Սա համարում եմ կոնկրետ պատգամավորի ամբիցիայի արդյունք, որի դեմ ոչ ոք ոչ մի քայլ չկարողացավ անել. Շուշան Դոյդոյանը՝ Ալեն Սիմոնյանի հեղինակած օրենքի մասին
Զրպարտության համար՝ մինչև 6, իսկ վիրավորանքի համար՝ մինչև 3 մլն դրամ փոխհատուցում. այսօր խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի հեղինակած Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, համաձայն որի՝ զրպարտության և վիրավորանքի համար նախատեսված փոխհատուցման չափը կավելանա։ Ի դեպ, Կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել այս նախագծին՝ նշելով, որ փոխհատուցման չափը պետք է նվազեցվի։
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանը 168.am-ի հետ զրույցում շեշտեց՝ «օրենքը մերժելի է՝ և՛ ընդունման ձևի, և՛ բովանդակության առումով»:
Շուշան Դոյդոյանը ցավով արձանագրեց, որ այս օրենքն ընդունվել է՝ հաշվի չառնելով մասնագիտական համայնքի, լրագրողական կազմակերպությունների և լրատվամիջոցների բացասական կարծիքը, նախագծի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի բավական հիմնավոր դիտարկումները և անգամ՝ Արդարադատության նախարարության առարկությունները:
«Ոչ մեկի հետ հաշվի չնստելով օրենքի նախագծի հաստատումը ես ուղղակի համարում եմ արատավոր երևույթ»,- ասաց նա:
Անդրադառնալով օրենքի բովանդակությանը՝ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահը տեղեկացրեց, որ բազմիցս տարբեր կազմակերպությունների հետ ներկայացրել են նախագծի վերաբերյալ իրենց դիտարկումները, առարկությունները, հանդես եկել հայտարարություններով. «Կարծում ենք, որ, ընդհանրապես, խստացնելով պատասխանատվության չափը, մեխանիզմները՝ հնարավոր չէ հասնել դրական արդյունքի: Ավելին՝ ողջ ծանրությունը կոտրվելու է լրատվամիջոցների, լրագրողների վրա, որոնք կանգնելու են ֆինանսական լուրջ խնդիրների առջև, և չկարողանալով վճարել փոխհատուցման չափերը՝ կարող են կանգնել նաև փակման, սնանկացման վտանգի առջև»:
Հարցին՝ արդյո՞ք սա կարող ենք համարել իշխանության վախերի դրսևորում, Շուշան Դոյդոյանը պատասխանեց. «Ես իշխանություն չէի կոչի, որովհետև գործադիրը՝ Արդարադատության նախարարությունը, դեմ էր այս նախագծի ընդունմանը: Համարում եմ, որ իշխանության քաղաքական կամքն առաջին հերթին նաև արտահայտվում է գործադիրի դիրքորոշումներում. տվյալ պարագայում մենք ունենք բացասական կարծիք: Ես սա ավելի շատ համարում եմ կոնկրետ պատգամավորների կամ պատգամավորի ամբիցիայի արդյունք, որի դեմ ոչ ոք ոչ մի քայլ չկարողացավ անել:
Խնդիրն այն է, որ այս օրենքը կարող է ջարդվել հենց այն անձանց գլխին, ովքեր կողմ են քվեարկել այս նախագծին և ովքեր նախաձեռնել են: Ինչո՞ւ, որովհետև մենք տեսնում ենք, որ քաղաքական վերնախավի որոշ ներկայացուցիչներ հենց իրենք են ոչ զուսպ և բարեխիղճ հանրային խոսքի հեղինակները, ինչի համար նրանք նույնպես կարող են կանգնել նման բարձր փոխհատուցում վճարելու պահանջի առջև:
Այնպես որ, ինչպես իմաստուն ժողովուրդն է ասում, փոս փորողը փոսն է ընկնելու. շատ կարճ ժամանակ անց, մենք դա տեսնելու ենք»:
Նկատենք՝ այսօր ևս լրագրողական մի խումբ կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել ԱԺ ընդունած՝ վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցումը եռապատկելու օրենսդրական նախագծի վերաբերյալ՝ կոչ անելով ՀՀ նախագահին՝ չստորագրել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը և ուղարկել այն Սահմանադրական դատարան՝ որոշելու դրա համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը։
Նրանք նաև դիմել էին միջազգային կազմակերպություններին, որպեսզի հրապարակայնորեն դիրքորոշում արտահայտեն վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափերին վերաբերող օրենսդրական փոփոխությունների առնչությամբ, և հորդորել իշխանություններին՝ վերանայել խոսքի ազատությանը սպառնացող այս և այլ նախաձեռնությունները։