«Որևէ դատավորի համար խնդիր է նման գործի հիման վրա կալանավորման որոշում կայացնելը». Գոհար Մելոյան

Այսօր Վերաքննիչ դատարանը քննում էր ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին կալանավորելու՝ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ փաստաբանների բողոքը: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի վաղը ժամը 16:00-ին: Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում սահմանադրագետ Գոհար Մելոյանն ասաց, որ 3 օր է՝ նախաձեռնել են ստորագրահավաք՝ ի աջակցություն Արա Սաղաթելյանի՝ պահանջով, որ նրան անհապաղ ազատ արձակեն:

«4000-ից ավելի քաղաքացիներ միացան ստորագրահավաքին, շատերը հնարավորություն չունեցան, պարբերաբար զանգեր էինք ստանում արտասահմանից, մի շարք քաղաքացիներ խնդրում էին ստորագրահավաքն էլեկտրոնային եղանակով կազմակերպել, քանի որ առողջական խնդիրներով պայմանավորված՝ չէին կարողանում գալ, միանալ: Քանի որ հրատապությունը բացակայում էր, և զուտ սիմվոլիկ առումով էլ, եթե անգամ 1000 ստորագրություն էլ լիներ, կրկին բավարար էր, որ պաշտպանական թիմին փոխանցեինք, որ անհրաժեշտության դեպքում դատարանին ներկայացնեին, թե որքան քաղաքացիներ են պատրաստ երաշխավորությամբ հանդես գալ Արա Սաղաթելյանի համար, եթե խնդիր լինի խափանման միջոցի փոփոխության»,- ասաց Մելոյանը:

Նա նշեց, որ ստորագրահավաքին միացել են քաղաքական գործիչներ, պատգամավորներ, մշակութային հայտնի գործիչներ:

«Լիահույս եմ, որ այս ստորագրությունների կարիքը չի լինի, և պարոն Սաղաթելյանը կալանքից ազատ կարձակվի փաստական հանգամանքների բացակայության հիմքով, հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, որովհետև որևէ դատավոր առհասարակ, դատավորի վարկանիշի խնդիր է նման գործի հիման վրա մարդուն կալանավորելու որոշում կայացնելը»,- ասաց Մելոյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին  ԱԱԾ-ն «Gagik Soghomonyan» կեղծ էջը ղեկավարողի փնտրտուքների արդյունքում մի շարք ընդդիմադիր գործիչների աշխատասենյակներում իրականացրել էր խուզարկություն, ապա նրանց տարել էին ԱԱԾ, այդ թվում՝  նաև Գոհար Մելոյանին: ԱԱԾ տարվածներից 4-ին՝ Արա Սաղաթելյանին, Արամ Սարգսյանին, Կարեն Բեքարյանին և Մհեր Ավագյանին, ձերբակալել էին, առաջին երկուսը դատարանի որոշմամբ  կալանավորված են:

Գոհար Մելոյանը նաև նշեց, որ նրանց առաջադրված մեղադրանքի հիմքում Քրեական օրենսգրքով նախատեսված 3 հոդված է, ընդ որում, երկու հոդվածների մասով իմպերատիվ դրույթ է առկա, որ չեն կարող միաժամանակ միևնույն անձի նկատմամբ կիրառվել, այսինքն՝ պետք է կիրառվի կա՛մ մեկը, կա՛մ մյուսը: Մյուս հոդվածը՝ 307.4-ը, նախատեսված ռազմական դրության ժամանակ տեղեկատվություն տարածելու և ստանալու սահմանափակումների համար, ՍԴ-ի կողմից կասեցվել է, այսինքն՝ մեր իրավական տիրույթում այս պահին չգործող հոդվածի հիման վրա մարդկանց մեղադրանք է առաջադրվել:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս