Ղարաբաղյան ճգնաժամը մնում է չլուծված, և հայտնի չէ՝ ով է տալու անհրաժեշտ լուծումները․ Մալաշենկո
Նախօրեին հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հաղորդել էր ՌԴ նախագահի պաշտոնական կայքը: Հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ֆիքսված՝ Լեռնային Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունների իրականացման պրակտիկ ասպեկտները: Գոհունակությամբ արձանագրվել է, որ կրակի դադարեցման ռեժիմն անշեղորեն կատարվում է, իսկ իրավիճակը տարածաշրջանում, ընդհանուր առմամբ, մնում է կայուն ու հանգիստ:
Կրեմլի հաղորդագրությունում ասվում է, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը բարձր են գնահատել շփման գծում և Լաչինի միջանցքի երկայնքով ռուս խաղաղապահ կոնտինգենտի արդյունավետ գործողությունները: Շոշափվել են նաև Հարավային Կովկասում տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման հետ կապված հարցեր: Այս կոնտեքստում դրականորեն մատնանշվել է երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ գործող Աշխատանքային խմբի գործունեությունը:
Նշենք, որ առաջիկա օրերին լայնամասշտաբ զորավարժություններ են անցկացնելու թե Հայաստանի Հանրապետությունը, թե Ադրբեջանը, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ պատերազմը սկսվեց ադրբեջանաթուրքական զորավարժությունների անցկացման փուլում, ինչպես նաև տարաձայնությունները Զանգեզուրի միջանցքի հարցում, քիչ չեն մեկնաբանությունները նոր պատերազմի վերսկսման մասին։
Ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոյի խոսքով՝ պետք է արձանագրել, որ տեղի է ունեցել պատերազմ, որում Հայաստանը պարտվել է, Ադրբեջանը՝ հաղթել, սակայն քաղաքական ճգնաժամը չի լուծվել, հակամարտությունը կարգավորված չէ, լուծված չեն առանցքային հարցերը, ինչպես կարգավիճակի հարցը, ճանապարհների և խաղաղության հասնելու ճանապարհային քարտեզը չկա, ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետի ավարտից հետո ինչ է լինելու, և հայտնի չէ՝ ով է լուծելու այս բոլոր հարցերը։
«Նկատի ունեմ ԵԱՀԿ ՄԽ-ն, որն ապացուցեց իր անգործունակությունը և ներկայումս էլ չի կարողանում վերակենդանանալ»,- 168․am-ի հետ զրույցում ասաց վերլուծաբանը։
Ըստ նրա՝ հարկ է ամրագրել, որ Հայաստանում կա ներքաղաքական ճգնաժամային իրավիճակ, որը, դեռ հայտնի չէ, թե ինչ ճանապարհով կլուծվի, հասկանալի է, որ ընտրությունների անցկացման դեպքում դրանք հեշտ չեն լինելու, և ներքաղաքական անցուդարձը դեռ շատ խնդրահարույց է։
«Սրան զուգահեռ՝ կան պայմանավորվածություններ, որոնց կատարմանը հետևում է ռուսական կողմը։ Ադրբեջանի ցանկությունն է՝ հնարավորինս շուտ համաձայնություն ձեռք բերել Նախիջևանին կապող ճանապարհի հարցում, բայց հասկանալի է, որ պայմանավորվածությունների կատարումը և ընդհանրապես խաղաղության հաստատումը բարդ պրոցես է, քանի որ տարաձայնությունները, ըստ էության, վերացած չեն։ Ռուսաստանի դերն այս ամենում՝ հետևելն է իրավիճակին, բանակցություններին, և լարվածություն կողմերի միջև թույլ չտալն է։ Կարծում եմ՝ սրանով է պայմանավորված զուգահեռ հեռախոսազրույցները Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ։ Իսկ ընդհանուր առմամբ պատերազմը չափազանց անկանխատեսելի է, փաստն այն է, որ եղավ պատերազմ, բայց գլխավոր հարցերը մնացին չլուծված։ Ղարաբաղյան ճգնաժամը մնում է չլուծված»,- ասաց Մալաշենկոն։
Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ օրերս ՌԴ-ի և Թուրքիայի նախագահները մասնակցեցին թուրքական «Ակույու» ատոմակայանի երրորդ էներգաբլոկի հիմնարկեքին՝ ցույց տալով, որ հարաբերությունները կարող են լինել կոնֆլիկտային և համագործակցային, ինչը բացառիկ օրինակ է։
«Նրանք նաև արձանագրեցին, որ այդ համագործակցության շնորհիվ կարողանում են բեկումներ մտցնել նաև հարևան հակամարտությունների կարգավորման հարցում, նշվեց թե Սիրիայի, թե Ղարաբաղի մասին։ Անհանգստացնողը չկարգավորված հարցերն են, բայց նոր պատերազմի մասին խոսել, երբ Ղարաբաղում ռուս խաղաղապահներ են, ՀՀ-ում ռուսական բազա, որը հագեցվելու է, կա ռուս-թուրքական ոչ վատ համագործակցություն, մի փոքր չափազանցված է։ Հակամարտ գոտիներում միշտ կան ռիսկեր, բայց պատերազմից հետո կան եռակողմ բանակցություններ, որոնք մասամբ հաջողված են և մասամբ՝ գուցե անհաջող, ինչը կարելի էր կանխատեսել։ Այնուամենայնիվ, օրերս ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ասաց, որ ռուսական կողմը վտանգներ չի տեսնում, ինչը, կարծում եմ՝ ուղենիշային և ոչ պատահական հայտարարություն էր»,- ասաց Մալաշենկոն։