Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և 22 այլ օրենքներում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը: Այն խորհրդարանում ներկայացրել էր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:
«Օրենքի նախագծով՝ կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով բուհերի կառավարման խորհրդի կազմը կսահմանափակվի 9 անդամով: Անդամներից 5-ին կնշանակի պետական լիազոր մարմինը, իսկ 4-ը կլինեն բուհից: Կարգելվի պետական կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց անդամությունը»,- ասել էր Դումանյանը:
Նախարարը նշել էր, որ պետբյուջեից ֆինանսավորվող կրթաթոշակային տեղերը կբաշխվեն ոչ թե ըստ բուհերի, այլ ըստ ակադեմիական ոլորտների: Բուհի ընդունելության մուտքային պահանջները բավարարող և սահմանված քննական առարկաներից վկայագիր ունեցող անձինք կարող են մասնակցել բուհերի ընդունելության մրցույթին:
«Պետական բյուջեի ֆինանսավորմամբ մի քանի կրթական ծրագրերի կամ տարբեր բուհերի նույն ակադեմիական ոլորտի կրթական ծրագրով սովորելու իրավունք ստացած դիմորդները կարող են ընտրել մեկ բուհ, որում ցանկանում են ստանալ բարձրագույն կրթություն: Բակալավրի որակավորման աստիճանի ցանկացած կրթական ծրագրով ՀՀ քաղաքացիների՝ բուհ ընդունվելու համար սահմանվում է «Հայոց լեզու» առարկայի պարտադիր քննությունը»,- հայտնել էր ԿԳՄՍ նախարարը:
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ դեմ է քվեարկելու օրենքի նախագծին:
Փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց 77 «կողմ», 35 «դեմ» և 1 «ձեռնպահ» ձայներով: