ԿԸՀ-ն սահմանել է քվեաթերթիկների նմուշները
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 28-ի արտահերթ նիստում սահմանել է Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների մասնակից 18 կուսակցությունների և դաշինքների քվեաթերթիկների նմուշները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այդ մասին հաղորդագրություն է տարածել։
Կուսակցությունների/դաշինքների լիազոր ներկայացուցիչներն, ըստ ցանկության, ստորագրել են նմուշների վրա։
Մայիսի 30-ից սկսվելու է քվեաթերթիկների տպագրությունը, տպագրությանը հետևել ցանկացող քաղաքական ուժերի, ԶԼՄ-ների, դիտորդների ներկայացուցիչները պետք է նախապես դիմեն ԿԸՀ։
Հանձնաժողովը սահմանել է նաև ԱԺ հերթական ընտրություններին քրեակատարողական հիմնարկներում քվեարկության սկիզբը։
Երևան-Կենտրոն ՔԿՀ (9/61 տեղամաս) քվեարկության սկիզբ՝ 17։00: Նուբարաշեն ՔԿՀ (10/56 տեղամաս) քվեարկության սկիզբ՝ 11։00: Վարդաշեն ՔԿՀ (10/57 տեղամաս) քվեարկության սկիզբ՝ 14։00: Արմավիր ՔԿՀ (14/65 տեղամաս) քվեարկության սկիզբ՝ 11։00: Վանաձոր ՔԿՀ (23/64 տեղամաս) քվեարկության սկիզբ՝ 14։00: Սևան ՔԿՀ (26/41 տեղամաս), քվեարկության սկիզբ՝ 11։00: Աբովյան ՔԿՀ (29/51 տեղամաս), քվեարկության սկիզբ՝ 15։00: Արթիկ ՔԿՀ (33/55 տեղամաս) քվեարկության սկիզբ՝ 12։00: Գորիս ՔԿՀ (34/75 տեղամաս) քվեարկության սկիզբ՝ 15։00:
Վերոնշյալ բոլոր ՔԿՀ-ներում ձևավորվել են տեղամասային ընտրական հանձնաժողովներ, քվեարկությունն ավարտվելու է 20։00-ին։ Ընտրական իրավունք չունեն դիտավորությամբ կատարված ծանր և առանձնապես ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք։



