«Նախկինների» օրոք գոնե 50/50 էր հարաբերությունը. հիմա դարձավ 50+1. նախարարությունն արդեն իր ուզած մարդկանց կդնի խորհրդի մեջ. փորձագետ
Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից ներկայացված օրենքներում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը:
Հիշեցնենք, որ օրենքի նախագիծը խստորեն քննադատվեց մասնագիտական շրջանակների կողմից, և թեև այն ԱԺ-ում առաջին ընթերցումն անցնելուց հետո որոշ փոփոխությունն էր ենթարկվել (բուհերի ռեկտորներին կընտրեն կառավարման խորհուրդները և ոչ թե լիազոր մարմինը՝ Կրթության նախարարությունը, ռեկտորի թեկնածուների համար սահմանված պահանջները կկարգավորեն բուհերը), սակայն, այդպես էլ չէր փոխվել բուհերի կառավարման խորհուրդների կազմի վերաբերյալ դրույթը։
Այսպիսով, արդեն նոր օրենքի համաձայն՝ կառավարման խորհուրդների 9 անդամներից 5-ը կներկայացնեն Կրթության նախարարությունը, 4-ը՝ բուհը։
Նկատենք՝ բուհերից ու փորձագիտական շրջանակներից մեկ անգամ չէ, որ ահազանգել են՝ սրանով նվազում է բուհական ինքնավարությունը։
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից ներկայացված օրենքներում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրինագծերի ընդունված փաթեթին, նշեց.
«Այս նախագծի հիմնական խնդիրն այն է, որ գիտությունը միավորվում է բարձրագույն կրթության հետ, ինչը շատ վիճահարույց է, որովհետև, ըստ իս, այդ երկու օրենքները պետք տարբեր լինեին: Եթե բարձրագույն կրթության գործառույթներից մեկը գիտության հետ է կապված, չի նշանակում՝ ամբողջությամբ այդ երկու օրենքները պետք է միացնել: Օրենքում էլ զգացվում է, որ միացումն արհեստական է:
Հիմա այս օրենքը նախարարությանը հնարավորություն է տալու բավական կամայական գործել գիտական ինստիտուտների հետ՝ միավորել դրանք, փակել, միացնել բուհերին: Չի բացառվում, որ գիտության համակարգում լինեն նոր կրճատումներ, որոնք կարող են նաև վատ արդյունքների բերել։ Օրինակ, հնարավոր է՝ որոշ ինստիտուտներ միացվեն բուհերին, որն այդքան էլ խելամիտ չէ, քանի որ շատ ինստիտուտներ առանձին ավելի լավ են աշխատում, քան բուհերի կազմում: Իմ հիմնական մտահոգությունն այս երկու օրենքների միավորումն է»:
Կրթության փորձագետը հավելեց նաև, որ օրենքում բուհերին առնչվող որոշակի կետեր կան, որոնք կրթական համակարգը դարձնում են ավելի ժամանակակից. «Արևմտյան համալսարանների որոշ ճկուն, մոբիլ մոդելներ ներդրվում են նաև Հայաստանում, սակայն այլ խնդիր՝ թե ինչպե՞ս է դա իրականացվելու, որովհետև Հայաստանում մեր բուհերը միմյանց հետ շատ ուժեղ մրցակցում են, և դժվար է տեսնել՝ ինչպես են այդ համագործակցության հարթակները ստեղծվելու»:
Խոսելով բուհերի կառավարման խորհուրդներում նոր՝ 5/4 հարաբերակցության մասին՝ Սերոբ Խաչատրյանը նկատեց՝ լավագույն տարբերակն այն կլիներ, որ բուհերը կառավարվեին անկախ խորհուրդներից, սակայն, ըստ նրա, նախարարությունը մտավախություն ունի՝ եթե ինքը զիջի բուհերին ինքնավարությունը, կարող են լինել անկանխատեսելի զարգացումներ:
«Օրինակ, կարող է բուհում հավաքվի մի խումբ, որն իրենց միջից ինչ-որ մեկին առաջարկի բուհի ռեկտոր, և հաղթեն, դրա համար նախարարությունն ուզում է ինքը վերահսկել, բայց այստեղ ևս կա խնդիր՝ ի՞նչ երաշխիք, որ իշխանությունը լավն է, և նրա առաջարկած թեկնածուները լավը կլինեն»,- ասաց փորձագետը՝ շեշտելով, որ պետք է հնարավորություն ստեղծվեր ինքնուրույն խորհուրդներ ձևավորելու, իսկ խորհուրդների անդամներին ներկայացվող պահանջները խստացվեին:
Նա համոզված է, որ միայն այդ ձևով կկայացվեր այդ ինստիտուտը, մինչդեռ հիմա փաստացի ունենք բուհական կառավարման խորհուրդ՝ պաշտոնապես նախարարության հսկողության տակ՝ 50+1 ձայնով:
Դիտարկմանը, թե հաշվի առնելով այն լուծումները, որոնք գործող իշխանությունները բերում են, ստացվում է, որ, թեև նրանք բողոքում էին «նախկինների» դեմ, այժմ ավելի վերահսկելի են դարձնում ոլորտը, մեր զրուցակիցն արձագանքեց.
«Նախ՝ սկսենք նրանից, որ այս օրենքի բարձրագույն կրթության հատվածը հիմնականում գրվել է «նախկինների օրոք» (կոնկրետ բարձրագույն կրթության շուրջ 6-7 տարի առաջ սկսել են աշխատել միջազգային փորձագետներ, և այդ հատվածներն առ այսօր էլ մնացին), բայց հեղափոխությունից հետո սա միավորվեց գիտությանը:
Այդ խորհուրդներից հիմնականում հանեցին այն, որ քաղաքական գործիչները չեն կարող լինել խորհրդի կազմում, բայց դա հարցի լուծում չէ. օրինակ, այսօր իշխող կուսակցության ներկայացուցիչ վարչության պետը կարող է լինել բուհի խորհրդի անդամ: Իսկ ո՞վ է ասել, որ վարչության պետը, եթե ընդգրկվում է բուհի խորհրդում, լավ է. էլի նույն բանն է, ավելի վատ՝ վարչության պետին ավելի հեշտ է մանիպուլյացնել:
Եվ, իհարկե, «նախկինների» օրոք գոնե 50/50 էր հարաբերությունը. 50՝ բուհը, 50՝ նախարարությունն ու կառավարությունը, հիմա դարձավ 50+1. արդեն նախարարությունն իր ուզած մարդկանց կդնի խորհրդի մեջ, վերջիններս էլ, բնականաբար, կընտրեն ցանկալի թեկնածուին՝ որպես բուհի ռեկտոր»: