«Այս տոտալ անօրինականության հետ առնչություն ունեցող բոլոր պաշտոնատար անձինք հայտնվելու են ՔԿՀ-ում». Միհրան Պողոսյան

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի պաշտպան Հակոբ Ենոքյանի բողոքն Առաջին ատյանի դատարանի՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշման դեմ: Արա Սաղաթելյանն ազատ արձակվեց: Նրա փաստաբանական թիմի անդամներից Միհրան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Սաղաթելյանին առաջադրված որևէ մեղադրանք հիմնված չէ հիմնավոր կասկածի վրա:

«ՀՀ-ում կատարվել է տոտալ անօրինականություն, մարդկանց քմահաճույքների պատճառով Արա Սաղաթելյանը 20.000 րոպեից ավելի, այսինքն՝ 14 օր, գտնվել է անազատության մեջ: Ես սա որպես հաղթանակ չեմ դիտարկում, դիտարկում եմ՝ որպես պայքարի սկիզբ, որովհետև հանցագործության հետ միանգամայն որևէ կապ չունեցող անձին իր բնական միջավայրից հանել և լրիվ անօրինական կարգով պահել են քրեակատարողական հիմնարկում: Վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել է, որ Արա Սաղաթելյանին առաջադրված մեղադրանքի որևէ   հոդվածով հիմնավոր կասկած առկա չէ, առաջին հոդվածով Առաջին ատյանի դատարանն էր այդպիսին արձանագրել, մնացած երկու հոդվածներով Վերաքննիչ քրեական դատարանն է այդպիսի եզրահանգման եկել, իսկ դա նշանակում է, որ Արա Սաղաթելյանը լրիվ անօրինական հիմքերով և, արդեն մամուլով հրապարակվել է, թե ի՞նչ պատճառներով, գտնվել է անազատության մեջ: Մենք այս գործով հաղթանակ կգնահատենք միայն այն պարագայում, երբ տոտալ անօրինականությունների հետ առնչություն ունեցող բոլոր պաշտոնատար անձինք, կլինի դա դատարանի նախագահ, պատվեր կատարող դատավոր, դատարանի նախագահին պատվեր տվող այլ պաշտոնատար անձ, կհայտնվեն, այս անգամ՝ լրիվ օրինական հիմքերով, քրեակատարողական հիմնարկի ներսում,  և կխորհեն այն հանգամանքի մասին, թե ինչպես է ստացվում, որ անձին՝ որևէ հանցագործության հետ առնչություն չունենալու պարագայում, ուղղակի հրահանգով ստիպում են, որ հայտնվի քրեակատարողական հիմնարկում: Այդ մարդիկ են, այդպիսի դատավորներն են, որ թույլ են տալիս գործող իշխանությանն այսպիսի վայրահաչումներ իրականացնել  ԲԴԽ նախագահի հասցեին ԱԺ-ում, ու հենց այդ պատճառով է, որ իշխանությունը՝ ցանկանալով այդպիսի «զանգվող» և «զանգող» դատավորներ ունենալ, փորձում է ԲԴԽ նախագահին իր զբաղեցրած պաշտոնից հեռացնել»,- ասաց Պողոսյանը:

Հարցին, թե իր կարծիքով՝ մեղադրող կողմը կբողոքարկի՞ Վերաքննիչի որոշումը, փաստաբանը պատասխանեց, որ չի կարող ասել, սակայն մեկ հոդվածով արդեն կորցրել է բողոքարկելու հնարավորությունը: Հիշեցնենք՝ փետրվարի 19-ին ԱԱԾ-ի «Gagik Soghomonyan» կեղծ էջը ղեկավարողի փնտրտուքների արդյունքում մի շարք ընդդիմադիր գործիչների աշխատասենյակներում տեղի էր ունեցել խուզարկություն, ապա նրանց տարել էին ԱԱԾ: Տարվածներից 4-ին՝ Արա Սաղաթելյանին, Արամ Սարգսյանին, Կարեն Բեքարյանին և Մհեր Ավագյանին, ձերբակալել էին, ապա  առաջին երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը:

«Հիմա ունենք այս վիճակը, որ Արա Սաղաթելյանի դեպքում էլ արձանագրվեց հիմնավոր կասկածի տոտալ բացակայությունը: Այսինքն՝ մենք կարող ենք առնվազն ենթադրության մակարդակով էլ հանգել այն հետևության, որ այդ անձը, ով այս պահին գտնվում է քրեակատարողական հիմնարկում, իր նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառվել է միմիայն այդ ճնշումների, զանգերի, զարտուղի ճանապարհների միջոցով, այդ անձին քրեակատարողական հիմնարկում տեսնելու ցանկությունից դրդված: Այս ամեն ինչի պատասխանատուները պետք է իրենց պատիժը կրեն, որ ՀՀ-ում այսուհետ որևէ մեկի մտքով չանցնի, որ կարելի է անմեղ անձին գոնե մի քանի ժամով, մի րոպեով ազատությունից զրկել,- ասաց փաստաբանը, ապա այսպես գնահատեց,- Աբսուրդի գագաթնակետում է գտնվում այս քրեական գործը, աբսուրդի գագաթնակետում է գտնվում առաջադրված մեղադրանքը»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս