Գլխավոր դատախազի բողոքի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը նախադեպային որոշում է կայացրել
2019թ.-ի մարտի 14-ին հարուցված քրեական գործով Առաջին ատյանի դատարանը, դատական քննության արագացված կարգի կիրառմամբ, 2020թ.-ի հունվարի 31-ի դատավճռով «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գ. Գևորգյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը։
Դատարանը հիմնավորված է համարել, որ «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենը ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի նակին ղեկավարի դրդմամբ և երկու անձի օժանդակությամբ, վատնման միջոցով ՀՀ պետական բյուջեի՝ «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ին հատկացված միջոցներից 2011թ.-ի փետրվարից 2016թ.-ի մարտն ընկած ժամանակահատվածում հափշտակել է խոշոր չափերի՝ 2,515,490 ՀՀ դրամ գումար, իսկ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու և կեղծ փաստաթուղթ կազմելու միջոցով կատարել է պաշտոնեական կեղծիք: Դատավճռով Գ. Գևորգյանի նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք` ընդհանուր 700.000 ՀՀ դրամի չափով, կիրառվել է համաներում, և նա ազատվել է նշանակված պատժից: Նույն դատավճռով դատապարտվել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարի վարորդ Ա. Բարսեղյանը:
Դատավճռի դեմ ՀՀ դատախազությունը բերել է բողոք՝ կապված Գ. Գևորգյանի նկատմամբ հիմնական պատժի՝ տուգանքի հետ միաժամանակ լրացուցիչ պատիժ, այն է՝ որոշակի ժամկետով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը, չկիրառելու հետ:
Դատախազության իրավական դիրքորոշումը վերոնշյալի կապակցությամբ այն է, որ ՀՀ քրեական օրենսգրքի տրամաբանությունից և պատիժ նշանակելու սկզբունքներից բխում է, որ այն դեպքերում, երբ ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի հոդվածի սանկցիայով որպես հիմնական պատիժ նախատեսված է տուգանք և ազատազրկում, իսկ որպես պարտադիր լրացուցիչ պատիժ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը, այդ լրացուցիչ պատժատեսակը վերաբերելի է ինչպես տուգանքին, այնպես էլ ազատազրկմանը: Ելնելով դրանից՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախատեսված տուգանք պատժատեսակի հետ միասին պարտադիր պետք է կիրառվի նաև լրացուցիչ պատիժը՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը:
ՀՀ վերաքննիչ դատարանն իր որոշմամբ մերժել էր դատախազության բողոքը՝ օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը: Վերաքննիչ դատարանն իր այս որոշումը հիմնավորել է ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի սանկցիայի ձևակերպմամբ՝ «…պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»: Հետևաբար, ըստ Վերաքննիչ դատարանի՝ նման լրացուցիչ պատիժ կարող է նշանակվել միայն այն դեպքում, երբ հիմնական պատիժ է նշանակվում ազատազրկումը:
Այս որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանը վճռաբեկ բողոք է բերել, որն ընդունվել է վարույթ և քննության առվել: Արդյունքում, ըստ էության, համաձայնվելով ՀՀ դատախազության իրավական դիրքորոշումների հետ՝ ՀՀ Վճռաբեկ դատարանը կայացրել է նախադեպային և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի տեսանկյունից կարևոր որոշում:
Մասնավորապես, ՀՀ Վճռաբեկ դատարանը գտել է, որ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու լրացուցիչ պատժատեսակի նշանակման կարգի առումով առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Հետևաբար` բոլոր դեպքերում անհրաժեշտ է առաջնորդվել պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով՝ օրինականություն, արդարություն, պատժի անհատականացում, մարդասիրություն, և պատժի նպատակներին հասնելու օրենսդրական կարգադրանքով։
Ըստ Վճռաբեկ դատարանի՝ եթե հանցավոր արարքն իր բնույթով կապված է անձի զբաղեցրած պաշտոնի կամ նրա կողմից իրականացվող մասնագիտական կամ այլ գործունեության հետ, ապա վերոնշյալ լրացուցիչ պատժատեսակի նշանակմամբ էականորեն նվազում է հետագայում վերջինիս կողմից նույնաբնույթ հանցանք կատարելու հավանականությունը։ Այսինքն՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելն ունի կանխարգելիչ նշանակություն: Իսկ այդ լրացուցիչ պատժատեսակի իրավական կարգավորումներից ակնհայտ է, որ այն կարող է նշանակվել ինչպես ազատությունից զրկելու հետ կապված, այնպես էլ զրկելու հետ չկապված պատիժների հետ զուգակցված։
Ելնելով վերոգրյալից Վճռաբեկ դատարանն իր որոշմամբ բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի բողոքը, լրացուցիչ պատժի մասով բեկանել է ամբաստանյալ Գ. Գևորգյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության՝ հաշվի առնելով իր կողմից արտահայտված վերոնշյալ նախադեպային իրավական մեկնաբանությունները: