոտնահարելու դիտավորություն ունեցող անձինք սկսեցին տեղեկությունները տարածել հենց ընթերցողի կողմից նույնականացման ոչ ենթակա աղբյուրների միջոցով:

Նախագծի հեղինակի համոզմամբ՝ նման դրսևորումների դեմ պայքարելու և անձի պատվի ու արժանապատվության պաշտպանության սահմանադրական իրավունքի պաշտպանության միակ ուղին քրեական քաղաքականության միջոցով է, այլ կերպ ասած՝ նման դրսևորումների քրեականացման միջոցով:

Ալեն Սիմոնյանն առաջարկում է կեղծ աղբյուրի միջոցով դիտավորությամբ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկատվություն հրապարակելու համար անձին պատժել 50-100 հազար դրամ տուգանքով: Կազմակերպված խմբի կողմից նույն արարքն իրականացնելը կպատժվի 1-3 տարի ազատազրկմամբ:

Եթե կեղծ աղբյուրի միջոցով դիտավորությամբ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկատվություն հրապարակելը կատարվել է շահադիտական նպատակներով, մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնության, վարչական ռեսուրսի օգտագործմամբ կամ 5 և ավելի կեղծանուն աղբյուրների միջոցով, Ալեն Սիմոնյանի առաջարկով կպատժվի 500 հազարից մինչև 1 միլիոն դրամ տուգանքով, առավելագույնը երկու տարի ժամկետով կամ առանց դրա որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով: Կազմակերպված խմբի կողմից նույն արարքի իրականացումը կպատժվի 2-5 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 4 տարի ժամկետով կամ առանց դրա:

Կեղծ էջով համացանցում անձին վիրավորելու կամ զրպարտելու համար Սիմոնյանն առաջարկում է 200-500.000 դրամ տուգանք, կազմակերպված խմբով նույն արարքի կատարման դեպքում՝ 2-4 տարի ազատազրկում:

Շահադիտական նպատակներով, մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ, վարչական ռեսուրսի օգտագործմամբ կամ 5 և ավելի կեղծանուն աղբյուրների միջոցով համացանցում անձին վիրավորելու կամ զրպարտելու համար Ալեն Սիմոնյանը համարժեք պատիժ է համարում 1-2 միլիոն դրամ տուգանքը և առավելագույնը 2 տարի ժամկետով կամ առանց դրա որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը: Կազմակերպված խմբով այս արարքի դեպքում էլ, պատգամավորի դիրքորոշմամբ, համահունչ է 3-6 տարի ազատազրկումը՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 4 տարի ժամկետով կամ առանց դրա:

ԱԺ փոխխոսնակի ներկայացրած առաջարկով ԶԼՄ-ների մասին ՀՀ օրենքում կտրվի նաև կեղծանուն աղբյուրի բացատրությունը՝ որպես համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայք կամ համացանցային կայքի կամ բջջային հավելվածի օգտահաշիվ կամ ալիք, որի տնօրինողի նույնականացման տվյալները հրապարակված չեն նույն աղբյուրում կամ հանրահայտ չեն:

Տեսանյութեր

Լրահոս