Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ
Կրեմլի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 11-ին և 12-ին հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերի իրականացման գործնական ասպեկտները՝ ամրագրված 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում: Գոհունակությամբ նշվել է, որ հրադադարի ռեժիմն անշեղորեն պահպանվում է, իսկ իրադրությունը տարածաշրջանում, ընդհանուր առմամբ, մնում է կայուն և հանդարտ:
Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը բարձր են գնահատել շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի արդյունավետ գործողությունները:
Անդրադարձ է եղել նաև Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանն առնչվող հարցերին: Այս համատեքստում դրականորեն է նշվել երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ գործող Աշխատանքային խմբի գործունեությունը:
Մտքերի փոխանակություն է կատարվել ռուս-ադրբեջանական և ռուս-հայկական համագործակցության արդիական հարցերի շուրջ: