Իսկ միգուցե Ալեն Սիմոնյանը հանգիստ թողնի դատարաններն ու այդ ջերմեռանդությամբ իր թիմակիցների հետ գնա Շուշին ու Հադրո՞ւթը վերցնելու…
Երկու օր առաջ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, հերթական անգամ հուզվելով իր վերաբերյալ հերթական անհաճո հրապարակումից հավանաբար, իր ֆեյսբուքյան էջում գրել էր.
«Երկրի կեսը սեփականաշնորհած, հեռուստատեսություններ և շենքեր գնած, ռազմավարական օբյեկտներ յուրացրած, մարդկանցից բիզնեսներ խլած և ինքնասպանության հասցրած, բանակը թալանած, մարդկանց ձայները գողացած, մարդասպան միլիարդատերերն ուզում են տարածել, թե ես իբր Դավթաշենում 26.500$ հողատարածք ունե՞մ ու Toyota Camry 11.000$ … Ո՞ւմ եք էշի տեղ դրել»:
Ալեն Սիմոնյանին հիշելու նպատակը, սակայն, ոչ այս գրառումն էր, ոչ դրա առիթը և ոչ էլ բովանդակությունը, այլ այն քննարկումը, որը ծավալվել էր այդ հրապարակման ներքո, և որի մի մասն այս պահին արդեն չկա:
Օգտատերերից մեկի դիտարկմանը՝ թե «Պարոն Սիմոնյան, բա ձեռքներից վերցրեք», ԱԺ փոխնախագահը, նկատենք՝ «ժողովրդավարության բաստիոն» հռչակված ԱԺ երկրի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքել է․ «Հլա սպասի դատարանները վերցնենք»:
Հետո հավանաբար ինչ-որ մեկը հուշել է, որ, մեղմ ասած, մարդկանց հիշողության մեջ դեռևս թարմ է 2019թ. մայիսի՝ դատարանների օկուպացիայի հիշողությունը, կամ, որ դատարաններն ամեն դեպքում Շուշին ու Հադրութը չեն, որ նման էնտուզիազմով գրում է դրանք վերցնելու մասին, ու ԱԺ փոխխոսնակ բարձրաստիճան պաշտոնյան անհետացրեց օգտատիրոջ գրառումն էլ, իր մեկնաբանությունն էլ: Սակայն, ինչպես ասում են, «рукописи не горят», և տեխնիկական հնարավորությունների մեր ժամանակներում ջնջած-չջնջած՝ մի հաշիվ է:
Ի դեպ, նշված օգտատերն էլ է զարմացել՝ տեսնելով իր մեկնաբանության բացակայությունը:
Այն, որ իշխանությունները լծված են «դատարանների առումը» օպերացիային, ու դրա համար ոչ մի ջանք չեն խնայում, բոլորի համար է պարզ, բայց որ այնքան խորացած կլինեն դա իրականացնելու մեջ, որ նույնիսկ ենթագիտակցության մեջ դա կդաջեն, փոքր-ինչ անսպասելի է:
Բարձրագույն դատական խորհրդի՝ իրավաբան-գիտնական անդամ Գրիգոր Բեքմեզյանին 168.am–ը հարցրեց, թե ինչպես կմեկնաբանի իշխանության բարձրագույն մարմնի ներկայացուցչի այդ մեկնաբանությունը:
– Քանի որ հեռացրել է, կթողնեմ առանց մեկնաբանության:
– Բայց պատճենը (սքրին շոթը) կա, ու հեռացնելը չի նշանակում, որ չի ասել նման բան, կամ իշխանությունը նման մտադրություն չունի:
– Ամեն դեպքում այս պահին ոչ մի մեկնաբանություն չեմ տա։ ԲԴԽ-ում կքննարկենք, և եթե անհրաժեշտություն տեսնենք՝ ԲԴԽ-ն կարձագանքի։
Ինչևէ, երեկ արդեն իսկ լուր տարածվեց, որ Նիկոլ Փաշինյանի հրահանգով ուժայինները զբաղված են ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի գործով դատավոր Մհեր Պետրոսյանի վրա ճնշում գործադրելով, որպեսզի վերջինս չբավարարի հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը:
Դատավորի դեմ գործի են դրվել բոլոր հնարավոր մեթոդները` սպառնալիք, շանտաժ, մտերիմների վրա ճնշումներ։
Հիշեցնենք, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը դիմել էր Վարչական դատարան՝ իր ազատման հրամանն ապօրինի ճանաչելու պահանջով, որը մակագրվել էր դատավոր Մհեր Պետրոսյանին:
Թե ինչպես իրեն կդրսևորի Մհեր Պետրոսյանը ու որքանով կկարողանա մարդկայնորեն դիմադրել այն ահռելի ճնշումներին, որոնք, ըստ ամենայնի, գործադրվում են դատավորի վրա, ցույց կտա ժամանակը, սակայն նկատենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը՝ որպես, այդ թվում՝ նաև դատարանների անկախության երաշխավոր, պարտավոր է քննության առնել Ալեն Սիմոնյանի մեկնաբանությունն ու դրա հետևանքները:
Ցանկացած դատավոր ամուր թիկունք պետք է ունենա՝ ի դեմս լիազոր մարմնի: