Տիկին Աննան նստած էր հրամանատարական կետում, էկրանին ընթանում էին մարտեր, կողքին կանգնած էր Սամվել Բաբայանը. Մովսես Հակոբյան
ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Աննա Հակոբյանի հետ տեղի ունեցած միջադեպին:
Հիշեցնենք՝ ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, որ Մովսես Հակոբյանը Արցախից վերադարձել է Աննա Հակոբյանի միջամտությամբ:
«Հրամանատարական կետից ես բարձրացել եմ վերև՝ ճաշելու, իջել եմ-տեսել եմ՝ նստած է տիկին Աննան, էկրանի առաջ, որտեղ երևում են մարտական գործողությունները, կողքին կանգնած է Բաբայան Սամվելը:
Բարևել եմ, նստել սեղանի շուրջ, որովհետև այնտեղ ընթանում էր մեկ դիտարժան մարտ, բոլորդ շատ երկար ժամանակ լուսաբանում էիք, դա հակառակորդի մուտքն էր դեպի Մատաղիս, երբ որ մեր զորքերը ջախջախում էին և բավականին էֆեկտիվ էին ջախջախում:
Տիկին Աննան նստած դիտարկում էր, որևէ գործի չէր խառնվում, որևէ հարցի չէր միջամտում, ցուցումներ չէր տալիս, դիտարկում էր ընդամենը՝ ինչ էր կատարվում մարտի դաշտում: Երբ որ դա ավարտվեց, ես մոտեցա, խնդրեցի-ասեցի՝ տիկի՛ն Աննա, այսպիսի տեսարժան բաներ չի լինելու. մնացած ուղղություններում ընթանում են մարտեր: Նպատակահարմար է, որ Դուք գնաք, որովհետև տղաները խոսում են, գոռում են, կարող է նաև՝ հայհոյեն, կաշկանդվում են Ձեզնից: Ասեց՝ լավ: Մի 20 րոպե նստեց-գնաց: 4 ժամից հետո ինձ կանչեցին Երևան, եկա Պաշտպանության նախարարի մոտ՝ շատ մեծ ակնկալիքով, որ պիտի հետ դառնամ»:
Մովսես Հակոբյանը հիշեց մեկ այլ դրվագ, որպեսզի ամբողջացնի պատմածի բովանդակությունը. «Ամսի 30-ին եկել եմ վարչապետին զեկուցելու՝ չի ընդունել ինձ, ես հետ եմ վերադարձել, ասեցի՝ երևի արդեն հասկացել են, որ պիտի իրավիճակը հասկանան՝ ինչ է: Ուրախ-ուրախ, ոգևորված հասնում եմ Երևան՝ Պաշտպանության նախարարի մոտ»:
Գեներալ-գնդապետը կարծում է, թե իրեն կհարցնեն իրավիճակի մասին, մինչդեռ նրան հայտնում են, որ ինքն այլևս չպետք է գնա Արցախ. «Ասում եմ՝ պատճառն ինչ է, ասում է՝ չգիտեմ, ո՞վ է ասել՝ վարչապետը: Ասում եմ՝ ինչի՞ համար եք ինձ հանում այնտեղից: Ասում է՝ արգելել է Ձեզ էնտեղ գնալ»:
Նա լրագրողների համար կարդաց նաև այն նամակը, որն ուղղել է վարչապետին.
««Չեմ կարողանում մնալ այստեղ, ուղարկեք ինձ Արցախ, սիրտս պայթում ա»: Չի էլ բացել:
Հաջորդ օրը վարչապետը գնում է այնտեղ: ԱՀ նախագահին զանգում եմ՝ ասում, պարոն նախագահ, վարչապետը Ձեզ մոտ է, թող նամակս կարդա, և բացատրի, որ ինձ հետ ուղարկի Արցախ, ասեց՝ լավ, լավ:
Մի առ ժամանակից զանգեց-ասեց՝ վաղը 11-ին քեզ կընդունի, ու հետ կգաս Ղարաբաղ: Ուրախացա: Ժամը 10-ին զանգում եմ պրոտոկոլին՝ ասում եմ՝ ե՞րբ կընդունի ինձ, ասեց՝ կզանգեմ, ժամը 4-ին նորից եմ զանգում՝ ե՞րբ կընդունի, ասեց՝ Ձեզ կզանգեմ, հաջորդ օրը՝ 10-ին, 4-ին, այդպես՝ 3 օր անընդհատ զանգում եմ՝ ես Ձեզ կասեմ ժամը: 4-րդ օրը ասում է՝ վարչապետը Ձեզ չի ընդունել:
Հասկացա»:
ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետին ավելի ուշ նախարարը կանչում է նախարարություն՝ ասելով, թե վարչապետն է ուզում. «Գալիս եմ այնտեղ, խորհրդակցություն է գնում, չեն թույլատրում մտնել ներս: Ես իմացել եմ, թե ինչ-որ հարց են ուզում ճշտել, դրա համար են կանչել:
Խորհրդակցությունն ավարտվում է, վարչապետն ու նախարարը դուրս են գալիս, նախարարն ինձ ասում է՝ գնա՛, Օնիկ Գասպարյանը քեզ խնդիր կդնի (վիրավորական բառ են ասել, բայց բոլոր դեպքերում՝ տեղին չի…):
Մտնում եմ Օնիկ Գասպարյանի մոտ, ասում եմ՝ ի՞նչ է եղել, ասում է՝ Բաբայան Սամոն ասում ա, որ դու գաս կոորդինացնես գործողություն: Կոորդինացնել նշանակում է՝ ղեկավարել, փոխգործակցության կազմակերպում: Ես ասեցի՝ պարո՛ն Գասպարյան, դա քո գործառույթն է, և այստեղ, իմ վատ բնավորության համաձայն՝ հիշեցրի, որ՝ դու 850 հաստիք ունես այստեղ, և դրա միջոցով պետք է փոխգործակցություն կազմակերպես, և դա քո գործառույթն է, և երկրորդը՝ Բաբայան Սամոն որ ասում է, ես չեմ անի, զուտ դրա համար՝ չեմ անի, որովհետև իմ վերաբերմունքը Բաբայան Սամոյին առանձնահատուկ է:
Հարգանքով եմ վերաբերում իր անցած արածին, բայց պատերազմը ղեկավարելը այս պահին դա իր խելքի գործը չի, իսկ երկրի ղեկավարը, որ ուզում եք իմանաք, ղեկավարել է Բաբայան Սամոյի միջոցով:
Մի քանի առաջարկություն երկրի նախագահի և Բաբոյան Սամոյի, որը մտնում են բանակի հրամանատարի մոտ առաջարկություններով, ես ասացի, եթե անեք, ես դուրս եմ գալու լրատվական կենտրոն, հայտարարեմ, որ այսպիսի գործ եք անում:
Ինձ հանելու պատճառը չգիտեմ՝ ինչն է. Բաբայան Սամոյին չխանգարե՞լը, թե՞ տիկին Աննային խնդրելը հրամանատարական կետից դուրս գալու»: