«Ցանկացած քայլ՝ ընդդեմ Օնիկ Գասպարյանի հետագա պաշտոնավարման, ստանալու է իրավական պատասխան». փաստաբան
«Ըստ էության, վերջին իրադարձություններից հետո ողջ պրոցեսը պարոն Գասպարյանի կողմից դրվեց իրավական հարթության վրա, ինչը ճիշտ կլիներ, որ ավելի շուտ աներ Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկը Սահմանադրական դատարանում վիճարկելով: Եթե նախագահը դիմեր ՍԴ, հարցի վերաբերյալ վերջնական պատասխան կունենայինք 10-օրյա ժամկետում, իսկ հիմա Վարչական դատարանն ինչքան կուզի՝ կքննի»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց արդարադատության նախկին փոխնախարար, ներկայումս՝ «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի գործընկեր Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով իրենց վստահորդի՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հայցով Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանի կողմից փաստաբանական թիմի՝ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելուն:
Նրա խոսքով՝ ըստ այդմ իրենք որոշել են, որ գործ ունեն իրավունքի ուժով ընդունված ակտի հետ ու Վարչական դատարան են ներկայացրել ճանաչման հայց՝ ասելով, որ այդ ակտը առոչինչ է, որովհետև ընդունվել է դրա իրավասությունը չունեցող մարմնի կողմից:
«Նախագահը Սահմանադրությամբ լիազորված է նշանակել Գլխավոր շտաբի պետին, որն էլ պաշտոնավարելու է 5 տարվա ժամկետով: Մեր պնդումն այն էր, որ սա հատուկ է արված, որպեսզի քաղաքական իրադրության փոփոխության դեպքում Զինված ուժերի գլխավոր հրամանատարը փոփոխման ենթակա չլինի, ստաբիլ կատարի իր գործառույթները, որպեսզի բանակն էլ իր սահմանադրական առաքելությունն իրականացնի՝ անվտանգության, սահմանների պաշտպանության նկատառումներով: Դրա համար ներկայացրեցինք այս տեսակ հայց»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը:
Փաստաբանը շեշտում է, սակայն, որ քանի որ այս իրավական հարցերը նոր էին, չկային նմանատիպ դատական պրակտիկա, Վճռաբեկ դատարանի նախադեպեր, փորձել են հարցը մի քանի ուղղություններով տանել, որովհետև վերջիվերջո պարզ չէր՝ դրանցից որը դատարանն իրավաչափ կհամարի:
«Դրա համար զուգահեռ նաև 2-րդ հայցը ներկայացրեցինք՝ վիճարկման հայցը, որով, վիճարկելով իրավունքի ուժով ընդունված ակտը, նշում էինք, որ եթե, օրինակ, դատարանը, ելնելով այն կանխավարկածից, որ Սահմանադրության 133-րդ կետը կիրառելի է Օնիկ Գասպարյանի նկատմամբ, գրված է, որ բարձրագույն հրամկազմին պաշտոնի նշանակում և ազատում է ՀՀ նախագահը, միևնույն է, ազատման ակտը ոչ իրավաչափ է, որովհետև ընդունվել է մի շարք խախտումներով: Չկա, օրինակ, պաշտպանության նախարարի առաջարկությունը, ակտը հիմնավորված, պատճառաբանված չէր, ակտն ընդունվել էր նրա համար, որովհետև մինչ այդ եղել էր Օնիկ Գասպարյանի՝ կարծիք արտահայտելու հնարավորությունը: Այսինքն՝ կամայական ակտ էր, որը ենթակա էր անվավեր ճանաչվելու»,- նշեց փաստաբանը:
Ըստ նրա՝ երկու հայցերն էլ մակագրվել էին նույն դատավորին՝ Մհեր Պետրոսյանին, ով երկու հայցերն էլ վերադարձրել է՝ ասելով, որ իր կարծիքով՝ քանի որ այստեղ խոսք չկա ակտի մասին, այսինքն՝ իրավունքի ուժով հաստատվել է այն փաստը, որ Օնիկ Գասպարյանն աշխատանքից ազատված է, մենք չենք կարող վիճարկել այն:
«Կանխատեսելով ընթացքը՝ մենք շատ արագ, նախօրոք պատրաստած լինելով ու մի փոքր լրամշակելով, մի քանի ժամվա մեջ 3-րդ հայցը ներկայացրեցինք դատարան: Սա ևս ճանաչման հայց էր, և, բնականաբար, ներկայացրեցինք նաև հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը, ինչը շատ կարևոր էր, հակառակ դեպքում, եթե նշանակվեր նոր անձ ԳՇ պետի պաշտոնում, մենք մեր խախտված իրավունքները չէինք կարող վերականգնել: Մենք այս անգամ դատարան մտանք այդ իրավահարաբերության բացակայության հայցով»,- նշեց Արթուր Հովհաննիսյանը:
Դատարանին, փաստաբանի ներկայացմամբ, իրենք դիմել են՝ ճանաչելու համար, որ չկա նման իրավահարաբերություն, որ վարչական մարմին հանդիսացող վարչապետը կամ նախագահը կարող են պաշտոնից ազատել ԳՇ պետին:
«Այսինքն՝ հայցի հիմքում դրեցինք իրավունքի վեճ երեք մարմինների միջև՝ Գլխավոր շտաբի պետ-Վարչապետ-Նախագահ, և դատարանին խնդրեցինք ճանաչել, որ այս երեք մարմինների միջև չի կարող լինել իրավահարաբերություն առ այն, որ այդ երկուսից մեկը կարող է ազատել պարոն Գասպարյանին: Իսկ հայցի ապահովում կիրառելու էությունն էլ հետևյալն էր՝ ժամանակավորապես հայցը բավարարել: Դատարանն իրավացիորեն նախ հայցը վարույթ ընդունեց, ապա բավարարեց հայցի ապահովման միջոց կիրառելու մեր միջնորդությունը»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը:
Վերջինս նշեց, որ պատճառաբանական մասում դատարանը գրել է, որ եթե չբավարարի միջնորդությունը, ապա հետագայում Օնիկ Գասպարյանն այլևս երբեք չի կարող վերականգնել իր խախտված իրավունքները՝ հաշվի առնելով նաև հարցի հանրային հնչեղությունը, ԳՇ պետի պաշտոնը, ԶՈՒ տրամադրվածությունը և այլ հանգամանքներ:
Անդրադառնալով օրեր առաջ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի այն ծավալուն դիտարկմանը, թե Օնիկ Գասպարյանը չի կարող վերադառնալ աշխատանքի, Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ նախարարի դիրքորոշումն է դա, ինչը վիճելի է:
«Սակայն երեկ տեղի ունեցած դեպքը կանխատեսելի չի եղել որևէ մեկի համար, որովհետև մենք այնպիսի հայցով ենք մտել, որը չի քննարկվել: Չեն կանխատեսել, որ մենք դատարան կմտնենք իրավահարաբերությունների բացակայության հայցով, հայցի ապահովում կուզեինք, ինչն էլ այս բովանդակությամբ կբավարարվեր: Դրա համար գործադիրի ներկայացուցիչները նման դիտարկում էին արել»,- նկատեց փաստաբանը:
Հարցին, թե ի՞նչ է անելու Օնիկ Գասպարյանը, Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց՝ ներկայանալու է աշխատանքի, պարտավոր է ներկայանալ:
«Այսօր արդեն գնացել է աշխատանքի: Նա պարտավոր է լինել ԳՇ-ում: Հանրային ծառայող է, զինվորական է: Ավելին, եթե չներկայանա աշխատանքի, քրեական պատասխանատվության կենթարկվի խիստ, որովհետև մենք, չգիտես ինչու, դեռ ռազմական դրության մեջ ենք, իսկ զինվորական ծառայությունից խուսափելը ռազմական դրության ժամանակ ոչ միայն հանցագործություն է, այլև այն ծանրացնող հանգամանք: Հետևաբար՝ Օնիկ Գասպարյանը շարունակում է պաշտոնավարել»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը:
Մինչ զրուցում էինք այլ թեմաների շուրջ, տեղեկատվություն ստացվեց կառավարության արձագանքի մասին, ըստ որի՝ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով ազատված է աշխատանքից ու չի կարող վերականգնվել իր զբաղեցրած պաշտոնում:
«Շատ լավ են ասում՝ իրավունքի ուժով: Դատարանն ասել է՝ չկա նման իրավունք: Եթե չկա նման իրավունք, ուրեմն չկա իրավունքի ուժով ոչինչ: Մենք ասում ենք՝ չկա իրավահարաբերություն, որ կարող էր Օնիկ Գասպարյանը ազատվել: Դատարանը ժամանակավորապես դա է արձանագրել: Հակառակը պնդելը նշանակում է՝ հակադրվել դատարանի կայացրած ակտին: Ցանկացած քայլ՝ ընդդեմ Օնիկ Գասպարյանի հետագա պաշտոնավարման, ստանալու է իրավական պատասխան»,- եզրափակեց Արթուր Հովհաննիսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում