«Նիկոլ Փաշինյանի կողմից փորձ է արվել նույնիսկ ձերբակալել Օնիկ Գասպարյանին. նպատակը մեկն է՝ հիմա էլ կործանել բանակը». Գրիգոր Գրիգորյան

«Պատերազմից 15 օր առաջ եղել ենք Պաշտպանության նախարարությունում (ՊՆ), ասել, որ մոտալուտ է պատերազմի վտանգը, ասել ենք՝ յուրաքանչյուրս պատրաստ ենք ջոկատներով կցվել որևէ մի զորամասի, որպեսզի նրանք ունենան առաջին օգնության ուժը: Մեր առաջարկը, չգիտեմ ինչու, մերժվեց»,- Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում ասաց «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» կազմակերպության նախագահ, պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանը:

Պահեստազորի գնդապետի խոսքով՝ գիտակցելով մոտալուտ վտանգը, համադրելով հնարավոր պատերազմի մասին տեղեկատվությունը, գործող իշխանությունները պետք է պատրաստվեին լայնածավալ այդ պատերազմին՝ բոլոր զորամասերն ու պահեստազորային ուժերն անցած լինեին մարտական պատրաստության:

Ըստ Գրիգոր Գրիգորյանի՝ բոլորովին պատահական չէ այն հանգամանքը, որ Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները խիստ անհանգստություն արտահայտեցին Գլխավոր շտաբի՝ Օնիկ Գասպարյանի և մի քանի տասնյակ բարձրաստիճան զինվորականների համատեղ հայտարարության կապակցությամբ, քանի որ նրանց ձեռնտու է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Թուրքիայի նախագահը, նրա խոսնակը, արտգործնախարարը, «Գորշ գայլեր» խմբավորման ղեկավարն իրենց խիստ անհանգստությունն էին արտահայտել՝ նշելով, որ դատապարտում են տեղի ունեցածը։ Թուրքիայի և Ադրբեջանի իշխանություններին հատկապես անհանգստացրել է ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունը, որով նրանք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը.

«ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում: ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները:

ՀՀ զինված ուժերը պատվով է կատարել իր պարտքը, իր ժողովրդի հետ ուս ուսի մարտնչել թշնամու դեմ: Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին»,- ասված էր ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարության մեջ:

Այդ է պատճառը, որ, ինչպես Փաշինյանը, այնպես էլ Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարությունը ՀՀ ԶՈՒ ԳՇ կողմից մեր երկրի կործանումը կանխող մտահոգություն-հայտարարությունն անվանում են «ռազմական հեղաշրջման փորձ»:

Գրիգոր Գրիգորյանը համոզված է՝ Հայաստանում հեղափոխություն-իշխանափոխությունը 2018-ին տեղի է ունեցել թուրք-անգլիական այս սցենարին համապատասխան: Եվ այս իշխանությունների բոլոր գործողությունները, այդ թվում՝ պատերազմում ծրագրավորված նվաստացուցիչ պարտությունը, հայ եկեղեցու, մշակույթի, կրթական համակարգի, այժմ էլ՝ բանակի նկատմամբ հարձակումները, ըստ նրա, տեղավորվում են այդ սցենարի շրջանակում:

«Հիմա էլ ուզում են կործանել բանակը»,- ասում է նա:

Անդրադառնալով ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի (ԳՇ) պետ Օնիկ Գասպարյանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ Գրիգոր Գրիգորյանն ասաց, որ ի պաշտպանություն վերջինիս՝ կանգնած է ողջ զինվորականությունը, ողջ պահեստազորը, բոլոր նրանք, ովքեր Օնիկ Գասպարյանի հրամանատարությամբ են անցել ժամկետային և պայմանագրային զինծառայության, ճանաչում են Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին: Բոլորը կանգնած են Հայոց բանակի կողքին:

Ազատամարտիկը բոլոր նրանց, ովքեր համարում են, որ բանակը մեր պետության անվտանգության երաշխիքն ու խորհրդանիշն է, կոչ արեց լինել բանակի կողքին:

««Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը» միշտ դեմ է եղել քաղաքականացվածությանը, բայց միշտ եղել է բանակի կողքին: Այսօր էլ պատրաստ ենք լինել Զինված ուժերի Գլխավոր շտաբի կողքին, կատարել նրանց ցանկացած հրաման: Պե՞տք է գնալ սահման, կգնանք սահման, այլ գործողություննե՞ր են պետք՝ կգնանք այդ գործողություններին»,- ասաց պահեստազորի գնդապետը:

Նա բոլորին կոչ արեց վաղը 13:00-ին լինել ՀՀ Պաշտպանության նախարարության մոտ, մասնակցել ի պաշտպանություն Զինված ուժերի հանրահավաքին, աջակցել Հայոց բանակին, Գլխավոր շտաբին:

«Մենք կարո՞ղ ենք ասել, որ արթնանալու ենք, և վաղը պատերազմ չի սկսվելու: Այս իշխանությունները ՊՆ-ն ու Գլխավոր շտաբն այսօր մասնատել են: Փորձում են կործանել բանակը, ինչը մենք չպետք է թույլ տանք»,- ասաց Գրիգոր Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի կողմից փորձ է արվել նույնիսկ ձերբակալել Օնիկ Գասպարյանին, ինչի համարձակությունը չեն ունեցել, ինչի պատճառով նա զայրացել է, որ իր հրահանգները չեն կատարում:

Նա համոզված է՝ Օնիկ Գասպարյանը հրաժարական չի տա:

«Ես ուղղակի այսօր հարգում եմ բոլոր այն մարդկանց, բարձրաստիճան բոլոր ուսադիր կրողներին, ովքեր գտնում են, որ ավելի լավ է հրաժարական ներկայացնեն, քան այս պայմաններում մնան ծառայության մեջ: Եթե Օնիկ Գասպարյանը հրաժարական տա, բանակից տասնյակ-հազարավոր ծառայողներ դուրս կգան: Որևէ տարբերակով Օնիկ Գասպարյանը չպետք է հրաժարական տա»,- ասաց ազատամարտիկը:

Խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին՝ պահեստազորի գնդապետն ասաց, որ մեր ժողովուրդը թերահավատ է, և հնարավոր է՝ այս անգամ էլ խաբվի կամ սրանից-նրանից փող վերցնելով՝ ընտրի:

«Նիկոլ Փաշինյանը կարող է ունենալ մինչև 20-30 տոկոս ընտրազանգված: Կարող է և չունենալ, չհավաքել այդքան ձայներ: Ունի մի կայուն զանգված, որը մի սուլոցով կարող է կանգնել իր կողքին»,- նկատեց Գրիգոր Գրիգորյանը՝ չբացառելով աղանդավորական կազմակերպությունների զանգվածի աջակցությունը Փաշինյանին և նրա թիմին:

Նա կարծում է, որ իշխանությունները ոչնչացրել են մեր կրթական համակարգը, մեր պատմությունը, տնտեսությունն ու ազգային արժեքները:

«Անվանական ասեմ: ԿԳՄՍ նախկին փոխնախարար կար՝ Արևիկ Անափիոսյան, ով ասում էր՝ զզվեցրեցիք դուք ձեր ռազմահայրենասիրական դաստիարակությամբ, և դա ասում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարարը: Նրանք մի որակով գործ են արել՝ 3 տարում քանդել են ազգայինը: 150 տարում Թուրքիան չկարողացավ մասնատել մեր ազգը, իրենք 3 տարում մասնատեցին»,- ասաց Գրիգոր Գրիգորյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս