«Ռոբերտ Քոչարյանը ևս ունի պատշաճ, հրապարակային քննության իրավունք». Արևիկ Պետրոսյան

Սահմանադրական դատարանում այսօր նախատեսված էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի Սահմանադրության հետ համապատասխանության հարցը քննելու նիստը:

Գործի քննության համար ընտրվել էր գրավոր ընթացակարգը: Այսօրվա նիստում մինչև գրավոր ընթացակարգով գործի դատաքննությանն անցնելը, այլ կերպ ասած՝ մինևչ դռնփակ խորհրդակցության գնալը, ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը մեջբերեց ՍԴ աշխատակարգի 66-րդ կետը, որով սահմանված է, որ ՍԴ-ն գործի դատաքննության ցանկացած փուլում  «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում կարող է աշխատակարգային որոշում ընդունել՝ բանավոր դատաքննության անցնելու մասին, ապա միջնորդեց քննել  հարցը բանավոր ընթացակարգով:

Արևիկ Պետրոսյանը նշեց, որ ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի դիմումը բանավոր ընթացակարգով դատաքննության անցնելու վերաբերյալ կրկին միջնորդություն է ներկայացնում, քանի որ սույն թվականի մարտի 16-ին քննության է առնվել Հրայր Թովմասյանի և իր  ներկայացրած միջնորդությունը՝ անցնել բանավոր դատաքննության, բայց մերժման մասին որոշում չի ընդունվել: Այս գործն ունի հասարակական մեծ հնչեղությունը, ինչպես նաև կա գործի հանգամանքների առավել արդյունավետ բացահայտման անհրաժեշտություն:

«Հասարակական մեծ հնչեղություն ունեցող սույն գործով բանավոր դատաքննությունը մեծապես կնպաստի գործի հանգամանքների, այդ թվում՝ դատաքննության կողմերի հակադրվող դիրքորոշումների հիմնավորվածությանը, հրապարակային, բազմակողմանի և օբյեկտիվ բացահայտմանը, դրանով կբացառվի նաև ՍԴ անկախության և անաչառության վերաբերյալ հանրային վստահությունը նվազեցնող, ՍԴ գործողությունները, դատական ակտերը հրապարակայնորեն կասկածի տակ առնող, ինչպես նաև ՍԴ դատավորի՝ արդարադատության իրականացմանը միջամտելուն, նրա քաղաքական զսպվածությունը, չեզոքությունը, մասնագիտական և անձնական որակները կասկածի տակ առնելուն վերաբերող մեկնաբանություններին: Այլ կերպ հասարակական մեծ հնչեղություն ունեցող սույն գործով բանավոր դատաքննությունը կնպաստի ինչպես գործի հանգամանքների առավել արդյունավետ բացահայտմանը, այնպես էլ ՍԴ-ի նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը…

Այդ գործն ունի հասարակական մեծ հնչեղություն, այս գործով պայմանավորված ՍԴ հետ կապված զարգացումները, շատ մանրամասնություններին չեմ ուզում անդրադառնալ, որովհետև կարծում եմ՝ հանրությանը խիստ հայտնի է  այդ ամեն ինչը, գործի հասարակական հնչեղությունը պայմանավորված է՝ ինչպես Ռոբերտ Քոչարյանի անձով, գործի հանգամանքներով, այնպես էլ՝ հանրային իշխանության կողմից այդ գործի նկատմամբ ցուցաբերած, այսպես ընդգծված, հետաքրքրություններով:

Կուզենամ մեկ հանգամանքի վրա ևս ուշադրություն հրավիրել՝ և՛ ներկաների, և՛ մեր բոլորի, որ սահմանադրական արդարադատության զարգացումների մեջ ՍԴ-ի համար էական նշանակություն է ունեցել անհատական դիմումների քննության ինստիտուտի ներդրումը Սահմանադրական դատարանում, որը մեր պետության ժողովրդավարության, իրավական պետության  ճանապարհով անցնելու համար և գնահատականին արժանանալու համար ունեցել է հսկայական նշանակություն: Եվ այդ փոփոխությունը՝ անհատական դիմումներով քննությունը իրականացնելու, իրականացվել է 2005թ.-ի Սահմանադրական փոփոխությունների արդյունքում, որի նախաձեռնությունը իրականացրել է հանրապետության եԵրկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Եվ ինչպես ցանկացած ոք, այնպես էլ սույն դիմողը՝ Ռոբերտ Քոչարյանը, իրավունք ուներ և ներկայացրել է իր դիմումները Սահմանադրական դատարան, և պատշաճ, հրապարակային քննության իրավունք ևս նա ունի, ինչպեսև դա ընձեռվել է մեր հանրապետության և բոլոր քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող անձանց և օտարերկրյա քաղաքացիներին»,- միջնորդության հիմքում դրված պատճառաբանությունները ներկայացնելով՝ ասաց Արևիկ Պետրոսյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս