«Ուղղորդման փորձ», «բացառապես իրավական վեճ», հռետորական հարցեր, հաշիվը՝ 4:4. ՍԴ դատավորների 1-ժամյա քննարկումը՝ Քոչարյանի վերաբերյալ դիմումների շուրջ
Սահմանադրական դատարանում այսօր նախատեսված էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի Սահմանադրությանը համապատասխելու հարցը որոշելու վերաբերյալ գործով նիստը:
Գործի քննության համար ընտրվել էր գրավոր ընթացակարգը: Ու մինչև գրավոր ընթացակարգով դատաքննությանն անցնելը, այլ կերպ ասած՝ մինչև դռնփակ խորհրդակցության գնալը, ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը միջնորդեց՝ հարցը քննել բանավոր ընթացակարգով՝ հաշվի առնելով գործի հասարակական հնչեղությունը, ՍԴ անկախության և անաչառության վերաբերյալ հանրային վստահությունը կասկածի տակ դնելու բացառման անհրաժեշտությունն ու անձի՝ հրապարակային քննության իրավունքը:
Արևիկ Պետրոսյանի ներկայացրած միջնորդությանը միացավ նաև ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը, որը նշեց, թե ՔՕ 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը վերջին արդեն 2 տարում դադարել է բացառապես լինել մեկ հոդվածի սահմանադրականությունը լուծելու հարց, դրա շուրջ են ծավալված հասարակական, քաղաքական քննարկումները, և, որ այս հարցի գրավոր քննությունը կխորացնի այն դիտարկումները, որ ՍԴ-ի շուրջ վերջին 2 տարում ընթացող գործողություններն ունեցել են բացառապես քաղաքական նպատակներ և պայմանավորված են եղել այս գործով:
Եվ, ի զարմանս ոլորտի մասնագետների՝ ՍԴ նախագահ Արմեն Դիլանյանն առաջարկեց գնալ ընդմիջման ու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնել խորհրդակցական սենյակում: ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանն էլ հայտնեց, թե ընդմիջման պարագայում որևէ քննարկում իրականացնել և գործով որոշում կայացնել չեն կարող:
ՍԴ նախագահը նաև նշեց, թե իր դիրքորոշմամբ՝ վեճը բացառապես իրավական բնույթի է, իսկ «իրավական վեճի շրջանակներում մեր անելիքը բանավոր ընթացակարգով, ես կարծում եմ՝ մենք պարզապես այստեղ անելիք չունենք»:
«Մենք մեր դիրքորոշումներն արտահայտեցինք, եթե գործընկերները դրա վերաբերյալ ունեն դիրքորոշումներ, պետք է հրապարակային արտահայտեն, և դրվի քվեարկության: Ումի՞ց ենք ինչ թաքցնում… Նպատա՞կը, մյուս գործընկերների հետ քննարկել է, որ դրան կո՞ղմ կամ դե՞մ քվեարկեն: Ինչի՞ համար է ընդմիջումը»,- առաջարկին արձագանքելով՝ ասաց Հրայր Թովմասյանը:
ՍԴ մեկ այլ դատավոր՝ Էդգար Շաթիրյանը, ելույթով երկրորդեց ՍԴ նախագահի հայտարարությանը, թե գործը բացառապես իրավական բնույթ ունի, այս գործն իր համար եղել ու մնում է բացառապես իրավական: ՍԴ հենց այս դատավորի մոտ էր տպավորություն ստեղծվել, թե հիշյալ միջնորդությամբ ցանկանում են իրեն ուղղորդել:
«Ես սա գնահատում եմ՝ որպես դատարանի առանձին դատավորներին ուղղորդելու փորձ: Թող ներվի իմ այս գնահատականը, բայց ես ցանկանում էի այս մասին բարձրաձայնել: Միայն իմ մասով եմ պատասխանատու և հրապարակավ ասում եմ, որ ինձ ուղղորդելու բոլոր փորձերը դատապարտված են ի սկզբանե»,- ասաց Էդգար Շաթիրյանը:
«Այդ ո՞ր օրվանից է հանրային վստահության և հրապարակային գործունեության առաջարկով բանավոր դատաքննության անցնելը համարվում ուղղորդման փորձ»,- որպես հռետորական հարց՝ ուղղեց միջնորդությունը ներկայացրած ՍԴ դատավորին:
Մի քանի անգամ արված դիտարկումներից հետո, թե ՍԴ-ում քննվող բոլոր հարցերն են իրավական, որ նման միջնորդությունները ՍԴ աշխատակարգով անմիջապես պետք է դրվեն քվեարկության, որ չկա այս հարցի քննության համար ընդմիջման գնալու անհրաժեշտություն, ՍԴ նախագահ Արման Դիլանյանը քվեարկության դրեց Արևիկ Պետրոսյանի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը բանավոր ընթացակարգով իրականացնելու վերաբերյալ: 4:4 եղավ քվեարկության արդյունքը: Արման Դիլանյանը, Երվանդ Խունդկարյանը, Արթուր Վաղարշյանն ու Էդգար Շաթիրյանը դեմ արտահայտվեցին գործի բանավոր ընթացակարգով քննությանը, իսկ Արայիկ Թունյանը, Աշոտ Խաչատրյանը, Հրայր Թովմասյանն ու Արևիկ Պետրոսյանը՝ կողմ: Արդյունքում՝ Արևիկ Պետրոսյանի ներկայացրած միջնորդությունը չընդունվեց, ու ՍԴ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ գրավոր ընթացակարգով քննություն իրականացնելու ու որոշում կայացնելու:
Հիշեցնենք, որ 2019թ. մայիսի 20-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշման հետ մեկտեղ՝ որոշում էր կայացրել ՔՕ 300.1 հոդվածով առաջադրված մեղադրանքով գործի վարույթը կարճելու և ՔՕ 300.1 հոդվածի սահմանադրականության հարցով ՍԴ դիմելու վերաբերյալ: Նման դիմում ՍԴ էին ներկայացրել նաև Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները:
Հիշեցնենք նաև, որ Ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկվել էր Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատախազ Պետրոս Պետրոսյանի և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի կողմից: 2019թ. հունիսի 25-ի որոշմամբ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը բավարարել էր ներկայացված բողոքը՝ բեկանելով գործի կասեցման և ՍԴ դիմելու որոշումը:
Վճռաբեկ դատարանն էլ 2021 թվականի մարտի 17-ին, քննության առնելով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների վճռաբեկ բողոքը՝ վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի դատական ակտի դեմ, կայացրել էր նախադեպային որոշում՝ արձանագրելով, որ Վերաքննիչ դատարանը չէր կարող բեկանել Ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ ՍԴ դիմելու վերաբերյալ: