Բաժիններ՝

Հետպատերազմյան Հայաստանում ներդրումներ ապահովելը շատ դժվար է լինելու. Տնտեսագետ

Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի հաղորդագրության՝ Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2021թ. փետրվարին հունվարի համեմատ սպառողական գներն աճել են 0.4-1.2%-ով:

2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի՝ 7.8%, իսկ 2021թ. հունվարի համեմատ՝ 0.6% գնաճ:

Բանջարեղենի ապրանքախմբում 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ արձանագրվել է՝ 13.1%, իսկ 2021թ. հունվարի համեմատ՝ 2.9% գնաճ: Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ արձանագրվել է՝ 19.7%, իսկ 2021թ. հունվարի համեմատ՝ 2.5% գնաճ (արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ կազմել է՝ 50.4%, իսկ 2020թ. հունվարի համեմատ՝ 5.4%):

Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ գրանցվել է՝ 9.0%, իսկ 2021թ. հունվարի համեմատ՝ 0.6% գնաճ (հացի և ալյուրի գնաճը 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ կազմել է, համապատասխանաբար, 8.4% և 13.3%, իսկ 2021թ. հունվարի համեմատ՝ 0.5% և 0.6%):

2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է՝ 1.5%, իսկ 2021թ. հունվարի համեմատ՝ 0.4% գնաճ: Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ արձանագրվել է՝ 13.1%, իսկ 2021թ. հունվարի համեմատ՝ 0.3% գնաճ: Ձվի գինը 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ աճել է 52.5%-ով, իսկ 2021թ. հունվարի համեմատ գրանցվել է 1.4 % գնանկում: Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ արձանագրվել է՝ 40.6%, իսկ 2021թ. հունվարի համեմատ՝ 0.2% գնաճ: Մրգի ապրանքախմբում 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 8.3% գնաճ, իսկ 2021թ. հունվարի համեմատ` 3.3% գնանկում:

2021թ. փետրվարին հունվարի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 2.3%-ով։

Տնտեսագետ Հրանտ Միքայելյանի կարծիքով՝ կառավարությունը հիմա պետք է կենտրոնանա տնտեսական աճի, այլ ոչ թե՝ գնաճի վրա:

«Գնաճը դեռ այնքան էլ բարձր չէ: Փետրվարին 5.5 տոկոս էր, սպառողների համար զգալի է, բայց մակրոտնտեսական տեսանկյունից՝ ոչ:

Այն քաղաքականությունը, որը բավականին երկար ժամանակ վարվում էր Կենտրոնական բանկի կողմից, որպեսզի զսպվի գնաճը, իմ կարծիքով՝ սխալ էր, և կառավարությունը հիմա պետք է կենտրոնանա տնտեսական աճի, այլ ոչ թե՝ գնաճի վրա: Գնաճը սպառողի տեսանկյունից կարող է ցավալի լինել, բայց կարճաժամկետ, իսկ տնտեսական աճն ավելի մեծ օգուտներ է բերելու արդեն միջնաժամկետ, դեպի երեք տարվա կտրվածքով: Այսպիսով, հիմա ոչ թե գնաճը պետք է զսպել, այլ տնտեսական աճ ապահովել: Եվ որոշ դեպքերում գնաճի դեմ քաղաքականությունը տնտեսական աճին խանգարում է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հրանտ Միքայելյանը:

Ինչ վերաբերում է  ոլորտի շատ մասնագետների այն կարծիքին, որ խնդրի երկարաժամկետ լուծումը, իհարկե, նոր աշխատատեղեր բացելը, փոքր բիզնեսը խթանող ծրագրերին օժանդակելն է, տնտեսագետը նշեց, որ դա որոշ հարցերի լուծում է, բայց ոչ գնաճի:

«Իհարկե, սա որոշ հարցերի լուծում է, բայց ոչ գնաճի: Դա ևս կարող է գնաճը բարձրացնել, սակայն հիմնականում կարող է մարդկանց բարեկեցության հարցը լուծել: Զբաղվածության հարցը կարևոր է ոչ միայն՝ իր տնտեսական հետևանքներով, այլ նաև՝ սոցիալական և ժողովրդագրական: Տնտեսական աճն ապահովելը տարբեր քաղաքականություններ է իր մեջ ներառում: Տարբեր ոլորտներում տարբեր գործողություններ պետք է արվեն: Բայց այն ժամանակ, երբ փորձում էին գնաճը զսպել, որոշ դեպքերում տնտեսական աճը դանդաղեց»,- մանրամասնեց Հրանտ Միքայելյանը:

Խոսելով ներդրումների մասին՝ տնտեսագետն ասաց, որ մենք ներդրումներ չունենք բազմաթիվ պատճառներով, որն ինչ-որ չափով կապ ունի երկրի ներքաղաքական վիճակի հետ, բայց ամենակարևորն արտաքին հարցերն են:

«Պետք է խրախուսել տեղական խոշոր բիզնեսների հետ աշխատանքը, որը չի արվում: Բազմաթիվ՝ և՛ դրսի, և՛ ներսի հայերի պոտենցիալը չի օգտագործվում: Այսօրվա դրությամբ հետպատերազմյան Հայաստանում ներդրումներ ապահովելը շատ դժվար է լինելու, և ես կկենտրոնանայի ներքին ներդրումների վրա, և եթե մեծ ծավալներով ներդրում ապահովեն հատկապես այն ոլորտներում, որտեղ կարելի է աշխատատեղ ստեղծել, կարծում եմ՝ դրանց կհետևեն նաև արտաքին ներդրումները»,- եզրափակեց Հրանտ Միքայելյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս