Քոչարյանի դիմումների գրավոր քննությունը կխորացնի դիտարկումները, որ ՍԴ-ի շուրջ վերջին 2 տարում ընթացող պրոցեսները պայմանավորված են եղել բացառապես այս գործով. Հրայր Թովմասյան
Սահմանադրական դատարանում այսօր նախատեսված էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով նիստը:
Գործի քննության համար ընտրվել էր գրավոր ընթացակարգը: Այսօրվա նիստում մինչև գրավոր ընթացակարգով դատաքննությանն անցնելը, այլ կերպ ասած՝ մինչև դռնփակ խորհրդակցության գնալը, ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը, մեջբերելով ՍԴ աշխատակարգի 66-րդ կետը, որով սահմանված է, որ ՍԴ-ն գործի դատաքննության ցանկացած փուլում «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում կարող է աշխատակարգային որոշում ընդունել՝ բանավոր դատաքննության անցնելու մասին, միջնորդեց՝ հարցը բանավոր ընթացակարգով քննել:
Արևիկ Պետրոսյանի ներկայացրած միջնորդությանը միացավ նաև ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը:
«Որքան էլ մենք ասենք, որ սա սովորական մի գործ է, և քննվում է ՔՕ 300.1 հոդվածի սահմանադրականությունը, այն վերջին արդեն 2 տարում դադարել է բացառապես լինել մեկ հոդվածի սահմանադրականությունը լուծելու հարց, և դրա շուրջ է ծավալված հասարակական, քաղաքական քննարկումները, կարծում եմ՝ Սահմանադրական դատարանին պարտավորեցնում է, որպեսզի մնա իր բարձր դիրքում, որպեսզի որևէ կասկած չթողնի հանրության մոտ, որ ՍԴ-ն այս ամբողջ ընթացքում անաչառ է, և իր համար զուտ իրավական վերլուծություններն ու փաստերն են: Հակառակ պարագայում կստեղծվի և կխորանա այն դիտարկումները, այն մոտեցումները, այն կարծիքները, որ ՍԴ-ի շուրջ վերջին երկու տարում ընթացող պրոցեսներն ունեցել են բացառապես քաղաքական նպատակներ՝ սկսած Սահմանադրական փոփոխություններից, ՍԴ տաբրեր դատավորների հետապնդումներից, և սահմանադրական կազմի փոփոխությունը կրել է բացառապես մեկ նպատակ՝ պայմանավորված այս գործով:
Սահմանադրական դատարանը պարտավոր է ապացուցել, որ դա այդպես չի: Անկախ այդ բոլոր պրոցեսներից, Սահմանադրական դատարանը դա պարտավոր է անել: Իսկ դա հնարավոր է անել բացառապես բանավոր ընթացակարգով, որպեսզի հանրությունը, առաջին հերթին՝ իրավական հանրությունը, քաջատեղյակ լինի կողմերի դիրքորոշումներին, բոլոր փաստարկներին, դրանց պատասխաններին, և որևէ մեկի մոտ հարց չմնա, թե այս գործն ընդհանրապես ինչ էր իրենից ներկայացնում, որ սա Սահմանադրական դատարանի համար բացառապես իրավական վեճ է:
Սահմանադրական դատարանի վերաբերյալ կարծիքները, չգիտեմ՝ ասեմ՝ բարեբախտաբար, ասեմ՝ ցավոք սրտի, ձևավորվում են մի քանի որոշումներով: Եթե ՍԴ-ն ընդունել է հազարավոր որոշումներ, բայց հանրության մոտ դրանք հիշվում են մի քանիսը: Դրանք ընտրական վեճերն են միգուցե, այսպես ասած՝ ԱրմենԹելի գործն էր, պետության, հանրության կարիքների համար սեփականության օտարման գործն էր, և դրանք մնացել են հանրության մոտ, և Սահմանադրական դատարանի վերաբերյալ կարծիքը, վստահությունը ձևավորվել է հենց դրանով:
Ոչ ոք չի կարող ասել, որ գրավոր ընթացակարգով գործի քննությունն առավել նպաստավոր պայմաններ կստեղծի գործի բոլոր հանգամանքները պարզելու, այդ թվում՝ նաև իրավական և ճիշտ գնահատական տալու: Փաստ է, անվիճելի է, որ դրա լավագույն միջոցը բանավոր ընթացակարգով գործի քննությունն է, և ես կրկին հորդորում եմ իմ գործընկերներին՝ անցնել բանավոր ընթացակարգի և ամբողջական, լիարժեք քննել այս գործը, լսել կողմերին, լսել, ուսումնասիրել հրապարակայնորեն գործում առկա բոլոր, այսպես ասած՝ փաստաթղթերը, իսկ դրանք բավականին շատ են՝ ի տարբերություն մեր մնացած գործերի, և դրա արդյունքում նոր կայացնել որոշում՝ հանուն Հայաստանի Հանրապետության»,- ասաց Հրայր Թովմասյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում